Կարևոր իրադարձություններ

Ինչու՞ ԵՄ պաշտոնյանները չեն այցելում Արցախ. Եվրոպայի խորհրդարանի 16 անդամներ հարց են ուղղել Ֆեդերիկա Մոգերինին

20 Փետրվար, 2018 11:43
Ինչու՞ ԵՄ պաշտոնյանները չեն այցելում Արցախ. Եվրոպայի խորհրդարանի 16 անդամներ հարց են ուղղել Ֆեդերիկա Մոգերինին

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակը ողջունում է Եվրոպական խորհրդարանի 16 պատգամավորների նախաձեռնությունը` դանիացի պատգամավոր Անդրես Պրիմդալ Վիսթիսենի գլխավորությամբ:

Նախաձեռնության անդամները գրավոր հարցում են ուղղել Եվրոպական հանձնաժողովին և ԵՄ արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիին՝ բացատրություն պահանջելով, թե ինչու ԵՄ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հատուկ ներկայացուցիչները և ԵՄ այլ պաշտոնյաներ երբեք չեն այցելում Արցախ, թեև դրա համար ունեն բոլոր իրավական հիմքերը: Այս մասին հաղորդում է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը:

Ըստ գրասենյակի տարածած հաղորդագրության՝ պատգամավորները նաև հարցնում են, թե որքանով է ԵՄ գերագույն հանձնակատարը հաշվի առնում Արցախի ժողովրդի կարծիքը, քանի որ վերջինս վճռորոշ է խաղաղության գործընթացում:

Չնայած այն հանգամանքին, որ միջազգային իրավունքում որևէ հիմք չկա՝ Ադրբեջանը ստեղծել է, այսպես կոչված, «սև ցուցակ», որն օգտագործվում է հատկապես արևմտյան քաղաքական և հասարակական գործիչներին շանտաժի ենթարկելու և դեպի Արցախ նրանց այցելությունները կանխարգելելու նպատակով:

Արցախի ժողովրդի լիակատար մեկուսացման իր քաղաքականության մեջ Ադրբեջանի կառավարությունն օգտագործում է բոլոր հնարավոր միջոցները` փորձելով խոչընդոտել Արցախում միջազգային կազմակերպությունների ներգրավվածությանը՝ հատկապես ժողովրդավարության, կրթության և տնտեսական զարգացման ոլորտներում:

«Իհարկե, ԵԱՀԿ Մինսկի խումբը հակամարտող երկրների կողմից ընդունված միակ պաշտոնական միջնորդն է: Այնուամենայնիվ, որպես «soft power», Եվրամիությունը կարող է և պետք է անի ավելին, որպեսզի նպաստի Արցախում խաղաղության գործընթացին»,- նշել է ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետեանը:

Կարապետեանը նաև հավելել է. «Խրախուսելի է, որ Եվրամիությունը մարդասիրական և կրթական ծրագրեր է իրականացնում տարածաշրջանի հակամարտող այլ գոտիներում, ինչպիսիք են Հարավային Օսիան և Աբխազիան: Բայց մենք դեռևս որևէ բացատրություն չունենք, թե ինչու ԵՄ-ը դա չի արել Արցախում կամ ականջալուր չի եղել արցախցիների ձայնին»:

«Այն փաստը, որ քաղաքական բոլոր խմբավորումներից Եվրախորհրդարանի այսքան մեծ թվով պատգամավորներ բարձրացրել են այս հարցերը, ցույց է տալիս, որ ԵՄ օրենսդիրները ներկայումս ավելի լավ են իրազեկված Արցախի ժողովրդի ներկայիս սոցիալական ու տնտեսական մեկուսացման վերաբերյալ և սկսել են հարցականի տակ առնել ԵՄ-ի պասիվ վերաբերմունքը: Այս հարցերը նույնպես կարևոր են, որպեսզի հասկանանք, թե ինչու են Եվրամիության պաշտոնյաները խուսափում Լեռնային Ղարաբաղ այցելելուց՝ չնայած այն հանգամանքին, որ դա առաջին աղբյուրից տեղեկատվություն ստանալու լավագույն տարբերակն է»,- եզրափակել է ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի նախագահը:
ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակը կհետևի Եվրամիության գերագույն հանձնակատարի արձագանքին, որն ակնկալվում է առավելագույնը վեց շաբաթից:

 

Լրահոս

Դիտել ավելին