Կարևոր իրադարձություններ

Կանցկացվի ազգային ավանդական ուտեստի փառատոն

14 Հոկտեմբեր, 2015 16:56
Կանցկացվի ազգային ավանդական ուտեստի փառատոն

Արագածոտնի մարզի Նոր Արթիկ համայնքում հոկտեմբերի 17-ին կանցկացնի «Էրգրի համի հիշողություն» խորագրով հայ ազգային ավանդական ուտեստի փառատոն: Մարզի ծայրամասային այս համայնքում փառատոնն անցկացվում է արդեն երրորդ անգամ, որը նպատակ ունի նաև նպաստել համայնքում և տարածաշրջանում մշակութային կյանքի աշխուժացմանը: Այս մասին հայտնում են մշակույթի նախարարությունից:

«Էրգրի համի հիշողություն» խորագրով հայ ազգային ավանդական ուտեստի փառատոնն այս տարի նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Եղեռնից մազապուրծ եղածների ժառանգները երիտասարդ սերնդին են փոխանցել ազգային ավանդույթները, այդ թվում նաև՝ կենցաղավարությունը, ազգային ուտեստի պատրաստման եղանակները, բաղադրատոմսերը, տոնածիսական և առօրյա սննդատեսակների, հյուրասիրության հետ կապված բանահյուսական նշխարքներ: Նախապատրաստական փուլում տարբեր համայնքներում երիտասարդների ուժերով հավաքվել են ավանդական ազգային ուտեստների բաղադրատոմսեր, որոնք տեղ կգտնեն ծրագրի արդյունքում տպագրվող «Էրգրի համի հիշողություն» խորագրով հայ ազգային ավանդական ուտեստը ներկայացնող գրքում:

Փառատոնի ընթացքում մարզի 11 համայնքներ կներկայացնեն մեր ազգային ինքնության բնութագիր հանդիսացող առօրյա և տոնական, սիրված սննդատեսակներ, նաև առանձին սննդատեսակների պատրաստման արարողակարգ, հայ ազգային ավանդական ուտեստների ցուցադրում, հյուրասիրություն: 

Տարբեր անվանակարգերում լավագույնը ճանաչված համայնքներին, կրթական կամ հասարակական կազմակերպություններին կշնորհվեն մրցանակներ:

Տոնական միջոցառման ընթացքում ներկայացվելու են ազգային ավանդական երգեր և պարեր, ազգային խաղեր: Մասնակիցները հնարավորություն կունենան ներկա գտնվելու հայ ազգային ավանդական տարազների ցուցադրմանը, կտրվի տարազներով լուսանկարվելու հնարավորություն:

Փառատոնը կազմակերպվում է «Աշտարակի տարածաշրջանի կանանց ասոցիացիա» ՀԿ-ն մշակույթի նախարարության աջակցությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին