Կարևոր իրադարձություններ

Գալուստ Սահակյանն անգամ չի ուզում մտածել, որ Սերժ Սարգսյանը չի ցանկանա դառնալ վարչապետ

02 Մարտ, 2018 15:30
Գալուստ Սահակյանն անգամ չի ուզում մտածել, որ Սերժ Սարգսյանը չի ցանկանա դառնալ վարչապետ

Ես գտնում եմ՝ այս պահին վարչապետի պաշտոնին արժանի է Սերժ Սարգսյանը: Այս մասին այսօր՝ մարտի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Նրա խոսքով՝ ՀՀԿ-ում այլ արժանի մարդիկ էլ կան, սակայն իր կուսակցությունը գտնում է, որ Սերժ Սարգսյանը կշարունակի իր ճանապարհը:

«Սա այն ժամանակաշրջանն է, երբ հանրապետականը իր որոշումը պիտի կայացնի, իհարկե, ես հավատում եմ, որ իր որոշումը կկայացնի էնպես, ինչպես ես նախապես ասել էի, դրա համար ես այս պահին հարմար չեմ գտնում այս իմաստով շատ երկար խոսել: Ես ինքս գտնում եմ, որ Սերժ Սարգսյանը պետք է առաջիկայում կարողանա շարունակել իր աշխատանքը, և որ ասում եք` այսօր ժողովուրդը դժգոհում է, չնայած ես դրա հետ համաձայն չեմ, պետք է մեր ժողովուրդը հնարավորություն ունենա ավելի ամուր, ամրակուռ երկիր ունենա»,- ասաց պատգամավորը:

Դիտարկմանը՝ երկրում առկա խնդիրները նախագահի վարած քաղաքականության արդյունքն է, Գալուստ Սահակյանն արձագանքեց, թե յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է նրան, ինչը ձեռք է բերել:

«Երբեք չմտածեք, որ իշխանությունները նրա համար են, որ ժողովրդի համար հստակ ճանապարհ բացեն, ժողովուրդն է իր հստակ ճանապարհը բացում, իսկ այդ ամենի համար իշխանությունները պետք է այնպես աշխատեն, որ ժողովրդի հետ միասին կարողանան այդ ճանապարհը բացել, որը սպասում ենք բոլորս»,- ասաց նա:

Գալուստ Սահակյանը հավելեց, որ այս պահին անգամ չի էլ ցանկանում մտածել, որ նախագահ Սերժ Սարգսյանը չի ցանկանա դառնալ պետության գլուխ:



 

Լրահոս

Դիտել ավելին