Կարևոր իրադարձություններ

Տիգրան Պետրոսյանն Աէրոֆլոտ Օփենում տոնել է 3-րդ հաղթանակը

23 Փետրվար, 2018 12:42
Տիգրան Պետրոսյանն Աէրոֆլոտ Օփենում տոնել է 3-րդ հաղթանակը

Մոսկվայում ընթացող հեղինակավոր «Աէրոֆլոտ Օփեն» միջազգային մրցաշարում իր վստահ ելույթներն է շարունակում գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը:Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Երեկ կայացած 3-րդ տուրում մեր շախմատիստը հաղթանակ է տարել Հնդկաստանի հավաքականի անդամ, գրոսմայստեր Սետուրաման Սետուրամանի նկատմամբ: Մանուէլ Պետրոսյանը ոչ-ոքի է խաղացել Հնդկաստանի հավաքականի մեկ այլ անդամի՝ 2723 գործակից ունեցող Վիդիթ Գուջրաթիի հետ: Իր պարտիան հաշտությամբ ավարտել է Գաբրիել Սարգսյանը: Ոչ-ոքի է գրանցվել նաև Հայկ Մարտիրոսյան-Արամ Հակոբյան պարտիայում, իսկ Արման Միքայելյանը և Շանթ Սարգսյանը պարտություններ են կրել:

3-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 3-ական միավորով գլխավորում են Տիգրան Լ. Պետրոսյանը և Մոլդովայի ներկայացուցիչ Վիորել Բոլոգանը:

Այսօր կայանալիք 4-րդ տուրում առաջատարները կմրցեն միմյանց դեմ: Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Արման Միքայելյանը և Արամ Հակոբյանը վաստակել են 1.5-ական միավոր, իսկ Շանթ Սարգսյանն իր ակտիվում դեռ միավոր չի գրանցել:

«Աէրոֆլոտ Օփեն»-ի A մրցաշարը աշխարհում անցկացվող ուժեղագույն բաց մրցաշարերից մեկն է: Մրցաշարի բոլոր 92 մասնակիցները կրում են միջազգային տիտղոսներ. 60 գրոսմայստեր, 27 միջազգային վարպետ, 2 կանանց գրոսմայստեր և ՖԻԴԵ-ի 3 վարպետ:

B մրցաշարում մեր մասնակիցներից առաջատարների խմբում է ընթանում Տիգրան Քոթանջյանը, իսկ C խմբում՝ Արթուր Ղարագյոզյանը: 

 

Լրահոս

Դիտել ավելին