Կարևոր իրադարձություններ

Ճիշտ արձագանք, ճիշտ տեղում. Դավիթ Բաբայանը՝ Մյունխենում Սերժ Սարգսյանի ելույթի մասին

18 Փետրվար, 2018 18:40
Ճիշտ արձագանք, ճիշտ տեղում. Դավիթ Բաբայանը՝ Մյունխենում Սերժ Սարգսյանի ելույթի մասին

Ճիշտ արձագանք, ճիշտ տեղում. այսպես բնորոշեց Մյունխենում ընթացող անվտանգության համաժողովում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Արցախի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով վերջին շրջանում Ադրբեջանից հնչող հայտարարություններին, այդ երկրի վարած քաղաքականությանը վերաբերող Սերժ Սարգսյանի ելույթի շեշտադրումներին:

«Այն քաղաքականությունը, որը վարում է Ադրբեջանը, ահաբեկչություն է, նացիզմ: Այդպիսի քաղաքականությունը վտանգ է ամբողջ քաղաքակիրթ մարդկությանը: Ադրբեջանը հայ ժողովրդին համարում է թշնամի, նպատակ ունի ոչնչացնել հայ ժողովրդին և հայոց պետականությունը: Հաշվի առնելով, որ տարածաշրջանն ունի կարևոր աշխարհաքաղաքական և զգայուն նշանակություն, այստեղ ցանկացած պատերազմ ուզած թե չուզած ներգրավելու է նաև գերտերություններին, տարածաշրջանային պետություններին: Այդ ամենը համաշխարհային անվտանգության համար լուրջ մարտահրավեր է: Հետևաբար, պետք է անընդհատ Ադրբեջանի այս քաղաքականության մասին մատնանշել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով, այս պահին խոսվում է այն մասին, թե ինչու չի ստացվում ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Փաստերը վկայում են, որ այստեղ կա միայն մեկ խոչընդոտ՝ Ադրբեջանի ֆաշիստական քաղաքականությունը:

«Եթե երկիրն այսպիսի քաղաքականությամբ է առաջնորդվում, ապա պարզապես անհնարին է ակնկալել որևէ նորմալ կամ կառուցողական քայլ: Որպեսզի տարածաշրջանում կայունությունը, խաղաղությունը պահպանվի, որպեսզի բոլոր հարցերը կարգավորվեն, պետք է Ադրբեջանը դառնա ժողովրդվարական, Ադրբեջանը հրաժարվի այդ նացիզմից: Քանի դա չկա, որևէ բան ակնկալել ճիշտ չէ: Պետք է ամեն տեղ դրա մասին ասել, բարձրաձայնել»,-ասաց նա:

Դավիթ Բաբայանը կարևորեց ՀՀ Նախագահի այն շեշտադրումը, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծմանն ուղղված ջանքերը կարող են օրինակ ծառայել, թե ինչպես Ռուսաստանը, ԵՄ-ն և ԱՄՆ-ն կարող են դրականորեն համադրել իրենց դիրքորոշումները՝ հանուն միջազգային խաղաղության ու անվտանգության:

«Մենք ներկա փուլում տեսնում ենք ռուս-ամերիկյան հարաբերությունների բարդությունը: Նման բարդ հարաբերություն երևի չի եղել սառը պատերազմից հետո: Կարելի է ասել միակ հարթակը, որտեղ նրանք համագործակցում են, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է: Նրանք այստեղ ունեն միասնական մոտեցում, տեսլական, աշխատում են մեկը մյուսի հետ՝ որպես գործընկերներ: Այս հարթակը միգուցե ինչ-որ մի հիմք հանդիսանա հետագայում ևս այլ ուղղություններով այդ երկու գերտերությունների հարաբերությունները բարելավելու ուղղությամբ: Երկուսն էլ մեզ համար կարևոր գործընկերն են: Երկու երկրներում էլ կենտրոնացած է Սփյուռքի գերակշիռ մեծամասնությունը: Հետևաբար, մեզ համար շատ լավ կլիներ, եթե երկու երկրներն ունենային նորմալ, կայուն հարաբերություններ»,- հավելեց Դավիթ Բաբայանը:

 

Լրահոս

Դիտել ավելին