ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Փարքլենդ քաղաքի դպրոցականները բողոքի երթեր կկազմակերպեն Վաշինգտոնում և ԱՄՆ-ի այլ քաղաքներում՝ իշխանություններից պահանջելով խստացնել երկրում զենքի շրջանառության նկտամամբ վերահսկողությունը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Նշվում է, որ բողոքի ակցիաները նախատեսված են մարտի 24-ին:
«Մարտի 24-ին յուրաքանչյուր մեծ քաղաքում դուք կտեսնեք աշակերտների երթեր: Բախտախաղի են դրված մեր կյանքերը, վերջ ի վերջո հենց դա կբերի մեզ հաղթանակի: Մենք ցանկանում ենք դաս քաղել այդ ողբերգությունից և օգուտ բերել»,- CNN հեռուստաընկերության եթերում հայտարարել է «Մարջերի Սթուոնմեն Դուգլաս» դպրոցի աշակերտ Քեմերոն Քասկին:
Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին ԱՄՆ Ֆլորիդա նահանգի դպրոցներից մեկում 19-ամյա Նիկոլաս Կրուզը, կրակ բացելով աշակերտների ուղղությամբ, սպանել է 17 մարդու:
Կրուզի համադասարանցիներն ու ծանոթները պատմել են, որ վաղուց էին կանխատեսում այս ողբերգությունը: The Guardian-ի հաղորդմամբ, նրանք պատմել են, որ Կրուզը անկարգապահ աշակերտ էր, և նրան հենց այդ պատճառով էին հեռացրել դպրոցից: Նա միշտ էլ մեկուսացված ու տարօրինակ աշակերտ է եղել: Շատերն անգամ վախեցել են նրանից: 17-ամյա աշակերտուհի Դակոտա Մաթչլերը պատմել է, որ նախկին հրաձիգը սոցցանցերում կենդանիների սպանության մասին դաժան տեսանյութեր էր հրապարակում և տարված էր զենքի թեմայով: