Կարևոր իրադարձություններ

Տաքսիների համար հին մեքենաների շահագործումը կարգելվի. «Փաստ»

23 Փետրվար, 2018 09:18
Տաքսիների համար հին մեքենաների շահագործումը կարգելվի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում Հայաստանի տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հրապարակել է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծը: Ներկայացված նախագծի 1–ին հոդվածի 5–րդ կետի համաձայն՝ այն կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը, որոնք սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ցանկություն են հայտնում իրականացնել տաքսամոտորային փոխադրումներ կամ փոխարինել տաքսամոտորային փոխադրումներում ներգրավված տրանսպորտային միջոցները, պետք է փոխադրումներում ներգրավեն տվյալ ավտոտրանսպորտային միջոցների արտադրության տարեթվից հաշվարկված մինչեւ 6 տարեկան տրանսպորտային միջոցներ: 4–րդ հոդվածի 1–ին կետով էլ 2022 թվականի հունվարի 1–ից արտադրության տարեթվից հաշվարկված 6 տարեկանից բարձր տրանսպորտային միջոցների շահագործումը տաքսամոտորային փոխադրումներում արգելվում է:

«Փոխադրողների միության» նախագահ Հրանտ Եղիազարյանը նախագծում առկա փոփոխությունները մի կողմից ընդունելի է համարում, մյուս կողմից էլ՝ խնդրահարույց:

Հրանտ Եղիազարյանը «Փաստ»–ի հետ զրույցում նախ ընդգծեց, որ առաջինը պետք է մտածել ուղեւորի անվտանգության մասին:

«Վեց տարեկան արտասահմանյան արտադրության մեքենաները բավականին ամուր են եւ կարող են շահագործվել, բայց օրենքի նախաձեռնողը պետք է ապահովի նաեւ ուղեւորի անվտանգությունը: Կային օրենքներ, որոնք ժամանակին զրոյացվեցին, բայց նման բան չէր կարելի անել, որովհետեւ դրանով մենք խաչ քաշեցինք տաքսամոտորային փոխադրումներով զբաղվող թե՛ վարորդների եւ թե՛ ուղեւորների անվտանգության վրա: Այսինքն՝ այդ օրենքները զրոյացնելու արդյունքում ստեղծվեց մի իրավիճակ, երբ ամեն մարդ կարող է գնալ, լիցենզիա ստանալու համար վճարում կատարել եւ դառնալ տաքսիստ: Բայց այդպես չի լինում: Խոսում ենք ցիվիլ լինելու, եվրոպական ոճի ու փորձի մասին, բայց մենք այդ ամենի հետ ոչ մի կապ չունենք, իսկ տաքսիների մասին օրենքը «պլենդուսից» ցածր է»,– նշեց «Փոխադրողների միության» նախագահը:

Հրանտ Եղիազարյանը շեշտեց, որ եթե հիմա փորձում են կանոնակարգել ոլորտը, օրենքի նախագծում մեկ այլ կետ էլ պետք է լինի. «Այն է՝ վեց տարեկանից մեծ ավտոմեքենաները տեխնիկապես բավարար լինելու պարագայում առանձին դեպքերում կարող են ներգրավվել այդ աշխատանքներում: Այս դեպքում ամեն ինչն իր տեղը կընկնի: Իհարկե, այն պայմանով, որ եթե 6 տարեկան մեքենաները տարեկան մեկ անգամ են ստուգատես անցնում, այդ մեքենաները պետք է տարեկան երկու անգամ տեխստուգատես անցնեն»:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին