Կարևոր իրադարձություններ

Ավելի ու ավելի շատ եվրոպացիներ են լքում Մեծ Բրիտանիան, բայց եկողներն ավելի շատ են

23 Փետրվար, 2018 20:13
Ավելի ու ավելի շատ եվրոպացիներ են լքում Մեծ Բրիտանիան, բայց եկողներն ավելի շատ են

ԵՄ-ի այն քաղաքացիների թիվը, որոնք հեռանում են Մեծ Բրիտանիայից, հասել է վերջին տասը տարվա ընթացքում առավելագույն մակարդակի եւ անցյալ տարվա սեպտեմբերի դրությամբ կազմել 130 հազար: Այդ մասին վկայում են ազգային վիճակագրության հրապարակված տվյալները, տեղեկացնում է BBC-ին:

Դրա հետ մեկտեղ ԵՄ-ի 220 հազար քաղաքացիներ, ընդհակառակը, նույն այդ ժամանակաշրջանում, Ազգային վիճակագրական ծառայության (ONS) տվյալների համաձայն, բնակվելու են մեկնել Մեծ Բրիտանիա: Դա նշանակում է, որ Միացյալ Թագավորություն ԵՄ-ի քաղաքացիների զուտ միգրացիան, այսինքն՝ սահմանով բնակչության ներհոսի եւ արտահոսի միջեւ տարբերությունը, կազմել է 90 հազար մարդ՝ ամենացածր ցուցանիշը հինգ տարվա ընթացքում: ONS-ում հայտարարում են, որ մարդկանց մեկնելու որոշման վրա կարող էին ազդել Եվրամիության կազմից դուրս գալու Մեծ Բրիտանիայի պլանները:

Նիկոլա Ուայթը՝ ONS-ում միջազգային միգրացիայի վիճակագրության բաժնի ղեկավարը, ասում է, որ միգրացիան համալիր երեւույթ է, որը կարող է կախված լինել բազմաթիվ տարբեր գործոններից: Բրիտանացի քաղաքացիների շրջանում արտագաղթել ցանկացողների թիվը նույնպես գերակշռող է նրանց նկատմամբ, ովքեր ցանկանում են հայրենադարձվել:

Միացյալ Թագավորություն տեղափոխված ԵՄ-ի քաղաքացիների շրջանում քչացել են նրանք, ովքեր դա արել են աշխատանքի հետ կապված պատճառներով (օրինակ՝ ժամանել են աշխատանք գտնելու նպատակով): Եվրամիության սահմաններից դուրս գտնվող երկրներից ներգաղթն, ընդհակառակը, աճում է: Դա նշանակում է, որ Մեծ Բրիտանիայի բնակչությունը շարունակում է ավելանալ նույն այն տեմպերով, որոնք եղել են մինչեւ 2014 թվականը: ԵՄ-ի մեջ չմտնող երկրներից մոտավորապես 285 հազար մարդ Միացյալ Թագավորություն են ժամանել 2017 թվականի սեպտեմբերին նախորդած 12 ամսվա ընթացքում, եւ եվրոպական քաղաքացիություն չունեցող ընդամենը 80 հազար հոգի է լքել այն:

Դա նշանակում է, որ զուտ աճը կազմում է 205 հազար ներգաղթյալ՝ ամենաբարձր ցուցանիշը վեց տարվա ընթացքում: Դենի Շոուն՝ ներքին քաղաքականության հարցերով BBC-ի թղթակիցը, կարծում է, որ ամենից առաջ դա կապված է այն մարդկանց թվի աճի հետ, որոնք սովորելու են գալիս Միացյալ Թագավորություն: Լրագրողն այն կարծիքին է, մեկ այլ պատճառ կարող են դառնալ այն դժվարությունները, որոնք բրիտանական ընկերությունների առջեւ ծառանում են Եվրամիության քաղաքացիներին վարձելիս, ինչը նրանց ստիպում է թեկնածուներ գտնել ԵՄ-ի սահմաններից դուրս: Իսկ ընդհանուր առմամբ, զուտ միգրացիան, գնահատումների համաձայն, նախորդ ժամանակաշրջանի համեմատությամբ նվազել է 29 հազարով՝ կազմելով 244 հազար մարդ:

Այդ թիվը հաշվի է առնում է նաեւ բրիտանացիների միգրացիան՝ ինչպես այն 73 հազարը, որոնք Մեծ Բրիտանիա են վերադարձել արտասահմանից, այնպես էլ այն 125 հազարը, որոնք հեռացել են այնտեղից: Զուտ միգրացիայի ընդհանուր ցուցանիշն առաջվա պես զգալիորեն հետ է մնում կառավարության նախանշած նպատակից, որը խոստացել էր այդ ցուցանիշը կրճատել մինչեւ 100 հազարից ցածր մակարդակ: Այդ նպատակները պահպանողականները հնչեցրել են 2010, 2015 եւ 2017 թվականներին:

 

Լրահոս

Դիտել ավելին