Կարևոր իրադարձություններ

Հրաձիգ Հայկ Բաբայանը պատանեկան Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

19 Փետրվար, 2018 12:28
Հրաձիգ Հայկ Բաբայանը պատանեկան Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Հունգարիայի Գյոր քաղաքում երեկ մեկնարկել է հրաձգության Եվրոպայի մեծահասակների, երիտասարդների ու պատանիների առաջնությունը:

10մ օդամղիչ հրացան վարժությունում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Բաբայանը խոցել է 618,4 միավոր և 5-րդ հորիզոնականով անցել եզրափակիչ փուլ, եզրափակչում նա պահպանել է դիրքերը և նվաճել Բուենոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր: Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը: Հայկը նախորդ պատանեկան օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Հրաչիկ Բաբայանի կրտսեր եղբայրն է: Մեր մյուս ներկայացուցիչ Վրեժ Թորոսյանը խոցել է 616,8 միավոր և 8-րդ հորիզոնականով անցել եզրափակիչ փուլ, եզրափակչում մրցելույթն ավարտել է՝ զբաղեցնելով 7-րդ տեղը: Նարեկ Ադամյանը 609,7 միավորով զբաղեցրել է 22-րդ տեղը:

10մ, օդամղիչ հրացան, 40 կրակոց, աղջիկների վարժությունում Հայաստանի ներկայացուցչուհի Ալլա Պողոսյանը 414,9 միավորով զբաղեցրել է 9-րդ տեղը և տեղ չի գտել եզրափակչում:  Նույնքան միավոր է խոցել 8-րդ հորիզոնականով եզրափակիչ անցած լեհ մարզուհին:

10մ, օդամղիչ ատրճանակ վարժությունում Բենիկ Խլղաթյանը, խոցելով 561 միավոր, զբաղեցրել է 15-րդ տեղը: Հավաքական թիմում ընդգրված պատանիները կմասնակցեն նաև երիտասարդների պայաքրին:

Մարզիկները մրցելույթները կշարունակեն փետրվարի 20-ից: ՀՀ հրաձգության հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցում է գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի մարզչական ղեկավարությամբ:

Հայաստանի հավաքականը կազմված է Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Հրաձգության հանրապետական մարզադպրոցի, Զինաիդա և Յուրի Սիմոնյանների անվան հրաձգության մարզադպրոցի և Գյումրու քաղաքպետարանի հրաձգության մարզադպրոցի սաներից: Հավաքական թիմը հայրենիք կվերադառնա փետրվարի 25-ին ժամը 10:00-ին: 

 

Լրահոս

Դիտել ավելին