Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանը Գյումրիում էր. գյումրեցիները հիշել են նրա այցը 21 տարի առաջ

13 Փետրվար, 2018 18:51
Արմեն Սարգսյանը Գյումրիում էր. գյումրեցիները հիշել են նրա այցը 21 տարի առաջ

Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածուի պաշտոնում առաջարկված Արմեն Սարգսյանը փետրվարի 12-ին այցելեց Գյումրի:

Գյումրիում Արմեն Սարգսյանի առաջին կանգառը Սբ Աստվածածին (Յոթվերք) եկեղեցին էր. աղոթքն առ Աստված հնչեցնելուց հետո, հենց եկեղեցու մուտքի մոտ լսեց թոշակառուներից մեկի՝ 80-ամյա Լեւուշ Նահապետյանի խնդիրը՝ թոշակների հետ կապված: Եկեղեցու մոտ հավաքված գյումրեցիներից շատերը, տեսնելով Արմեն Սարգսյանին, հիշում էին 21 տարի առաջ նրա՝ որպես վարչապետ Գյումրի կատարած այցը: Այդ տարիները նաև Արմեն Սարգսյանի հիշողությունից չեն ջնջվել: Հենց եկեղեցու մոտ, լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ անկեղծացավ թեկնածուն: «Ես եկել եմ Գյումրի, որպեսզի տեսնեմ ու լսեմ: ՀՀ նախագահի հետ հաջորդ հանդիպմանը պետք է քննարկենք հանրապետության նախագահի կողմից ինձ արված առաջարկը, որը որպես անհատ մեծ պատիվ է, բայց պատիվից այն կողմ, կա պատասխանատվություն: Ինչքան էլ նախագահի լիազորությունները սահմանափակ լինեն, այնուամենայնիվ, նախագահը մեծ լիազորություններ ունի՝ ոչ վարչական, այլ՝ լինելով հանրապետության նախագահ, և ես այդ պարտականությունը շատ լուրջ եմ ընդունում: Ես խնդրեցի ՀՀ նախագահին, որպեսզի ինձ առիթ տրվի քննարկել, մտածել և ծրագրել»,-իր խոսքում նշեց Արմեն Սարգսյանը:

Լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ Արմեն Սարգսյանը նաև անդրադարձավ Շիրակի մարզի խնդիրներին: «Ես գիտակցում եմ Շիրակի մարզի դժվարությունները և միշտ ցավով եմ գիտակցել դրանք: 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո Արցախի համար սկսած մեր պայքարն ինչ-որ իմաստով ստիպեց մեզ մոռանալ Գյումրին: Սա հսկայական ցավ է: 1996 թվականին երբ եկա Գյումրի որպես վարչապետ, սպասում էի, որ գյումրեցիները դառնացած պետք է դիմավորեն ինձ: Ամեն ինչի պատրաստ էի, բայց ընդունեցին ջերմությամբ, նույնիսկ տնակներ ուղեկցեցին ու հյուրասիրեցին, գյումրեցու մեծահոգության մասին է սա խոսում, սա ես երբեք մոռանալ չեմ կարող: Այս տարիների ընթացքում ես հաճախ եմ եկել Գյումրի, բայց դուք սրա մասին չեք իմացել»,-նշեց Արմեն Սարգսյանը՝ հավելելով. «Եթե նախագահ չընտրվեմ, միևնույն է՝ Գյումրին իմ սրտի մեջ տեղ ունի և շարունակելու եմ օգնել, թեև դա մեկ հոգու գործ չէ»:

Արմեն Սարգսյանը խոսել է նաեւ երկրում առկա խնդիրներից: «Մեզ համար Հայաստանից մարդկանց արտահոսքը շատ մեծ խնդիր է, նաեւ դեմոգրաֆիան, շրջաններից գալիս կենտրոնանում են Երեւանում, չնայած շրջաններում մարդիկ փայլուն են: Երկրի հարստությունը պետք է բաշխենք հավասարաչափ, բայց դա մի օրվա աշխատանք չէ, բայց անպայման պետք է հասնենք դրան»,- ասաց նա:

 

Թեկնածուի հաջորդ կանգառը Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղն էր: Այստեղ ևս հիշեցին 1996 թվականի այցը, երբ Արմեն Սարգսյանը, տեսնելով Գյումրիում տնակային ավաններն ու շփվելով հարազատներին կորցրած մարդկանց հետ, հազիվ էր զսպում իր հուզմունքը: Այցի շրջանակներում Արմեն Սարգսյանը եղավ նաև Գյումրու թիվ 21 Օյունջյան վարժարանում: Այստեղ ևս կարճ հանդիպում էր մանկավարժական հանրույթի հետ: Ավելի ուշ, Գյումրու քաղաքային կենցաղի ու ժողովրդական ճարտարապետության թանգարանում ավելի երկար քննարկում տեղի ունեցավ քաղաքի մտավորականության հետ:

Արմեն Սարգսյանը լսեց բոլորի խնդիրներն ու կարծիքները նաև առաջարկները՝ ՀՀ նախագահ ընտրվելու դեպքում այդ խնդիրները վերացնելու ուղղությամբ: Այցի ընթացքում հանդիպում տեղի ունեցավ նաև գյումրեցի վարպետների հետ: Խնդիրներ ներկայացրեցին նաև գյումրեցի դարբիններն ու շինարարները:

Արմեն Սարգսյանը Գյումրիում շրջեց, առանց մարզային ու քաղաքային իշխանությունների ուղեկցության՝ փաստելով, որ դրա կարիքը չկա, իսկ այցի մասին տպավորությունները Շիրակի մարզպետի հետ խոստացավ կիսել միայն հանդիպումներից հետո:

 

Լրահոս

Դիտել ավելին