Կարևոր իրադարձություններ

«Գարդասիլով սկսեցին՝ խայտառակվեցին, հիմա էլ ընկել են դեղատոմսերի հետևից». «Ժամանակ»

21 Փետրվար, 2018 10:32
«Գարդասիլով սկսեցին՝ խայտառակվեցին, հիմա էլ ընկել են դեղատոմսերի հետևից». «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Եթե այս փոփոխությունն իսկապես կատարում են նրա համար, որպեսզի հիվանդն ինքնաբուժությամբ չզբաղվի, ապա միգուցե սա ինչ-որ տեղ ճիշտ է, դրական է, որովհետեւ մեր երկրում մարդիկ հարեւանից, բարեկամից կամ մեկ այլ անձից ինչ-որ դեղի անուն են լսում ու առանց տվյալ դեղի բաղադրությունը, ազդեցության դոզան, կողմնակի սիմպտոմները հաշվի առնելու՝ գնում են դեղատուն ու այդ դեղը առնում-խմում են: Այս տեսանկյունից, այո՛, սա ճիշտ որոշում է, բայց մյուս կողմից՝ այս պարագայում հիվանդը պետք է գնա պոլիկլինիկա, ստուգվի, եւ եթե կարիք կա՝ նրան դեղատոմսը տան, բայց մինչ այդ էլ հետազոտող բժիշկը հազար ու մի կաբինետ է ուղարկելու՝ ստուգումների, անալիզների եւ այլն, ինչը քաղաքացիների համար հավելյալ ծախսեր են»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց բժշկական գիտությունների դոկտոր Գարիկ Աղաբեկյանը՝ անդրադառնալով դեղերի մասին օրենքում կատարված փոփոխությանը։

Հիշեցնենք, որ հակաբիոտիկ, հորմոններ ու կոդեին պարունակող դեղեր գնելու համար 2018թ.-ի մարտի 1-ից սկսած՝ քաղաքացին այլեւս պետք է բժշկի դեղատոմս ունենա, իսկ արդեն հոկտեմբերից Հայաստանում գրանցված 4700 դեղամիջոցներից 2700-ը կվաճառվեն բացառապես բժշկի դեղատոմսով: Սա դեղերի մասին նոր օրենքի շրջանակներում կատարվող փոփոխություններից մեկն է:

Այս համատեքստում Գարիկ Աղաբեկյանը նաեւ կոռուպցիոն ռիսկեր է տեսնում՝ չբացառելով այն հանգամանքը, որ այդ դեղատոմսերը հիվանդները ոչ շատ լուրջ հիվանդությունների դեպքում կարող են պարզապես որոշակի գումարի դիմաց գնել բժշկից։

«Եթե առողջապահության նախարարությունն ուզում է պոլիկլինիկաների եւ ընտանեկան բժշկության ամբուլատորիաների դերը բարձրացնել, ապա հարց է ծագում՝ արդյո՞ք նման մեթոդով է պետք դրանց դերը բարձրացնել: Այսօր շատերը գնում են ոչ թե պոլիկլինիկաներ, այլ նեղ մասնագիտական կամ բարձր որակ ունեցող հիվանդանոցներ, այսինքն՝ հենց սրանով երեւում է, որ պոլիկլինիկաների դերը ցածր է այսօր, եւ հաշվի առնենք նաեւ, որ պոլիկլինիկաների կամ ամբուլատորիաների բուժսպասարկման որակից էլ քաղաքացիները դժգոհություններ ունեն, հետեւաբար թող առաջնահերթ այս բուժհաստատությունների մասնագիտական որակը բարձրացնեն, հետո անցնեն դեղատոմսերի»,- հավելեց Աղաբեկյանը։

Վերջինիս համար անհասկանալի է առողջապահության նախարարության նման քայլերի հաջորդականությունը։

«Գարդասիլով» սկսեցին՝ չստացվեց, հետո փորձեցին ծխելու դեմ պայքարի շրջանակներում աստղաբաշխական տուգանքներ նշանակել՝ էլի չստացվեց՝ խայտառակ եղան, հիմա էլ ընկել են դեղատոմսերի հետեւից։ Սերգեյ Խաչատրյանն ավելի լավ կանի իր ողջ գիտելիքներն ու փորձն ուղղի ընտանեկան բժշկության ոլորտը զարգացնելուն, որովհետեւ նա շատ լավ գիտի այնտեղի ողջ խնդիրները։

Երեւանում, ասենք թե, պոլիկլինիկաները քիչ թե շատ ոտքի վրա կանգնած են, բա մարզերում գիտե՞ն ամեն առումներով ինչ սարսափելի վիճակ է, թող էդ հարցերով զբաղվեն. մի՞թե այսօր մեր բժշկության ոլորտում ամենահրատապ խնդիրը հենց դեղատոմսերն էին։ Ես տեղեկություններ ունեմ, որ որոշ մարզերում արդեն երկրորդ ամիսն է, ինչ բժիշկներն իրենց աշխատավարձերը չեն ստացել, բա սրա մասին չեն մտածո՞ւմ»,- հարց բարձրացրեց նա։

Նոր օրենքի համաձայն՝ դեղատոմսում այլեւս չի գրվելու դեղի անունը, այլ գրվելու է ազդող նյութի անունը: Օրինակ՝ եթե բժիշկը նշանակում է «Ասպիրին», ապա պետք դեղատոմսում գրի՝ ացետիլսալիցիլաթթու։

Այս համատեքստում Գարիկ Աղաբեկյանն ուշադրություն հրավիրեց հետեւյալ հանգամանքի վրա. «Ես ուսումնասիրել եմ դեղերի այն ցանկը, թե որը պետք է դեղատոմսով դուրս գրվի, որը՝ առանց, եւ մի այսպիսի հետաքրքիր բան նկատեցի. օրինակ՝ Հայաստանում եւ մի քանի այլ երկրներում արտադրված «Անալգին» դեղը պետք է դեղատոմսով գնես, իսկ ռուսական արտադրության նույն «Անալգին»-ը կարող ես առանց դեղատոմսի գնել. հարց՝ ինչո՞ւ, այսինքն՝ հայկական «Անալգին»-ը պիտի դեղատոմս ունենա, իսկ ռուսականը՝ ո՞չ , որտե՞ղ է սրա տրամաբանությունը կամ թաքնված վտանգը, ընդ որում՝ սա միայն «Անալգին»-ին չի վերաբերում, մի շարք այլ նմանատիպ դեղեր եւս կան այդ ցանկում»,- ասաց նա։

Նրա տեղեկացմամբ՝ կան բազմաթիվ բժիշկներ, բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսորներ, ովքեր դեմ են արտահայտվում այս փոփոխությանը եւ անգամ պատրաստվում են առաջիկայում նաեւ բաց նամակ հղել ՀՀ նախագահին ու վարչապետին՝ այս փոփոխությունը չեղարկելու պահանջով։

«Եթե առողջապահության նախարարությունն ուզում է սրանով նաեւ դեղերի շրջանառությունը վերահսկողության տակ պահել, ապա դրա համար այլ ճանապարհներ կան, մասնավորապես՝ թող գնան հերթով դեղատները ստուգեն: Մենք ունենք իրար կողք կողքի գտնվող դեղատներ, որոնցից մեկը լիցենզավորված դեղեր է վաճառում, մյուսը ոչ լիցենզավորված դեղեր է վաճառում, եւ շատ է լինում, որ դեղը քաղաքացին առնում խմում է, կամ ներարկում են, եւ ոչ մի ազդեցություն չի ունենում. թող նման դեղերը գնան ստուգեն, էդ դեղատները վերահսկողության տակ վերցնեն, ոչ թե «Անալգին»-ի համար դեղատոմս գրել տան»,- եզրափակեց բանախոսը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին