Կարևոր իրադարձություններ

Ինչ նրբերանգներ կարող է մտցնել նոր նախագահը ՀՀ արտաքին քաղաքականության հարցում. «168 Ժամ»

23 Հունվար, 2018 08:28
Ինչ նրբերանգներ կարող է մտցնել նոր նախագահը ՀՀ արտաքին քաղաքականության հարցում. «168 Ժամ»

ՀՀ չորրորդ նախագահի հիմնական թեկնածու, ՀՀ նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանի հնարավոր ընտրությունը ՀՀ նախագահի պաշտոնում լայն քննարկումների առարկա է դարձել հայաստանյան փորձագիտական հանրության շրջանակում: Ոմանց կարծիքով՝ նրա անձի ընտրությունը նախագահի պաշտոնի համար խոստանում է ՀՀ արտաքին քաղաքական փոփոխություններ՝ չնայած նախագահի պաշտոնի լիազորությունների սահմանափակությանը: Հայաստանյան փորձագիտական համայնքը սպասվելիք դրական փոփոխությունները պայմանավորում է այն դիվանագիտական փորձով, կապերով, որ ունի Արմեն Սարգսյանն Արևմուտքում: Այս ամենը չի կարող չկարևորվել նաև՝ հաշվի առնելով Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները` ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ, Եվրամիության հետ զարգացվող համագործակցությունը, Արցախյան հիմնախնդիրը, հայ-թուրքական հարաբերությունները:

«168 Ժամի» հետ զրույցում Օքսֆորդի համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսոր, Ռուսաստանի և Հարավային Կովկասի հարցերով փորձագետ, քաղաքագիտության դոկտոր Նեյլ Մաքֆարլեյնը նշեց, որ բոլոր ղեկավար պաշտոններում, առավել ևս՝ նախագահի, լինի դա նախագահական, թե կիսանախագահական, թե խորհրդարանական կառավարման համակարգ, կարևոր է փորձառու քաղաքական գործիչների նշանակումը կամ ընտրությունը: Ըստ նրա՝ քաղաքական գործչին հավելյալ վարպետություն ու հմտություն են հաղորդում ոչ միայն գիտելիքը, փորձառությունը, այլև կապերը, որ նրանք ունեն այլ երկրներում:

«Ցանկացած քաղաքական գործչի դեպքում այդ որակները խրախուսվում են, կարևոր են, բայց, բնականաբար, առավել կարևոր են այն լիազորությունները, որոնք նրանք ունեն, դրանք են գործիչներին ազդեցություն տալիս»,- ասաց Նեյլ Մաքֆարլեյնը՝ շարունակելով, որ ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելիք անձը, չնայած իր որակներին, ունենալու է շատ նվազ հնարավորություններ, կատարելու է Խորհրդարանի և վարչապետի հանձնարարականները: «Ես լավատես չեմ, թե ՀՀ նախագահի անձի ունեցած որակներն էական դերակատարություն են ունենալու, քանի որ ականատես եմ եղել կառավարման նման համակարգերում նախագահների գործունեությունների, որոնց սահմանները բավականին աղքատիկ են: Սակայն չի բացառվում հակառակ պատկերը, եթե նախագահի անձն ազդեցիկ, ընդունելի կերպար է իշխանության համար, որի հետ խորհրդարանը և վարչապետը կաշխատեն հաճույքով: Բնականաբար, այս դեպքում նրա դերը էլ ավելի կմեծանա, այսինքն` այն դեպքում, երբ վարչապետը հաշվի նստի նախագահի կարծիքի հետ, գուցե դա տեղի ունենա կուլիսներում, բայց կունենա ազդեցություն նախագահի պաշտոնի ընկալման հարցում: Այդ դեպքում, նախագահի անձը ձևական չի լինի»,- ասաց բրիտանացի վերլուծաբանը:

Նրա խոսքով, կարևոր է լինելու, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը, քանի որ նա է կայացնելու բոլոր կարևոր որոշումները, իսկ նախագահը դրանք պետք է հաստատի: «Նախագահը նման համակարգերում ունենում է ազատություն ինչ-որ քայլեր կատարելու, բայց դրանք մեծ հնչեղություն և ազդեցություն չեն ունենում, քանի որ ոչինչ չեն նշանակում: Սակայն կրկնեմ, որ քաղաքական գործչի բարձր որակները շատ կարևոր են նաև այդ պաշտոնում»,- ասաց Մաքֆարլեյնը: Անդրադառնալով Հայաստանում զարգացող գլխավոր հարցին, թե ով է լինելու Ղարաբաղյան հարցով գլխավոր բանակցողը` բրիտանացի փորձագետը նշեց, որ բանակցողը կարող է լինել նախագահի կամ վարչապետի կողմից լիազորված գործիչ, դիվանագետ: «Սակայն Ղարաբաղյան բանակցությունների ամենակարևոր փուլերը սովորաբար վարում են նախագահները՝ գործընթացին կարևորություն հաղորդելու նպատակով, քանի որ նաև նրանք են որոշում կայացնողները: Իմ կարծիքով՝ վարչապետի ընտրությունից հետո Ղարաբաղյան բանակցությունները կվարի վարչապետը՝ որպես որոշումներն ընդունող անձ, երկրի ղեկավար, նա նաև իր պաշտոնով կլինի հավասարազոր Ադրբեջանի նախագահի պաշտոնին: Ընդունված չէ նախագահի մակարդակով բանակցություններում ընդգրկել ավելի ցածր պաշտոն ունեցող գործչի, թեև տեսականորեն դա հնարավոր է: Բայց Ղարաբաղյան բանակցությունների բարդ ընթացքը հաշվի առնելով, կողմերի միջև մրցակցությունը բոլոր ոլորտներում հաշվի առնելով՝ վարչապետի թեկնածությունից բացի, բանակցողի համար այլ թեկնածություն չեմ պատկերացնում»,- ասաց Նեյլ Մաքֆարլեյնը:

«168 Ժամի» հետ զրույցում լեհ քաղաքական վերլուծաբան Կոնրադ Զաշտովտն ասաց, որ Հայաստանի արտաքին քաղաքական փոփոխություններ չի ակնկալում ամենևին, քանի որ իշխանության փոփոխություն չի նշմարում: Ավելին, նրա դիտարկումների համաձայն, կառավարման մոդելի փոփոխություն տեղի ունեցավ իշխանության պահպանման համար, քանի որ կառավարման մոդելը կապ չունի ժողովրդավարության հետ: «Կարելի է բերել խորհրդարանական և նախագահական կառավարում ունեցող հաջողակ երկրների օրինակներ, կառավարման որակը կախված է իշխող ուժի քաղաքական կամքից միայն: Եթե իշխանության փոփոխություն տեղի չի ունենում, ապա արտաքին քաղաքական փոփոխություններ ևս կարիք չկա ակնկալելու: Կարծում եմ՝ նախորդ փուլի ուղենիշերը կշարունակվեն նոր վարչապետի և նախագահի օրոք, այս դեպքում բոլոր որոշումները լինելու են վարչապետի ձեռքում»,- ասաց Զաշտովտը: Խոսելով Ղարաբաղյան հարցով բանացողի մասին` լեհ վերլուծաբանն ասաց, որ իր կարծիքով՝ գլխավոր բանակցողը կլինի հենց վարչապետը: «Ես կարծում եմ՝ այդ պաշտոնում երկրի ղեկավարի անձի փոփոխություն չի լինելու: Ուստի այն համոզմանն եմ, որ վարչապետն էլ կշարունակի բանակցությունները»,- նկատեց Զաշտովտը: Վերջինիս խոսքով՝ ՀՀ-ԵՄ հարաբերություններում փոփոխություններ ևս չեն լինի: «Հայաստանը ոչ շատ հավակնոտ փաստաթուղթ է ստորագրել Եվրամիության հետ, պետք է վավերացնի այն, ինչ փոփոխություն կարող է լինել»,- ասաց նա:

 

Լրահոս

Դիտել ավելին