Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

Կարևոր իրադարձություններ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը Նալբանդյան -Մամեդյարով հանդիպման մասին

19 Հունվար, 2018 10:51
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը Նալբանդյան -Մամեդյարով հանդիպման մասին

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Կրակովում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները  հայտարարություն են տարածել: 

Փաստաթղթում նշվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ միասին հունվարի 17-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, իսկ հունվարի 18-ին՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հունվարի 18-ին համանախագահների մասնակցությամբ  համատեղ հանդիպում է անցկացվել երկու արտգործնախարարների հետ: Նախարարները և համանախագահները քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ քայլերը: 

Հայտարարությունում ասվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը և համանախագահները կարծիքներ են փոխանակել զգայուն հարցերի վերաբերյալ: Համանախագահները կոչ են արել միջոցներ ձեռնարկել վստահության ամրապնդման համար՝ որպես կարևոր ներդրում բանակցային գործընթացում: Նախարարները և համանախագահները փաստել են շփման գծում հարաբերական անդորրի մասին`կոչ անելով կողմերին պահպանել այդ դրական միտումը: Համանախագահները  պատրաստվում են տարածաշրջան այցելել փետրվարի սկզբին:


Հիշեցնենք, որ երեկ`հունվարի 18-ին, Կրակովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների` Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ 

Նախարար Նալբանդյանը կոչ է արել Ադրբեջանի իր գործընկերոջը հետևել համանախագահների՝ հրադադարի համաձայնագրերը հարգելու կոչերին, կատարել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին