Կարևոր իրադարձություններ

«Տո, քեզ պե՞տք ա». Բողոքի լատենտ վիճակի պատճառները. «Առավոտ»

20 Հունվար, 2018 10:22
«Տո, քեզ պե՞տք ա». Բողոքի լատենտ վիճակի պատճառները. «Առավոտ»

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Ինչ էլ ասի մեր կառավարությունը 2 տոկոսանոց գնաճի եւ 6 տոկոս տնտեսական աճի մասին, վերջին շաբաթների թանկացումները ցավագին էին ցածր եկամուտներ ունեցող մարդկանց համար: Ինձ թվում է, որ այսպես կոչված՝ «մակրոտնտեսական ցուցանիշները» եւ զանազան «դուինգ բիզնեսները» խամրում են մեկ ցուցանիշի՝ աշխատավարձի եւ գների փոխհարաբերության առջեւ:

Ենթադրենք, մարդն իր մեքենան գազ էր լցնում 3 հազար դրամի, իսկ հիմա դա անում է 4 հազարով, եւ ենթադրենք, որ դա անում է ամիսը 10 անգամ: Ամսական 10 հազար դրամի կորուստն արդյոք շոշափելի չէ՞ նրա համար, եթե աշխատավարձն, ասենք, 150-200 հազար է: Երկնիշ կամ նույնիսկ քառանիշ տնտեսական աճի դեպքում միթե իրավիճակը նույնը չի լինի՝ այս հիմնական չափանիշի անփոփոխ լինելու դեպքում:

Մի խոսքով՝ ասել, թե սոցիալական այս շերտի դժգոհությունն անհիմն է, անարդար կլիներ: Մարդիկ իրենց դժգոհությունների մասին «հաճույքով» պատմում են, օրինակ, փողոցում: Բայց մեր իշխանավորները փողոցներով չեն քայլում, դրա համար էլ շարքային քաղաքացիները նրանց համար ինչ-որ վերացական միավորներ են, թվաբանական-վիճակագրական («տնտեսագիտական») դատողությունների առարկա:

Բայց եթե այդ հարյուր հազարավոր մարդիկ դժգոհ են, ապա ինչու նրանք դուրս չեն գալիս փողոց, երբ քաղաքական ուժերից մեկը ակցիա է կազմակերպում թանկացումների դեմ: Իհարկե, ամենահեշտը կլիներ մեղադրել այդ քաղաքական ուժին, այս դեպքում՝ «Ելքին», թույլ, ոչ հեղինակավոր կամ գուցե ոչ անկեղծ լինելու մեջ:

Բայց այդ մեղադրանքները սովորաբար հնչեցնում են կա՛մ իշխանությունները, կա՛մ էլ այն ընդդիմադիրները, որոնք հաստատ «Ելքից» պակաս հեղինակավոր են եւ, որն ավելի կարեւոր է՝ պակաս անկեղծ:

Իսկ ընդհանրապես, մի՛ մեղադրեք դաշնակահարին, նա նվագում է՝ ինչպես կարողանում է: Մարդկանց բողոքի «լատենտ» վիճակն ունի բազմաթիվ այլ պատճառներ: Մեկն այն է, որ մենք չունենք սոցիալական բողոքի կազմակերպման փորձ: Եթե վառելիքն այդ չափով թանկանար, ասենք, Ֆրանսիայում, ապա հաստատ փողոց դուրս կգար մեկ միլիոն մարդ, եւ կառավարությունը ստիպված կլիներ մտածել, թե ինչպես կարելի է մեղմել գնաճը: Մարդիկ կազմակերպվում են, որովհետեւ նրանք իրենց զգում են ոչ միայն «ազգի զավակներ», այլեւ առաջին հերթին՝ քաղաքացիներ: Իսկ քաղաքացին մի կողմից՝ ակնածանքով է վերաբերվում իր պետության օրենքներին, իսկ մյուս կողմից՝ թույլ չի տալիս, որ իշխանությունն իր հանդեպ անհարգալից լինի:

Իսկ մեզ մոտ հենց որ մեկը մի բան առաջարկի, նույն պահին 10 կողմից ձայներ կլսվեն՝ «տո, քեզ պե՞տք ա», «իմաստ չունի», «իզուր ժամանակ ես կորցնում»: Դրա համար էլ կյանքից բողոքում են «անհատապես»: «Անհատապես» էլ իրենց գործերն են դասավորում: Եթե ստացվում է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին