Կարևոր իրադարձություններ

«Գիտուն» ՍՊԸ-ն աշխատակիցների մի քանի ամսվա աշխատավարձը չի վճարել

14 Հոկտեմբեր, 2015 17:25
«Գիտուն» ՍՊԸ-ն աշխատակիցների մի քանի ամսվա աշխատավարձը չի վճարել

Armtimes.com-ը գրում է. 

Երեխաների եւ հմտությունների զարգացման «Գիտուն» կենտրոնի հիմնադիր Աննա Գալստյանը մոտ երեք ամիս է չի վճարում կենտրոնի մի քանի աշխատակիցների աշխատավարձերը: Այս մասին մեզ ահազանգեց աշխատակիցներից Լուսյա Մարգարյանի որդին՝ «Նարվա» շախմատի դպրոցի հիմնադիր տնօրեն Նարեկ Վարազդատյանը:

Նա պատմեց, որ «Գիտուն» ՍՊԸ-ն, որը Աննա Գալստյանը հիմնադրել եւ ղեկավարել է, չի կատարել աշխատանքային պայմանագրով սահմանված պարտավորությունները եւ Լուսյա Մարգարյանին չի վճարել երեք ամսվա աշխատավարձը՝ ընդհանուր 150 հազար դրամի չափով:

Լուսյա Մարգարյանը մանկավարժ է: Նրա պարտականություններն է եղել կենտրոն հաճախող առաջինդասարանցիներին օգնել դասապատրաստման հարցում, որի դիմաց պետք է ստանար 50 հազար դրամ ամսական աշխատավարձ: Լուսյա Մարգարյանը բարեխղճորեն աշխատել է, սակայն «Գիտուն» ՍՊԸ-ն նրան երեք ամսվա աշխատավարձ՝ հուլիս, օգոստոս եւ սեպտեմբեր ամիսների համար, պարտք է մնացել:

Աննա Գալստյանը, ըստ Նարեկ Վարազդատյանի, ամեն անգամ ասում է՝ այսօր, վաղը, շուտով գումար եմ ունենալու՝ կվճարեմ եւ այլն: Ժամանակն անցնում է, սակայն «Գիտուն» ՍՊԸ-ն աշխատակցի աշխատավարձը չի վճարում:

Զրուցեցինք ընկերության հետ ֆինանսական խնդիր ունեցողներից եւս մեկի՝ Հայկանուշ Քոթանջյանի հետ: Նա պատմեց, որ Աննա Գալստյանը երկու ընկերություն է ունեցել, որից մեկը՝ «Էություն»-ը, որտեղ Քոթանջյանն աշխատել է, փակվել է: «Էության» փակումից հետո Քոթանջյանի հաստիքը տեղափոխվել է «Գիտուն» ընկերություն, որի փակվելուց հետո նրա աշխատավարձի պարտքը կազմել է 80 հազար դրամ, իսկ ահա Աննա Գալստյանը մեկ այլ թիվ է պնդում՝ 60 հազար դրամ: «Ես գիտեմ, որ ինձ պարտք է 80 հազար դրամ, բայց Աննան ասում է, որ ոչ՝ 60 հազար: Երկու ամիս ինձ աշխատավարձ չի վճարել: Հիմա աշխատանքային գրքույկս իր մոտ է, եւ տեղյակ էլ չեմ, թե ինչ է այնտեղ գրված»,-ասաց Հայկանուշ Քոթանջյանը:

Լուսյա Մարգարյանը հայց է պատրաստել եւ հավանաբար հենց վաղը այն կներկայացնի դատարան: Հայկանուշ Քոթանջյանը չբացառեց, որ ինքն էլ կարող է դատարան դիմել եւ դատական կարգով ստանալ իր հասանելիք աշխատավարձը:

Աննա Գալստյանի հետ զրուցեցինք նրա նոր աշխատայրում՝ կրկին մանկական զարգացման կենտրոնում, որը հիմնել է «Գիտուն պլյուս» ընկերությունը: Այս մի ընկերության հետ Աննա Գալստյան հիմնադրման հետ Աննա Գալստյանը որեւէ առնչություն չունի, պարզապես այստեղ ծրագրերի իրականացնող է աշխատում: Նա ասաց, որ «Գիտուն» ՍՊԸ-ն չի գործում, եւ ինքը ոչ միայն աշխատավարձերի, այլեւ հարկային չկատարած պարտավորություններ ունի: Աննա Գալստյանը նշեց, որ ինքը աշխատավարձ է պարտք է Լուսյա Մարգարյանին ու եւս երկու աշխատողների, որոնք այս պահին շարունակում են իրենց գործունեությունը արդեն նոր կենտրոնում՝ «Գիտուն պլյուս» ՍՊԸ-ում: Հայկանուշ Քոթանջյանի պարտքի մասին նա չխոսեց:

«Ես չեմ հրաժարվում պարտքից, բայց ներկայումս այն վճարելու հնարավորություն չունեմ: Ես ներդրումներ անելով ընկերությունում, մեկ ամիս մինուսով եմ աշխատել, ունեցել եմ ֆինանսական խնդիրներ եւ ինքս էլ չէի ցանկանա, որ այսպես ստացվի: Լուսյա Մարգարյանին շատ եմ հարգում եւ մեծ հաճույքով եմ աշխատել նրա հետ: Շատ լավ մասնագետ է: Եվ ինձ համար նույնպես տհաճ է, որ նրա աշխատավարձը չեմ կարող վճարել: Բայց չեմ հրաժարվում: Գումար կճարեմ եւ կվճարեմ»,-ասաց Աննա Գալստյանը:

 

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին