Կարևոր իրադարձություններ

Ո՞վ է կեղծել Արա Աբրահամյանի կնոջ ստորագրությունը. «Ժամանակ»

10 Փետրվար, 2018 09:31
Ո՞վ է կեղծել Արա Աբրահամյանի կնոջ ստորագրությունը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին պատկանող vesti.am կայքն այսօր հրապարակել է փաստաբան Ալեքսանդր Կառաֆելովի ծավալուն պարզաբանումը, որտեղ վերջինս անդրադառնում է «2 НК» ԲԸ բաժնետերերի միջեւ վեճին։ Հիշեցնենք, որ ընկերության 50 տոկոս բաժնեմասը պատկանում է ռուսաստանահայ գործարար Ռուբեն Գրիգորյանին, մյուս 50-ը՝ պաշտոնապես Արա Աբրահամյանի կնոջը՝ ԱՄՆ քաղաքացի Նատալյա Աբրահամյանին։ Ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Յուրի Սեմյոնովն ահազանգում է, որ Աբրահամյանը ապօրինի միջոցներով եւ շահարկելով իր ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մտերմությունը, այժմ փորձում է տնօրինել ընկերության ողջ բաժինը։ Իր հերթին փաստաբան Կառաֆելովը հրապարակայնորեն հերքում է այդ հանգամանքը, ավելին՝ պնդում, որ Նատալյա Աբրահամյանի ստորագրությունը կեղծված է.

«Բաժնետեր Նատալյա Աբրահամյանը բազմաթիվ տարիներ փորձել է իր համար բաժնետիրոջ իր իրավունքներն իրականացնելու հնարավորություն ստանալ, սակայն մշտապես բախվել է կոշտ դիմադրության: Գրիգորյանն ու Գորինովը, քողարկվելով թվացյալ բարեկերպության շղարշի տակ, հասանելի չեն դարձրել ընկերության փաստաթղթերը եւ տեղեկությունները: Միայն մեծ ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ հետաքննությանը եւ դատախազությանը կատարված հանցագործությունների վերաբերյալ բավարար ապացույցներ ներկայացնել եւ նրանց ուշադրությունը հրավիրել խնդրին: Ես հույսով հետեւում եմ իրավիճակի զարգացմանը, բայց ժամանակից շուտ չեմ գայթակղվում դրա լուծմամբ, քանզի լավ հասկանում եմ՝ ինչպիսի մարդիկ են ներկայացնում կոնֆլիկտի հակառակորդ կողմը, ինչ մեթոդներով են պատրաստ շահարկել եւ ինչ միջոցների են ընդունակ, որպեսզի խուսափեն պատասխանատվությունից»,- նշված է Կառաֆելովի հայտարարության մեջ։

Իր հերթին Յուրի Սեմյոնովը «Ժամանակ»-ի հետ զրույցում բացարձակ հերյուրանք որակեց Կառաֆելովի հայտարարությունները. «Ինքը հանդես է եկել հայտարարությամբ ու նշում, որ գործով սկսել է զբաղվել 2016 թվականից, բայց շարադրել է 20 տարվա վաղեմության փաստարկներ։ Ինքը նշում է ինչ-որ փորձագիտական եզրակացության արդյունքներ, որոնք հենց իրենք են անցկացրել։ Բայց դուք հասկանում եք, որ փորձագիտական հետաքննությունն անցկացվում է դատարանի կամ համապատասխան այլ մարմինների հրահանգով։ Երկար տարիների ընթացքում Նատալյա Աբրահամյանը իր ներկայացուցչի ջանքերով պարզապես արգելակել է որոշումներ կայացնելու հնարավորությունը․օրինակ՝ մենք աուդիտ ենք պահանջել, իրենք դա մերժել են։ Այս դեպքում փաստաբանը հղում է անում իր սեփական հաշվարկներին, մինչդեռ հաշվարկները պետք է աուդիտը պարզեր»,- ասաց Սեմյոնովը։

Ինչ վերաբերում է փաստաբանի այն հայտարարությանը, թե կեղծվել է Արա Աբրահամյանի կնոջ՝ Նատալյա Աբրահամյանի ստորագրությունը, մեր զրուցակիցն ասաց. «Դա երեւի հենց իրենք էլ կեղծել են։ Իրենք են բերել այդ ստորագրությունը, իր պաշտոնական ներկայացուցիչը։ Ինքն ասում է՝ ստորագրությունը կեղծված է, ես էլ պնդում եմ, որ ստում են։ Այդ ստորագրության կեղծ լինելը պետք է փորձագիտական եզրակացությունը ցույց տար, ինչից են վերցրել, որ այդ ստորագրությունը կեղծ է, եթե կեղծ է, ապա տրամաբանորեն հենց միայն իրենք կարող էին կեղծել, ոչ թե մենք, ու հենց իրենց պետք է ենթարկել քրեական պատասխանատվության»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին