Կարևոր իրադարձություններ

Գողականի հետ կապերով դիվանագետը, եկեղեցական հագուստով պաշտպանության նախարարը, բրիտանացի որդիներով Հայաստանի չորրորդ նախագահը. TOP 10

28 Հունվար, 2018 16:00
Գողականի հետ կապերով դիվանագետը, եկեղեցական հագուստով պաշտպանության նախարարը, բրիտանացի որդիներով Հայաստանի չորրորդ նախագահը. TOP 10

Պարզվում է՝ Հայաստանում լայնորեն քննարկվելու համար պետք է ապրել Լոնդոնում։ Հայաստանի առաջին երեք պաշտոնները զբաղեցնելու համար պետք է ունենալ Սարգսյան ազգանունը։ Հայաստանում սիրված լինելու համար պետք է մահանալ կամ լինել մահամերձ։ Եվ այսպես, 2018 թվականի հունվարի ամենաքննարկված մարդիկ են.

 

1.Արմեն Սարգսյան

Այս տասնյակի առաջին համարը շուտով կդառնա Հայաստանի նախագահներից չորրորդը։ Անգլիայից կրկին վերադարձող նախկին վարչապետը կլինի հայոց առաջին նախագահը, ով կունենա Անգլիայի թագուհու կարգավիճակ։ Մարդիկ հիմնականում դրական ընդունեցին նրա թեկնածությունը և ակտիվորեն քննարկեցին նրա տպավորիչ կենսագրությունը, սակայն շատ տխրեցին իմանալով, որ իրենց հաջորդ նախագահի որդիներին այնպես են մեծացրել, որ նրանք իրենց համարում են ոչ թե հայ ու հայաստանցի, այլ բրիտանացի։

 

2.Հենրիխ Մխիթարյան

Հայ ազգի ամենամեծ հպարտությունը «Մանչեսթեր Յունայթեդ»-ից տեղափոխվեց «Արսենալ», և հայությունը կրկին իր ողջ սերն ու ուշադրությունը սևեռեց իր լավագույն ֆուտբոլիստի վրա։ Նախորդ տարի լավագույն տասը մարզիկներից առաջինը ճանաչված Միկին նախ քննարկվեց իր արդեն նախկին մարզչի թույլ տված բազում անարդարությունների համատեքստում, իսկ հետո արդեն՝ «Արսենալ»-ում փառահեղ ընդունելության արժանանալու կապակցությամբ։

 

3.Սերժ Սարգսյան

Նա ամենևին հեռացող քաղաքական գործչի տպավորություն չի թողնում։ Թևերը քշտել ու նոր ավյունով մասնակցում է բոլոր պետական միջոցառումներին, ընդունում ու իր թրի տակ է պահում բոլոր իշխանավորներին, Անգլիայից իր համար չորրորդ նախագահ է բերում, հանդիպում  և երկարատև ծրագրեր է քննարկում Ֆրանսիայի նախագահի հետ, իսկ վերջում էլ գնում  է ԵԽԽՎ և թուրքերի պորտն այնպես է տեղը դնում, որ արժանանում է ֆեյսբուքյան հազվագյուտ դրվատանքի։ Իրեն չսիրողները ֆեյսբուքյան այս վերջին դրական ալիքից պարզապես հիստերիայի մեջ են, իսկ նրա հեռացմանն անհամբեր սպասողները հասկանում են, որ նա ապրիլին չի հավակնի վարչապետի պաշտոնին, բայց նրան շատ կխնդրեն ու մի կերպ կհամոզեն նորից  դառնալ վարչապետ։

 

4.Վիգեն Սարգսյան

Տարվա հենց առաջին օրերին մարդիկ այնպես զարմացան, ասես երբեք չէին տեսել եկեղեցական շորերով պաշտպանության նախարար։ Այնուհետև հանրությունը ցնցվեց, երբ պաշտպանության նախարարն անձամբ Ֆեյսբուքով վիրավորված զինվորի համար դրամահավաք սկսեց։ Երկու դեպքում էլ Վիգեն Սարգսյանը ոչ մի վատ բան չէր արել, սակայն նա որոշակի իմիջային կորուստ ունեցավ, ինչի մեղավորը ոչ թե մարդամոտ, ազատամիտ ու փոքր-ինչ էմոցիոնալ նախարարն էր, այլ նրա նորելուկ մեդիա խորհրդատուները։

 

5.«Ճվճվ Արոյի» որդիներ

Մարդիկ ցնցվեցին տեսնելով, թե ինչպես այս տարօրինակ մականվամբ մարդու որդիների ավտոմեքենան մեծ արագությամբ մխրճվեց ոստիկանական մեքենայի մեջ։ Այս ողբերգության արդյունքում զոհվեցին երկու ոստիկան, ինչի պատճառով վրդովված հանրությունը հիշեց, թե այս երիտասարդները քանի՛ անգամներ են թույլ տվել ճանապարհային կանոնների լկտի խախտումներ։ Նման վարորդների անպատժելիությունը էլ ավելի քննարկելի դարձրեց այս երիտասարդներին ու նրանց աններելի արարքը։

 

6.Ռոբսոն (Ռուբեն Թաթուլյան)

Քրեական հեղինակությունների հետ կապերի և նրանց ֆինանսավորելու համար ԱՄՆ սև ցուցակում հայտնված մեր հայրենակիցը պարզվեց՝ Հայաստանի դիվանագիտական անձնագիր ունի։ Այդ ամենից հետո բազմաթիվ հայերի Սոչիում օգնող մարդն իր հայրենիքում քննարկվեց բացասական լույսի ներքո, իսկ մեդիա դաշտի նրա ընկերները ոչ մի կերպ չաջակցեցին նրան։ Ռոբսոնն էլ հարցազրույց տվեց «սոչինսկի» մի բլոգերի և հայտարարեց, որ եղել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի խորհրդական։ Այդ հարցազրույցից հետո բլոգերը ձերբակալվեց, իսկ ԱԳՆ-ն էլ փորձեց հարցը լղոզել ու մոռացության մատնել։

 

7.Սեյրան Սարոյան

Հայաստանի վերջին համով ու սրախոս պատգամավորի ասածները քննարկելով՝ երկիրը փակեց 2017-ը և սկսեց իր նոր քաղաքական տարին։ Հ1-ի «Լավ երեկո»-ին հյուր գնացած գեներալը խոսեց աղջիկների նամուսը պահելու մասին, իսկ ԱԺ-ում լրագրողների միակ ուրախությունը մնացած Սարոյանը իր նուրբ հումորով և անկեղծ վրդովմունքով պաշտպանեց թե՛ պաշտպանության նախարարի ծրագրերը և թե՛ հայկական բանակի պատիվը։

 

8.Արմեն Բիլյան և Սմբատ Բարսեղյան

«Ծասնա ծռեր»-ից այս երկուսը լուրջ անհանգստություն ու տագնապ առաջացրին իրենց համակիրների շրջանում, քանի որ երկարատև հացադուլով վտանգի տակ դրեցին իրենց կյանքը։ Բարեբախտաբար, նրանք դադարեցրին հացադուլը, և նրանց կյանքը փրկվեց, սակայն նրանց պահանջներն այդպես էլ չկատարվեցին, իսկ հանրությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե որքան անտարբեր է կալանավորների խնդիրների ու մարդասիրական աղետների նկատմամբ։

 9.Շուշան Պետրոսյան

Նա իր պաթետիկ հայրենասիրական ելույթով պայթեցրեց ԱԺ ամբիոնն ու համացանցը։ Ասվածի մեջ հատուկ մի բան չկար, պարզապես մարդիկ հոգնել են նույնիսկ ամենահայրենասեր ու զինվորասեր իշխանականներից, ովքեր սեփական կուսակիցների աչքի գերանները հանելու փոխարեն ընկել են հանրության աչքի չոփի ու երբեմն էլ աչքի հետևից՝ փորձելով կրթել օր օրի աղքատացող մարդկանց, ում պարբերաբար կրտում են նրանց իսկ կուսակից օլիգարխները։

 

10.Սարգիս Հացպանյան

Գնա մեռի, արի սիրեմ։ Հայ ազգն ու իր Ֆեյսբուքը կրկին սազն առան և վերջապես հիշեցին հայրենիքի համար կռված այս մարդուն, ով գրեթե մոռացության մեջ անցկացրեց ազատազրկման իր երկար ու ձիգ տարիները և էլ ավելի անուշադրության պայմաններում ապրեց բանտից ազատվելուց հետո։ Գոնե հետմահու հիշեցին ու քննարկեցին Հացպանյանին և իր վաստակը։

 

Լրահոս

Դիտել ավելին