Կարևոր իրադարձություններ

«Չէ, այսպես չեղավ, պարոնայք դատախազ-դատավորներ»

10 Փետրվար, 2018 11:59
Հեղինակ՝ Հրանուշ Խառատյան
«Չէ, այսպես չեղավ, պարոնայք դատախազ-դատավորներ»

Չէ, այսպես չեղավ, պարոնայք դատախազ-դատավորներ (քանի որ Հայաստանում դատավորն էլ դատախազի մի տեսակն է, երկուսի ֆունկցիան էլ նույնն է, երկուսն էլ ոչ թե պետության, այլ իշխանության ներկայացուցիչների մասնավոր շահերն են պաշտպանում), ինչ 11 տարի, ինչ 3-5-7 տարի, միանգամից ցմահ պահանջեք, ինչ անենք, որ առաջադրված մեղադրանքներն այդքանի հնարավորություն չեն տալիս, չէ՞ որ դրանք բոլոր դեպքերում կեղծ են, թե մեղաղադրանքները, թե դրանց «ապացույցները»:

Ափսոս, որ գնդակահարություն պահանջել չեք կարող, չէ՞: Ցմահ պահանջեք և պարգևներ ստացեք: Եժովը, Բերիան, Վիշինսկին, Ֆրինովսկին, Մուղդուսին ձեզնից պակա՞ս տղաներ էին՝ պետական բարձրագույն շքանշան-մեդալներով զարդարված կրծքերով: Նկարներն էլ թերթերից չէին իջնում:

Նրանցից էլ էին պահանջում, նրանք էլ էին կուսակցական իշխանության կամքը կատարում, նրանք էլ էին «գուշակում» այդ կամքը, նրանք էլ էին չեղած ապացույցներից «ապացույցներ» սարքում, նրանց կուսակցական իշխանություններն էլ էին հանցագործ (Ստալին, Բերիան, Բաղիրովը ձեզ օրինակ. Բերիան տվյալ դեպքում ձեզ մատուցվում է որպես Անդրֆեդերացիայի կուսակցական ղեկավար): Նրանք էլ էին «երկիրը մաքրում թշնամիներից՛՛, նրանք էլ հետո դատապարտվեցին որպես երկրի թշնամիներ:

Օ, ներեցեք, այս դեպքում անցյալ կատարյալը ձեզ դեռևս չի վերաբերում: Ճիշտ է, նրանք վատ վերջացրին իրենց «փառապանծ ուղին», բայց դե երկար ժամանակ նրանք էլ, գրաստ լինելով՝ նաև հեծյալ էին: Ձեր քունը ամու՞ր է, պարոնայք, ողնաշարը չի՞ ցավում տևական խոնարհված/կռացած դիրքից, սրտի առիթմիա, արագախփություն չունե՞ք: Խղճի խայթոցնե՞ր: Դե, լավ պահեք ձեզ, այս փոքր երկրում «հայրենիքի թշնամիները» շատ են, ամեն ինչ դեռ առջևում է:

 

Լրահոս

Դիտել ավելին