Կարևոր իրադարձություններ

Քուրդ ապստամբներ եւ ԻՊ ահաբեկիչներ. Նարիշկինի այցի հիմնական նպատակները. «Ժամանակ»

21 Փետրվար, 2018 10:07
Քուրդ ապստամբներ եւ ԻՊ ահաբեկիչներ. Նարիշկինի այցի հիմնական նպատակները. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Փետրվարի 19-ին Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանը ընդունել էր Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի գլխավորած պատվիրակությունը: Պաշտոնապես այլ մանրամասներ այս հանդիպումից եւ դրա ընթացքում քննարկված հարցերի վերաբերյալ հայտնի չէ: Մինչդեռ Գեորգի Կուտոյանը եւ Սերգեյ Նարիշկինը կարող էին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող առնվազն երկու հարց քննարկել:

Վերջին օրերին հայկական մամուլն ավելի հաճախակի է գրում Հայաստան անցած քուրդ ապստամբների մասին: Նշվում է, որ տարբեր քաղաքներում ոստիկանությունը իրականացնում է ուժեղացված հսկողություն, բայց ԱԱԾ-ն ոչ հաստատում եւ ոչ էլ հերքում է այս տեղեկությունները: Քուրդ ապստամբների կողմից հայ-թուրքական սահմանը անցնելը նոր երեւույթ չէ, նման դեպքեր եղել են նաեւ անցյալում, երբ Թուրքիայի կառավարական ուժերի դեմ կռվող քրդերը իրենց կյանքը փրկելու համար ստիպված են եղել անցնել հայ-թուրքական սահմանը, վստահ լինելով, որ կազատվեն հետապնդումից: Բայց հիմա իրավիճակը մի փոքր այլ է, եւ դա կապված է երկու հանգամանքով: Առաջինը՝ Հայաստան անցած քրդերի քանակն է, նշվում է 50-70 մարդու մասին, իսկ սա աննախադեպ մեծ թիվ է:

Հայ-թուրքական սահմանը հսկում են ռուս սահմանապահները, եւ նրանք են պատասխանատու սահմանախախտներին բռնելու համար: Բայց սահմանախախտներին բռնելուց անմիջապես հետո ռուս սահմանապահները պարտավոր են նրանց հանձնել Հայաստանի ԱԱԾ-ին, եւ միայն Հայաստանի հատուկ ծառայություններն են իրավասու որոշել՝ ինչպես վարվել քուրդ ապստամբների հետ: Երբ խոսքը վերաբերվում է 2-3 մարդու մասին, նրանց հարցը հեշտ է լուծել, հեշտ է նրանց նորից հանձնել ռուսներին, ովքեր կարող են օգնել քրդերին կրկին վերադառնալ Թուրքիա եւ միանալ իրենց ազգակիցների պայքարին: Բայց այլ հարց է մի ամբողջ ջոկատը:

Խնդիրն ավելի նուրբ երանգներ է ստանում, եթե նկատի ենք ունենում վերջին շրջանում Թուրքիայի եւ Ռուսաստանի մերձեցումը: Եթե նախկինում Ռուսաստանը, եթե ոչ բացահայտ, ապա գոնե քողարկված աջակցում էր քրդերին, այդ աջակցությունը դիտելով որպես Թուրքիայի նկատմամբ ճնշման գործիք, ապա հիմա թուրք-ռուսական հարաբերություններն այնքան են սերտացել, որ դրանք կարելի է բնորոշել նույնիսկ դաշնակցային: Բացի այդ, այդ մերձեցումը ուղղված է քրդերի դեմ, որոնք այժմ վայելում են ԱՄՆ-ի աջակցությունը: Քրդերը Ռուսաստանին մեղադրում են դավաճանության մեջ եւ բացահայտ սպառնում են պատասխանել դրա համար, քանի որ Ռուսաստանը հունվարի 20-ին դուրս բերեց սիրիական Աֆրինում տեղակայված ռազմական ոստիկանության ստորաբաժանումները, կանաչ լույս վառելով թուրքական ներխուժման համար: Ճիշտ է, ռուսներն էլ քրդերին են մեղադրում դավաճանության եւ ԱՄՆ-ի հովանավորության տակ անցնելու մեջ, բայց դրանից խնդրի էությունը չի փոխվում. քուրդ ապստամբներն ու ռուս զինվորականները այլեւս թշնամիներ են, եւ այն հարաբերությունները եւ փոխգործակցության մեխանիզմները, որ եղել են նախկինում, այժմ չեն կարող գործել: Ռուսները դժվար թե համաձայնեն քուրդ ապստամբներին հետ ուղարկեն Թուրքիա, հասկանալով, որ դա կարող է ազդել Թուրքիայի հետ իրենց հարաբերությունների վրա: Հայաստանի համար դժվար է միայնակ որոշել՝ ինչպես վարվել մի ամբողջ ջոկատի հետ, եթե իսկապես այդ ջոկատը հանձնվել է մեր ԱԱԾ-ին: Քննարկման հարց է նաեւ այն, թե հետայսու ինչպես պետք է վարվել սահմանը անցնելու փորձ կատարող քրդերի հետ, արդյո՞ք ռուս սահմանապահները պետք է մարտի բռնվեն նրանց հետ, թույլ չտալով նրանց անցնել դեպի Հայաստան, թե պետք է շարունակեն նույն ձեւով ընդունել նրանց:

Մյուս հարցը, որը դարձյալ զգայուն է Ռուսաստանի արտաքին հետախուզության համար՝ «Իսլամական պետության» կողմնակիցների ներկայությունն է Հայաստանում: Ընդամենը մեկ շաբաթ առաջ Գյումրիում սկսվեց ԻՊ-ի հետեւորդ Արման Ջանջուղազյանի դատավարությունը, որն անցյալ տարի Գյումրիում դանակահարել էր ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողի: Ռուսները հասկանում են, որ Սիրիայում «Իսլամական պետության» ջախջախումից հետո, այդ խմբավորման մարտիկները փորձելու են վրեժխնդիր լինել Ռուսաստանից, որի ռազմաօդային ուժերի աջակցությամբ էր, որ Բաշար Ասադի ենթակա զինյալները կարողացան հաջողության հասնել: Ռուսաստանի զինվորականները բավականին հեշտ թիրախ կարող են դառնալ ԻՊ զինյալների համար: Իսկ ԻՊ-ը հավատարմության երդում տված հայերի առկայությունն ավելի դժվար է դարձնում զինյալների իդենտիֆիկացումը եւ վնասազերծումը:
Հայաստանը ակամա ներքաշվել է Ռուսաստանի եւ «Իսլամական պետության» հարաբերություններում, եւ հիմա նաեւ Հայաստանի անվտանգության ծառայությունները եւս որոշակի պարտավորություններ պետք է ստանձնեն պաշտպանելու ռուս զինվորականներին: Եվ ինչու միայն զինվորականներին, Հայաստանում քիչ չեն նաեւ ՌԴ քաղաքացի հանդիսացող քաղաքացիական անձինք:

Մի նկատառում եւս. Ռուսաստանի արտաքին հետախուզության առաջին ղեկավարները եւ այդ ծառայության հիմնադիրները եղել են հայեր՝ Յակով Դավթյանը եւ Ռուբեն Կատանյանը, ովքեր եղել են ծառայության առաջին երկու ղեկավարները: Ռուսաստանի ներկայիս ԱՀԾ-ն իրեն համարում է խորհրդային համապատասխան ծառայության իրավահաջորդը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին