Կարևոր իրադարձություններ

Խրոնիկ հարբեցողներին փոխարինելու են գալիս ռեալ վկաներ. «Փաստ»

10 Փետրվար, 2018 08:00
Խրոնիկ հարբեցողներին փոխարինելու են գալիս ռեալ վկաներ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս՝ փետրվարի 6–ին, տեղի է ունեցել Անդրիաս Ղուկասյանի գործի վերաբերյալ հերթական դատական նիստը: Եվ ինչպես նրա կինը՝ Անահիտ Թարխանյանն է փաստում, դրական փոփոխություններ կարելի է արձանագրել: Վերջին դատական նիստին մեղադրական կողմի վկաներից մեկի ցուցմունքը ներկայացրեց իրականությունը:

Մեղադրական կողմն ունի 48–ից ավելի վկաներ, որոնց մեծամասնությունը ոստիկաններ են: Նրանցից միայն 11–ն են ներկայացել դատարան և վկայություն տվել: Սա ըստ Թարխանյանի՝ իր մեջ խորհուրդ է պարունակում: Նա կարծում է, որ մեղադրական կողմի մոտ ամեն ինչ այդքան էլ սահուն չէ ընթանում: Շեշտում է, որ մեղադրողի կողմից ներգրավված ոստիկանները Անդրիասի մասին որևէ տեղեկություն չէին տալիս, նույնիսկ չէին տեսել նրան և տարօրինակ էր իրենց ներկա լինելը դատարանում: Իսկ վերջին վկայի վկայություններն ըստ մեր զրուցակցի՝ սարսափելի էին, որովհետև առաջին անգամ անցած մոտ երկու տարվա ընթացքում փաստացի խոսվեց, թե ինչ է իրականում կատարվել այդ օրը Սարի թաղում:

«Ներկա էին լրագրողներ, Եվրամիության, Բրիտանական դեսպանտան ներկայացուցիչներ: Մենք չէինք կարող զսպել մեր արցունքները, որովհետև վկան պատմում էր, թե ինչպես առանց նախազգուշացման ոստիկանությունը սկսել էր կրակել խաղաղ ցուցարների վրա՝ այրելով հատուկ միջոցները: Նրանք ոչ թե վերև էին պահում, այլ մարդկանց վրա և ինչպես էր դա մաշկը վառում: Հետո այդ վիրավոր մարդկանց «անհայտ մարդիկ» մահակներով ծեծի էին ենթարկում: Կարելի է հարձակվել առողջ մարդու վրա, բայց վիրավորին այդպես բարբարոսաբար վերաբերվել՝ մանավանդ հայաստանցին հայաստանցու նկատմամբ, պարզապես անսպասելի էր»,– ասաց նա:

Թարխանյանը նաև տեղեկացրեց, որ շուտով գալու են Անդրիասի, պաշտպանական կողմից ներգրավված վկաները, և դատական այս պրոցեսը շատ բացահայտումներ կբերի:

«Փաստի» հարցին, թե դրական տեղաշարժեր տեսնո՞ւմ է այս գործում, Թարխանյանը պատասխանեց, որ արդեն սկսվել են ռեալ վկաների ցուցմունքները՝ նախկին անառողջ բուժում անցած կամ խրոնիկ՝ չորրորդ աստիճանի ալկոհոլային կախվածություն ունեցող մարդկանց ցուցմունքների փոխարեն:

«Նրանք վկայություն էին տալիս, որ տեսել են Անդրիասին քարեր շպրտելուց, բայց չեն հիշում, թե որտեղ ու ինչպես: Միայն այդ արտահայտությունն էին կարող կրկնել, և դրա հիման վրա կառուցված էր մեղադրական կողմի՝ Անդրիասի այս երկու տարվա ձերբակալությունը: Իսկ հիմա գալիս են ռեալ վկաներ, ովքեր խոսում են ոչ միայն Անդրիասի մասին, այլև վկայություն են տալիս, թե ինչ տեղի ունեցավ իրականում:

Չգիտեմ ինչպես կընթանա դատական պրոցեսը, բայց այն, որ մեղադրական կողմը կամ դատավորը չեն կարող խուսափել նոր վկաներից ուրախալի է: Իհարկե ցավալի է, որ երկու տարի շարունակ անմեղ մարդը միայն նրա համար, որ քննադատում էր կառավարությանը, գործող իշխանությանը, այսօր ձերբակալված է: Սա պարզապես քաղաքական հաշվեհարդար է»,– ասաց Թարխանյանը:

Նա նաև նշեց, որ Անդրիասի գործը եվրոպական բոլոր պետությունների և բոլոր դեսպանատների ուշադրության կենտրոնում է գտնվում: Նրանց ներկայացուցիչները արդեն 1–1,5 ամիս է պարտադիր գալիս են դատական նիստերին:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին