Կարևոր իրադարձություններ

Երևանի հետ համագործակցության շրջանակներում շոշափելի արդյունքներ ենք ակնկալում․ Լիոնի քաղաքապետ

07 Մարտ, 2018 19:16
Երևանի հետ համագործակցության շրջանակներում շոշափելի արդյունքներ ենք ակնկալում․ Լիոնի քաղաքապետ

Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետ Ժորժ Քեփենեկյանը, ով այս օրերին իր գլխավորած պատվիրակության հետ պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում, վստահ է, որ իր՝ Լիոնի քաղաքապետ լինելու հանգամանքը միանշանակ ազդեցություն է ունի երկկողմ հարաբերությունների վրա: Նա այս մասին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հրավիրված ասուլիսի ընթացքում՝ հավելելով, որ Հայաստանի և Լիոնի միջև հարաբերությունները հիմնված են ամուր բարեկամության վրա, որը անհամեմատ ավելին է, քան պարզապես բարեկամությունը:

«Ես ցանկացա, որ պատվիրակության կազմում ընդգրկված լինեն այնպիսի մարդիկ, ովքեր համապատասխան բարձր պատասխանատվություն ունեն Լիոնի ղեկավարման տարբեր ոլորտներում: Այս օրերին մեր ուշադրության կենտրոնում է եղել բարձրագույն կրթության ոլորտը, ապա անհամեմատ ավելի ընդարձակ տիրույթ՝ զբոսաշրջությունը և առողջապահությունը: Ուշադրության կենտրոնում են եղել նաև քաղաքաշինությանն առնչվող հարցեր»,-ասաց Լիոնի քաղաքապետը՝ ընդգծելով, որ նման ոլորտներում, ինչպիսիք են կինոարտադրությունը, Լիոնը ևս մեծ փորձ ունի, որը նույնպես պետք է փոխանցվի Հայաստանին: Նախատեսվում է նաև համագործակցություն երկու քաղաքների՝ Երևանի և Լիոնի գրադարանների միջև, որտեղ հինգ հազարից ավելի աշխատություն է թվայնացվել:

Որպես ամփոփում՝ Լիոնի քաղաքապետը ներկայացրել է իր այցի շրջանակում ունեցած բարձրաստիճան հանդիպումները՝ ՀՀ Նախագահի, վարչապետի, Կրթության և գիտության նախարարի, Երևանի քաղաքապետի և այլոց հետ:

«Քաղաքապետի հետ հանդիպմանը թարմացվեց արդեն իսկ գոյություն ունեցող մեր համագործակցության տեքստը, մենք կփորձենք ներկայացված բոլոր ոլորտներում բոլոր ծրագրերին նոր շունչ հաղորդել ավելի շոշափելի արդյունքների գրանցման ակնկալիքով»,-ասել է Լիոնի քաղաքապետը և հավելել, որ այս այցով նոր էջ բացվեց երկկողմ հարաբերություններում:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին