Կարևոր իրադարձություններ

Նախագահի նստավայրում տեղի են ունեցել հայ-բուլղարական բարձր մակարդակի բանակցություններ

12 Փետրվար, 2018 15:06
Նախագահի նստավայրում տեղի են ունեցել հայ-բուլղարական բարձր մակարդակի բանակցություններ

Բուլղարիայի նախագահի պետական այցի շրջանակներում Նախագահի նստավայրում այսօր նախագահներ Սերժ Սարգսյանի և Ռումեն Ռադևի առանձնազրույցից հետո կայացել են ընդլայնված կազմով բանակցություններ՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ, որից հետո տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն:

Մասնավորապես ստորագրվել են՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը, «Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև աշխատանքային միգրացիայի կանոնակարգման մասին» համաձայնագիրը, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտներում համագործակցության մասին» համաձայնագիրը, «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Բուլղարիայի Հանրապետության մշակույթի նախարարության միջև մշակույթի բնագավառում 2018-2020թթ. համագործակցության մասին» գործնական ծրագիրը:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Ռումեն Ռադևը հանդիպման արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հայտարարություններով: Հայաստանի և Բուլղարիայի նախագահները պատասխանել են նաև լրագրողներին հետաքրքրող հարցերին:

Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԶԼՄ-ների առջև՝ Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևի հետ հանդիպումից հետո

Տիկնա՛յք և պարոնա՛յք, 

Մեկ անգամ ևս ողջունում եմ Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևին և նրան ուղեկցող պատվիրակության անդամներին Երևանում: Սա Ձեր անդրանիկ այցն է Հայաստանի Հանրապետություն և այն, անշուշտ, առանցքային նշանակություն կունենա երկկողմ միջպետական հարաբերություններում` նոր լիցք հաղորդելով ամուր պատմամշակութային կապերի վրա խարսխված մեր համագործակցությանը: 

Գոհունակությամբ ուզում եմ փաստել, որ նախագահ Ռադևի հետ մեր զրույցն ընթացավ ջերմ մթնոլորտում։ Բովանդակալից քննարկում ունեցանք երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալ, անդրադարձանք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային մի շարք հարցերի։ Վերահաստատեցինք հարաբերություններն ամրապնդելու երկուստեք հանձնառությունը և պայմանավորվեցինք լրացուցիչ ջանքեր ներդնել հայ-բուլղարական երկկողմ և բազմակողմ համագործակցությանը նոր դինամիկա հաղորդելու ուղղությամբ: 

Այդ հանձնառության վկայություններն են նաև քիչ առաջ Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև ստորագրված փաստաթղթերը, որ համալրելու են մեր երկրների միջև ավելի քան 50 համաձայնագիր ներառող հարուստ իրավապայմանագրային դաշտը։ 
Անշուշտ, շնորհավորեցի իմ հարգարժան գործընկերոջը Եվրոպական միության խորհրդում Բուլղարիայի նախագահության ստանձնման կապակցությամբ՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք։ Եվրոպական միությունը Հայաստանի կարևորագույն գործընկերներից է, ուստի սա ևս մի ուղղություն է, որտեղ հայ-բուլղարական փոխգործակցությունը խորացնելու մեծ հեռանկարներ կան։ Հույս հայտնեցի, որ ԵՄ խորհրդում Բուլղարիայի նախագահությունը, ի թիվս այլ հարցերի, առաջընթաց կարձանագրի նաև Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի հարցում։ 
Բարձր գնահատեցինք մեր երկրների միջև ձևավորված սերտ համագործակցությունը միջազգային հարթակներում, որը նկատելիորեն դրսևորվում է մասնավորապես ՄԱԿ-ի կառույցներում միմյանց ցուցաբերվող աջակցությամբ։ Շահագրգռված ենք նույն ոգով շարունակելու խորացնել մեր բազմակողմ համագործակցությունը։

Իհարկե, քննարկեցինք տնտեսական ոլորտի հարցերը. գոհունակությամբ փաստեցինք, որ վերջին տարիներին երկկողմ առևտրաշրջանառության ցուցանիշները շոշափելի աճ են արձանագրել: Միաժամանակ, ներուժը շատ ավելին է, և պետք է աշխատենք տարբեր ոլորտներում, այդ թվում՝ գյուղատնտեսության, զբոսաշրջության, շատ տարբեր ոլորտներում և, իհարկե, հաղորդակցության ոլորտում նոր նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ։ Գոհունակությամբ արձանագրեցինք նաև բուլղար գործարարների հետաքրքրության աճը Հայաստանում ընդլայնելու տնտեսական հնարավորությունները․ խոսքս թե՛ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության, Հայաստան-ԵՄ համագործակցության նոր դաշտի մասին է, թե՛ երկրում ստեղծվող ազատ տնտեսական գոտիներում տրամադրվող հնարավորությունների:
Երկուստեք նշեցինք մշակութային կապերի ընդլայնման և մարդկային շփումների խրախուսման կարևորությունը: Հայ և բուլղար ժողովուրդների՝ դարերի խորքից եկող բարեկամությունը սնելն ու ամրապնդելը մեր բարոյական պարտքն եմ համարում: Ի դեպ, պարոն Ռադև, շատ ուրախ եմ, որ ցանկություն եք հայտնել այցելելու «Թումո» ստեղծարարական կենտրոն։ Լիահույս եմ, որ այցը տպավորիչ կանցնի՝ ծնելով համագործակցության նոր գաղափարներ։ 

Անշուշտ, անդրադարձանք նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին. այդ կապակցությամբ ես նշեցի, որ մեզ համար չափազանց կարևոր է մեր գործընկերների աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով ընթացող գործընթացին, ինչը համահունչ է նաև ԵՄ ընդհանուր դիրքորոշմանը։ Կարևորում ենք, որ ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը ամրագրում է ԵՄ լիարժեք աջակցությունը Մինսկի խմբի համանախագահողների գործունեությանը և նրանց կողմից առաջարկվող կարգավորման սկզբունքներին։ 

Պարոն Նախագահ, մեր հանդիպումը, իհարկե, ես գնահատում եմ արդյունավետ: Մենք հնարավորություն ենք ունենալու օրվա ընթացքում, ինչպես նաև վաղը նորից խոսելու մեր հարաբերությունների զարգացման մասին և, իհարկե, հույս եմ հայտնում, որ հայ-բուլղարական քաղաքական երկխոսությունն ու բազմոլորտ համագործակցությունը, արդեն իսկ ստեղծված նախադրյալների շնորհիվ, ավելի կընդլայնվեն և կզարգանան: Ես նաև վերահաստատեցի իմ հրավերը պարոն նախագահին՝ աշնանը մասնակցելու Հայաստանի Հանրապետությունում տեղի ունենալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, և իհարկե, մեծ հաճույքով ընդունեցի պարոն նախագահի հրավերը՝ այցելելու բարեկամ Բուլղարիա: 

 

Լրահոս

Դիտել ավելին