Կարևոր իրադարձություններ

Նիդերլանդների խորհրդարանը կրկին հավաստեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին. Նալբանդյան

23 Փետրվար, 2018 00:24
Նիդերլանդների խորհրդարանը կրկին հավաստեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին. Նալբանդյան

Նիդերլանդների խորհրդարանը կրկին հավաստեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին։ Այդ մասին ասել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ մեկնաբանելով Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը վերահաստատելու վերաբերյալ բանաձեւը։

«Բարձր ենք գնահատում բարեկամ Նիդերլանդների խորհրդարանում այսօր տեղի ունեցած քննարկումները եւ դրանց արդյունքում ընդունված որոշումները, որոնք աներկբայորեն վերահաստատում են դեռեւս 2004թ. Հայոց ցեղասպանության ճանաչումը։

Այս քայլով Նիդերլանդների խորհրդարանը կրկին հավաստեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին, ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործին»,- նշել է Նալբանդյանը։

Նշենք, որ Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատի անդամները հավանություն են տվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին։ Յոել Ֆորդեվինդի հեղինակած փաստաթղթերը խորհրդարանում մեծամասնության աջակցությունն են ստացել:

Միեւնույն ժամանակ, արտգործնախարարի պաշտոնակատար Սիգրիդ Կաագը նշել է, որ Նիդերլանդների կառավարությունը չի հետեւի խորհրդարանի օրինակին: Նրա խոսքով՝ կառավարությունը «շարունակելու է զսպվածություն ցուցաբերել»:

Խորհրդարանականները նաեւ որոշել են, որ կառավարության անդամը կմասնակցի ապրիլի 24-ին Երեւանում հիշատակի միջոցառումներին։

 

Լրահոս

Դիտել ավելին