Կարևոր իրադարձություններ

Սերգեյ Շաքարյանց. «Եթե քաղաքական խաղ են խաղում, պետք է խաղային մինչև վերջ և ընդդիմությունից որևէ մեկին նախագահի թեկնածու առաջադրեին». «Փաստ»

23 Հունվար, 2018 08:00
Սերգեյ Շաքարյանց. «Եթե քաղաքական խաղ են խաղում, պետք է խաղային մինչև վերջ և ընդդիմությունից որևէ մեկին նախագահի թեկնածու առաջադրեին». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրելու ՀՀԿ–ի ցանկությունը քաղաքական վերլուծաբան Սերգեյ Շաքարյանցի կարծիքով ավելի շատ երկերեսանիության է նման, քանի որ նոր Սահմանադրությամբ նախագահը որևէ լուրջ քայլ կամ նախաձեռնություն չի կարող իրականացնել: Դրա փոխարեն, ընդամենը զբաղվելու է ներկայացուցչական հարցերով: Եվ այդ պարագայում, ըստ Շաքարյանցի, պետք էր ոչ թե Արմեն Սարգսյանի, այլ՝ օրինակ Շառլ Ազնավուրի նման աշխարհահռչակ անձնավորության ընտրել, ում ողջ աշխարհը ճանաչում է, ընդունում ու հարգում:

«Ես որպես քաղաքացի տարբերություն չեմ տեսնում` Արմեն Սարգսյանը կլինի երկրի նախագահը, թե ասենք ինչ–որ մի հյուրանոցի դռնապան կամ հողագործ: Նմանատիպ կառավարման համակարգ ունեցող երկրների՝ Գերմանիայի կամ Ավստրիայի նախագահներին ո՞վ է հիշում: Բոլորն էլ կանցլերներին են հիշում: Այնպես որ, ով էլ լինի, մենք դրանից ո՛չ շահելու ենք, ո՛չ էլ կորուստ ենք ունենալու»,– համոզված է Ս. Շաքարյանցը:

Ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանի՝ ճանաչված և միջազգային հարթակներում ընդունելի կերպար լինելուն, քաղաքական վերլուծաբանի խոսքով նա աշխարհում ամենևին էլ ճանաչված ֆիգուր չէ: Ճանաչված է միայն Մեծ Բրիտանիայում, այն էլ բավականին նեղ շրջանակների կողմից: Իսկ կենսափորձի մասին, Շաքարյանցի կարծիքով՝ դիվանագիտական աշխատանքն ու ՀՀ նախագահի պաշտոններն իրարից բավականին տարբեր են: Ամենակարևոր հարցն այն է, թե առհասարակ մեզ պե՞տք էր արդյոք նախագահի պաշտոն ունենալ, թե ոչ, քանի որ տնտեսական նման ծանր իրավիճակում կարելի էր նաև հրաժարվել ձևական նշանակություն ունեցող այդ ֆիգուրից ու գումար խնայել:

«Իմ կարծիքով այդ պաշտոնն ընդհանրապես պետք չէր, քանի որ շատ երկրներում եթե կա նախագահի պաշտոն, ապա չկա վարչապետինը: Փոխարենը ունենք գերագույն առաջնորդ, ում պատկանում է ամեն ինչ՝ պարտականությունից մինչև պատասխանատվություն: Կունենայինք վարչապետ, իսկ մնացած պաշտոնները՝ ինչպես նախանշված է Սահմանադրությամբ ու վերջ: Եթե Արմեն Սագսյանին ընտրել են, որպեսզի ՀՀԿ–ի ներքին պառակտումներն ինչ–որ կերպ մեղմվեն, ապա այս տեսանկյունից նույնպես ամենաանհարմար ֆիգուրն են ընտրել, քանի որ ո՞ւմ համար է նա հեղինակություն՝ հների՞, նորերի՞, թե երիտասարդների»,– ասաց Ս. Շաքարյանցը:

Քաղաքական վերլուծաբանը նաև հիշեցրեց, որ ժամանակին, երբ տեղի ունեցավ Ա. Սարգսյանի արագընթաց հրաժարականի «ձևակերպումը», քաղաքականամերձ շրջանակները նրա մասին ասում էին, որ բավականին հարմարվող անհատականություն է և իշխանությունների ցանկացած հրահանգ կամ հանձնարարական պատրաստ է կատարել: Եվ գուցե հենց դրա համար է նրա կերպարը ցանկալի վերևների համար:

«Եթե խոսքը գնում է ամենամաքուր մարդուն ընտրելու մասին և եթե Արմեն Սարգսյանին ընտրել են, որպես չկոռումպացված ու եղածների մեջ ամենամաքուր կերպար, ապա իմ կարծիքով ամենամաքուրն էլի՛ մնում է գյուղում ապրող հողի մշակը, բայց այստեղ այդ սկզբունքը չի գործել: Դրա փոխարեն գործել է անձնական կապերի սկզբունքը: Հասարակության համար այնուամենայնիվ անհասկանալի է, թե ինչպես կարելի է նման պաշտոնի համար ներկայացնել մեկին, ով գրեթե ողջ կյանքը ապրել է երկրից հեռու, շատ լավ պայմաններում, երբեք որևէ տեսակի կորուստ չի ունեցել և դրա դիսկոմֆորտն իր մաշկի վրա չի զգացել: Փոխարենը կարելի էր ընդդիմադիր դաշտի որևէ ներկայացուցչի նշանակել: Այսինքն, եթե քաղաքական խաղ ենք խաղում, պետք է խաղայինք մինչև վերջ: Եվ չնայած մենք թուրքերի վրա ծիծաղում ենք, բայց փաստորեն, նման դեպքերում նրանք մեզնից խելոք են վարվում»,– խոսքը եզրափակեց Ս. Շաքարյանցը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին