Կարևոր իրադարձություններ

Անփոխարինելի Շմայսը, կամ «շմայս» իշխանությունը. Ո՞վ կհաղթի «քուչի կռվում». «Ժամանակ»

17 Փետրվար, 2018 08:55
Անփոխարինելի Շմայսը, կամ «շմայս» իշխանությունը. Ո՞վ կհաղթի «քուչի կռվում». «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ խորհրդի անդամ Առաքել Մովսիսյանը, որը հայտնի է Շմայս անունով, զանգահարել է Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանին եւ նրա հասցեին ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիք հնչեցրել: «Սա արդեն նմանատիպ որերորդ դեպքն է: ՀՀԿ ներկայացուցիչները որոշել են մեզ քուչի կռվի մեջ ներքաշել: Հարցը շատ հստակ պատասխան պետք է ստանա: Եթե մտածում եք՝ կարող եք քաղաքակիրթ դեմքին եւ փողկապներին խաբվել, իմացեք՝ ցանկացած մարտահրավեր մենք կընդունենք»,- այսօր հրատապ հայտարարություն է արել ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Սպառնալիքները հնչել են Երեւանի ավագանու նիստում երեք օր առաջ տեղի ունեցած միջադեպի հետ կապված, երբ Ալեն Սիմոնյանը ելույթում օգտագործել է Շմայսի անունը:

Իր քրեական բարքերով հայտնի Առաքել Մովսիսյանը գործող խորհրդարանի պատգամավոր չի ընտրվել եւ ֆորմալ առումով իշխանության մաս չէ` չնայած այն հանգամանքին, որ մնում է ՀՀԿ խորհրդի անդամ:

Սակայն խնդիրը ֆորմալ հարթությունը չէ, որովհետեւ Շմայսը խորհրդանշական այն դեմքերից մեկն էր, որ մինչեւ վերջերս հրապարակային խորհրդարանական մակարդակում մարմնավորում էր իշխանությունը, նրա, այսպես ասած, հավաքական կերպարն էր: Առաքել Մովսիսյանն իրեն վերապահեց «դատավորի» կարգավիճակ եւ որոշեց իր մարդու միջոցով դաժան ծեծի ենթարկել ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին, երբ վերջինս 2014-ին անվանարկող ելույթ էր ունեցել Սերժ Սարգսյանի հասցեին:

Սարգսյանը, իհարկե, նույնիսկ թթու խոսք չասաց Շմայսի հասցեին` ըստ էության, հասկացնելով, որ երկրում, արդարադատության փոխարեն, գործում են խաղի հենց այն կանոնները, որոնցով Շմայսը հաշվեհարդար է տեսել ընդդիմադիր գործչի հետ:

Եթե պատգամավորական կարգավիճակից զրկված Առաքել Մովսիսյանն այսօր էլ հանդգնում է սպառնալ ընդդիմադիր գործչի, այն էլ անմիջականորեն, մնում է ենթադրել, որ ոչ մի «նոր ոգի» կամ «բրիտանական ժպիտ» չեն փոխել իշխանության ներսում տարիներով արմատավորված քրեական բարքերը. Շմայսի տեսակը, ըստ էության, իշխանության համար անփոխարինելի է եւ շարունակում է մնալ նրա հավաքական կերպարը:

Մյուս կողմից` իշխանության քրեականացումը հնարավոր է հաղթահարել, եթե ընդդիմությունը սահմանում է քաղաքական մշակույթի ավելի բարձր նշաձող: Երբ կոյուղաջրով ընդդիմադիր կանայք ներկայանում են Երեւանի ավագանու նիստին, նրանք իշխանության, այսպես կոչված, քաղաքական սեգմենտին դնում են խաղից դուրս վիճակում` նպաստելով համակարգային խուժանի կոնսոլիդացիային: Կամ այնքան էլ տեղին չէ, երբ Նիկոլ Փաշինյանն ակնարկում է, որ իրենք չեն վախենում իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպել անգամ «քուչի կռվում»: Հենց դրան էլ ձգտում է իշխանությունը, որպեսզի վերացնի իր եւ ընդդիմության որակական տարբերությունը, իսկ վերջինիս առաքելությունը պետք է լինի «քուչի կռվի» հոռի «մշակույթն» արմատախիլ անելը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին