Կարևոր իրադարձություններ

ԼՂ խնդիրը կլուծվի միայն մեկ պարագայում, եթե Ադրբեջանը հրաժարվի իր անիրատեսական ակնկալիքներից. Սերժ Սարգսյան

12 Փետրվար, 2018 14:47
ԼՂ խնդիրը կլուծվի միայն մեկ պարագայում, եթե Ադրբեջանը հրաժարվի իր անիրատեսական ակնկալիքներից. Սերժ Սարգսյան

Ադրբեջանի նախագահական ընտրությունները ավելի վաղ անցկացնելու իրական դրդապատճառների մասին տեղյակ եմ: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ի պատասխան այն հարցին, թե արդյոք Ադրբեջանում տեղի  ունենալիք ընտրությունները կես տարով առաջ բերելու հարցը պայմանավորված է ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ։ 

Սերժ Սարգսյանն ասաց, որ չի կարծում, թե դա է իրական պատճառը։ Նախագահը նշեց, որ չի հավատում, թե Ադրբեջանում  հանկարծ անհագուրդ ցանկություն է առաջացել ղարաբաղյան հակամարտությունը հանգուցալուծելու:

«Նախկինում` նախորդ տարիներին, Ադրբեջանը բազմաթիվ հնարավորություններ է ունեցել խնդրին խաղաղ լուծում տալու, բայց, ցավոք, նրանց գործողությունները հանգեցրել են նրան, որ կարող ենք խոսել կորցրած հնարավորությունների մասին: Անկախ նրանից՝ նախագահական, թե խորհրդարանական կլինեն ընտրությունները, արտահերթ կլինեն, թե ժամկետների մեջ, Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել միայն մեկ պարագայում, եթե Ադրբեջանը հրաժարվի իր առավելապաշտական, անիրատեսական ակնկալիքներից բանակցությունների արդյունքների նկատմամբ»,- շեշտեց նախագահը։

Սերժ Սարգսյանը նշեց, որ մինչև Ադրբեջանում այդ մոտեցումից  չհրաժարվեն, շարունակեն մնալ անուրջների գրկում, զառանցեն Երևանը կամ Զանգեզուրը գրավելու մասին, խնդիրը չի կարող  լուծվել։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ադրբեջանական ԶԼՄ-ները աղավաղում են Բուլղարիայի պաշտոնական  մոտեցումը ԼՂ խնդրի կարգավորման  հարցում,նախագահն այսպես արձագանքեց.

«Ես պարոն նախագահին շնորհակալություն եմ հայտնել հավասարակշռված դիրքորոշման համար: Բուլղարիան միշտ սատարել է ԵՄ դիրքորոշումը, միշտ կողմնակից է եղել խնդրի խաղաղ կարգավորմանը: Հասկանում եմ, թե ինչու է նման հարց առաջացել ձեզ մոտ: Պատճառն այն է, որ նախագահի` Բաքու կատարած այցից հետո Ալիևը շնորհակալություն հայտնեց նրան Բուլղարիայի դիրքորոշման համար։ Դա պրովոկացիա է, որին մենք չենք ենթարկվում, մենք վստահում ենք մեր բարեկամներին»:

Սերժ Սարգսյանը հիշեցրեց, որ Եվրամիության և Հայաստանի միջև  ստորագրված փաստաթղթում հստակ կան ձևակերպումներ, հակամարտության լուծման տեսլականներ, ինչը ԵՄ անդամ երկրները վավերացնելու են, իսկ սա նշանակում է, որ ԵՄ անդամ երկրներում փաստաթուղթը ստանալու է օրենքի ուժ՝ սրանից բխող բոլոր հետևանքներով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին