Կարևոր իրադարձություններ

Դաշնակցության երկդիմի կեցվածքը. «Ժամանակ»

22 Փետրվար, 2018 10:20
Դաշնակցության երկդիմի կեցվածքը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովը քվեարկությամբ մերժեց «Ծառուկյան» դաշինք խմբակցության նախաձեռնությունը, որով խմբակցությունը առաջարկում էր հրաժարվել 2017թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ փորձարկված ռեյտինգային ընտրակարգից եւ անցում կատարել պարզ համամասնական ընտրակարգի: «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչների հիմնական հիմնավորումն այն է, որ թեեւ Սահմանադրությամբ խորհրդարանի ընտրությունները պետք է տեղի ունենան համամասնական ընտրակարգով, բայց ռեյտինգային ընտրակարգը մեծամասնական ընտրակարգի բացահայտ դրսեւորում է, որի արդյունքում խորհրդարան են հայտնվում, ոչ թե քաղաքական գործիչները, այլ նրանք, ովքեր կարողանում են փողի միջոցով ռեյտինգ գնել: Հանձնաժողովի նիստում «Ծառուկյան» դաշինքի նախաձեռնությանը կողմ քվեարկեցին հանձնաժողովի 15 անդամներից 5-ը, դեմ՝ 9-ը, ինչի արդյունքում նախագիծը մերժվեց: «Ծառուկյան» դաշինքի անդամ Տիգրան Ուրիխանյանը նիստին չէր մասնակցում: Նախագծին դրական եզրակացություն տալուն կողմ քվեարկեցին հանձնաժողովում «Ծառուկյան» դաշինքի 4 անդամները եւ «Ելք»-ի ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը, իսկ դեմ էին ՀՀԿ-ի 8 եւ ՀՅԴ-ի միակ ներկայացուցիչը: Մինչդեռ, ՀՅԴ ներկայացուցչի նման պահվածքը, մեղմ ասած, տարօրինակ էր:

Երբ «Ծառուկյան» դաշինքը նախագիծ ներկայացրեց՝ առաջարկելով փոխել ընտրակարգը, այդ նախաձեռնությունը պաշտպանեց ոչ միայն ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը, այլ, որքան էլ տարօրինակ թվա, իշխանական կոալիցիայի մաս կազմող ՀՅԴ խմբակցությունը: «Ծառուկյան» դաշինք խմբակցությունը իր նախագիծը խորհրդարան էր ներկայացրել անցյալ տարվա դեկտեմբերի 19-ին, իսկ արդեն այս տարվա փետրվարի 2-ին ՀՅԴ Բյուրոյի եւ Գերագույն մարմնի համատեղ հայտարարության հեղինակները, անդրադառնալով այս խնդրին, գրել էին. «Ընտրական օրենսգրքում վերանայել գործող տարածքային ռեյտինգային ընտրակարգը, խոշորացված համայնքներում ներդնել համայնքի ղեկավարի անուղղակի ընտրության մոդելը եւ ավագանիների ձեւավորման համամասնական ընտրակարգ:

ՀՅԴ ներկայացուցիչները ոչ միայն հայտարարությամբ էին իրենց աջակցությունը հայտնել «Ծառուկյան» դաշինքին, այլ հետագայում եւս կապվել էին դաշինքի ներկայացուցիչների հետ եւ իրենց պատրաստակամությունը հայտնել պաշտպանելու դաշինքի հիշյալ նախաձեռնությունը, առաջարկելով դառնալ նախաձեռնության համահեղինակներ: Երեկվա հանձնաժողովի նիստի ժամանակ էլ «Ծառուկյան» եւ «Ելք» դաշինքների ներկայացուցիչները, խոսելով այս նախաձեռնության մասին, ասում էին, որ դա խորհրդարանում ներկայացված չորս խմբակցություններից երեքի հավաքական դիրքորոշումն է: «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը ստեղծված իրավիճակը բնորոշեց «Կոնսենսուս հանած ՀՀԿ», նկատի ունենալով, որ մյուս երեք խմբակցությունները այս հարցում եկել են կոնսենսուսի՝ համաձայնության, եւ միայն ՀՀԿ-ն է դուրս մնացել դրանից, դեմ լինելով ընտրակարգի փոփոխությանը:

Մինչդեռ, հանձնաժողովում ՀՅԴ ներկայացուցիչ Անդրանիկ Կարապետյանը ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչների հետ համերաշխ քվեարկությունը կատարեց, այդպիսով՝ ցույց տալով, թե ինչպիսի երկդիմի քաղաքականություն է վարում ՀՅԴ-ն: Մի կողմից ՀՅԴ-ն հայտարարում է, որ կողմնակից է ռեյտինգային ընտրակարգի փոփոխությանը, մյուս կողմից՝ պետաիրավական հարցերի հանձնաժողովում ՀՅԴ խմբակցության միակ ներկայացուցիչ պատգամավորը դեմ է քվեարկում այդ նախաձեռնությանը, հանձնաժողովի նիստում որեւէ բառ չարտասանելով այդ նախագծի վերաբերյալ:

Տեղի ունեցածին տարբեր բացատրություններ կարելի է տալ, բայց ամենաիրականն այն է, որ ՀՅԴ-ն, որպես ինքնուրույն քաղաքական ուժ, դադարել է գոյություն ունենալուց եւ վերջնականապես վերածվել է ՀՀԿ-ի կցորդի: ՀՅԴ ներկայացուցիչները քվեարկում են այնպես, ինչպես քվեարկում են ՀՀԿ անդամները, եւ դա նրանց մոտ արդեն ենթագիտակցության մակարդակում է: Որովհետեւ որեւէ ՀՅԴ-ական չի կարող կողմ քվեարկել մի նախագծի, որին դեմ է ՀՀԿ-ն, որքան էլ, որ դրա մասին հայտարարած լինի ՀՅԴ Բյուրոն կամ Գերագույն մարմինը: ՀՅԴ-ականների համար այդ մարմինները այլեւս ածանցյալ են, որոշիչը ՀՀԿ Գործադիր մարմնի որոշումն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին