Կարևոր իրադարձություններ

Պաշտպանը դատարանին միջնորդեց արդարացնել Գևորգ Սաֆարյանին և Գալուստ Գրիգորյանին

23 Փետրվար, 2018 14:00
Պաշտպանը դատարանին միջնորդեց արդարացնել Գևորգ Սաֆարյանին և Գալուստ Գրիգորյանին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում կազմակերպված խմբի կողմից ապօրինի զենք-ռազմամթերք պահելու մեջ մեղադրվող Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Հովհաննես Պետրոսյանի, Գալուստ Գրիգորյանի, Ներսես Պողոսյանի քրեական գործով այսօրվա դատական նիստին ամբաստանյալներից Գալուստ Գրիգորյանի և Գևորգ Սաֆարյանի պաշտպան Աննա Ջուվանովան ներկայացրեց վերջիններիս պաշտպանական ճառը:

Պաշտպան Աննա Ջուվանովայի խոսքով` հիմնական խնդիրներից մեկն այն է, որ իր պաշտպանյալները չգիտեն, թե ինչ գործողության համար են մեղադրվել, և ելնելով դրանից՝ չեն ընդունել իրենց առաջադրված մեղադրանքը:

Աննա Ջուվանովան նշեց, որ  իր պաշտպանյալներին առաջադրված մեղադրանքն ընդհանրական է. «Այս ամենի առկայության դեպքում նրանց մեղավոր ճանաչելը կխախտի արդար դատաքննության սկզբունքը: Գալուստ Գրիգորյանն իր ցուցմունքներում պատմել է իրականությունը, դատարանին հայտնել է այն, թե ինչ է իրականում տեղի ունեցել: Նախաքննական ցուցմունքները, որոնց հետ համեմատած՝ դատարանը հակասություններ գտավ, քննիչի կողմից ձեռք են բերվել խախտումներով, չի արձանագրվել նաև այն, թե քանի ժամ է հարցաքննվել Գալուստ Գրիգորյանը, այդ մասին Գրիգորյանը դատարանին հայտնել է: Գալուստ Գրիգորյանը չի առնչվել ենթադրյալ խմբի հետ, ավելորդ է խոսել այն մասին, թե նա նպատակ է հետապնդել մասնակցել հանցագործությունների կատարմանը»:

Պաշտպանը հայտնեց, որ իր պաշտպանյալներին առաջադրված մեղադրանքների հիմքում բացակայում են փաստական հանգամանքներն ու ապացույցները:

Պաշտպանը դատարանին միջնորդեց արդարացնել Գևորգ Սաֆարյանին և Գալուստ Գրիգորյանին. «Փաստական հանգամանքները բացակայում են, ապացույց չկա. դատարանին միջնորդում եմ արդարացնել Գալուստ Գրիգորյանին և Գևորգ Սաֆարյանին»:


 

 

Լրահոս

Դիտել ավելին