Կարևոր իրադարձություններ

Միավորվել են Արթուր Բաղդասարյանենց հետ՝ երկրում մի բան փոխելու համար, բայց պարզվել է, որ չեն կարող նույն ձևով մտածել. «Փաստ»

13 Փետրվար, 2018 08:00
Միավորվել են Արթուր Բաղդասարյանենց հետ՝ երկրում մի բան փոխելու համար, բայց պարզվել է, որ չեն կարող նույն ձևով մտածել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթի փետրվարի 9–ին լույս տեսած թիվ 23 (275) համարում անդրադարձել էինք ՀՎԿ–ից 5 կուսակցությունների դուրս գալու մասին հայտարարությանը: Նշել էինք նաև, որ մեզ չէր հաջողվել կապ հաստատել այդ կուսակցությունների ղեկավարների հետ և այդ իսկ պատճառով էլ չէինք ներկայացրել նրանց տեսակետը:

Հոդվածի հրապարակումից հետո «Հայոց հայրենիք» կուսակցության նախագահ Անահիտ Եղոյանը արձագանքել էր «Փաստի» հոդվածին նշելով, որ իրենք կան, գոյություն ունեն, սակայն ՀՎԿ–ից դուրս գալուց հետո միայն կկարողանան որպես առանձին կուսակցություն հանդես գալ:

«Ինչպես «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն վերակազմավորվել ենք և հիմնադրել ենք «Հայկական վերածնունդ կուսակցությունը», այնպես էլ վերակազմակերպման իրավունքով կարող ենք առանձնանալ: Այդ որոշումը մենք կայացրել ենք մեր կուսակցության կենտրոնական կոմիտեում, որից հետո մյուս կուսակցությունների հետ ենք հարցը քննարկել և ապա ՀՎԿ–ից դուրս գալու մասին հայտարարություն ենք տարածել»,– ասաց Անահիտ Եղոյանը:

Փաստորեն, ընտրություններից առաջ միավորվելու որոշում կայացրած կուսակցություններն արդեն հետընտրական պրոցեսում տեսնելով, որ իրենց ծրագրերը չեն կարողանում իրականացնել, որոշել են առանձնանալ, ինչը ճիշտ քայլ են համարում: «Հայոց հայրենիք» կուսակցության ղեկավարը նշեց նաև, որ 5 կուսակցություններին ամենևին էլ ՀՎԿ–ի ֆիասկոն չի հիասթափեցրել, քանի որ ակտիվ աշխատանքի համար ամենևին էլ պարտադիր չէ պատգամավորի մանդատ ունենալ:

«Մեր կուսակցության հիմնական նպատակը խորհրդարան մտնելը չէր: Եթե այդպես լիներ, ապա ընտրություններից անմիջապես հետո կհայտարարեինք ՀՎԿ–ից դուրս գալու մասին, սակայն հիմա ենք փորձում դուրս գտալ այդ ճահճից: Մենք կարող ենք մեր ծրագրերն իրականացնել խորհրդարանից դուրս: Եվ այնպես չէ, որ ՀՎԿ–ն դուրս մնաց խորհրդարանից, մենք դա համարեցինք պարտություն և դուրս եկանք: Պարզապես, ինչպես բոլոր կուսակցությունները, այնպես էլ մենք, ունենք մեր գործելաոճը, որով էլ ցանկանում ենք առաջ շարժվել»,– ասաց Ա. Եղոյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ բոլոր 5 կուսակցություններն էլ ցանկություն ունեն վերաբացվել, բայց առանձին–առանձին գործունեություն կծավալեն, ինչպես մինչ ՀՎԿ–ի հետ համագործակցելն է եղել:

Ի դեպ, նրանք այդ մասին տեղեկացրել են նաև ՀՎԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին և սպասում են նրա որոշմանն ու ՀՎԿ–ի կողմից համագումար անցկացնելուն, որպեսզի հենց համագումարում էլ պաշտոնապես հայտարարվի իրենց որոշման մասին: Իսկ Արթուր Բաղդասարյանի կողմից նման նախաձեռնություն չդրսևորելու դեպքում, կուսակցությունները ստիպված կլինեն դիմել դատարան:

«Միայն դատարանը կարող է իր որոշումով պարտադրել, որ ՀՎԿ առաջնորդը մեզ առանձնանալու հնարավորություն տա»,– ասաց Ա. Եղոյանը:

Նա նաև նշեց, որ կուսակցությունների վերակազմավորման ժամանակ բոլոր կուսակցություններն էլ տարբեր գաղափարախոսություն են ունեցել: Եվ թեև լիբերալները, ձախերն ու սոցիալիստները փորձել են մի կողմ թողնել իրենց գաղափարախոսական տարբերությունները, սակայն մեկ կաթսայում բոլորի գաղափարները «եփել» այդպես էլ չի հաջողվել:

«Միավորվեցինք , որպեսզի կարողանանք երկրում մի բան փոխել, բայց հետո պարզվեց, որ չենք կարող բոլորս նույն ձևով մտածել: Ներկա պայմաններում մեր կուսակցության ծրագիրը, կարծում եմ, ոչ բոլորին դուր կգա, բայց մեր կողմից առաջարկվող կառավարման մոդելը գործում է Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Նիդերլանդների Թագավորությունում և կարող է երկիրը դուրս բերել ճգնաժամային իրավիճակից»,– ասաց Ա. Եղոյանը:

Թե քանի անդամ ունի «Հայոց հայրենիքը», քաղաքական ուժի առաջնորդը դժվարացավ ասել, քանի որ ՀՎԿ–ից առանձնանալու հետ կապված բոլոր հարցերը լուծելուց հետո միայն կկարողանա այդ հարցին պատասխանել:

«ՀՎԿ–ի հետ միավորվելուց հետո որոշակի տարաձայնություններ կային մեր կուսակցության ներսում: Այնպես որ, առանձնանալուց և վերաբացվելուց հետո նոր կհայտարարենք մեր անդամների և գործունեության մասին: Եվ այդ ժամանակ ոչ թե լրագրողները կհայտարարեն, որ չեն կարողանում մեր գրասենյակը գտնել, այլ ամեն ինչ կլինի պարզ և թափանցիկ»,– ասաց Ա. Եղոյանը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին