Կարևոր իրադարձություններ

Հայաստանն ու Մեքսիկան նոր համաձայնագրով խրախուսում են ներդրումների իրականացումը

06 Մարտ, 2018 20:08
Հայաստանն ու Մեքսիկան նոր համաձայնագրով խրախուսում են ներդրումների իրականացումը

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Մեքսիկական Միացյալ Նահանգների միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի ստորագրմանը: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ նախագծով սահմանված են Հայաստանի և Մեքսիկայի միջև ներդրումային գործունեության ընդհանուր սկզբունքները:

«Համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում հավասարության և փոխշահավետության հիման վրա ստեղծել բարենպաստ պայմաններ երկու երկրների ներդրողների համար` նպաստելով երկու երկրներում գործարար նախաձեռնությունների խթանմանը: Համաձայնագիրը յուրաքանչյուր կողմի պետության ներդրողին երաշխավորում է լիակատար պաշտպանություն և ապահովություն, ինչպես նաև ներդրումների ընդունում` կողմի պետության ազգային օրենսդրության համաձայն»,- ասաց Կարայանը:

Նախագիծը ներառում է հոդվածներ` ներդրումների խրախուսման և պաշտպանության, վնասների փոխհատուցման, օտարման և համապատասխան փոխհատուցումների, հնարավոր վեճերի կարգավորման և մի շարք այլ դրույթների վերաբերյալ: Նախագծի առանձին հոդվածով սահմանված են նաև համաձայնագրի ուժի մեջ մտնելու, տևողության և դադարեցման պայմանները, ինչպես նաև համաձայնագրի կիրառումը:

 

Ելնելով վերոհիշյալից` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը նպատակահարմար է համարում համաձայնագրի ստորագրումը Հայաստանի Հանրապետության կողմից:

 

Լրահոս

Դիտել ավելին