Կարևոր իրադարձություններ

Բաղրամյանում կրկին տուֆ կարդյունահանեն. «Փաստ»

18 Հունվար, 2018 09:05
Բաղրամյանում կրկին տուֆ կարդյունահանեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ՝ հունվարի 11–ին, Արմավիրի մարզի Բաղրամյանի համայնքապետարանի շենքում տեղի ունեցան «Էլեգանտ շինանյութ» ՍՊԸ–ի կողմից ներկայացված Վարդաքարի տուֆերի հանքավայրում օգտակար հանածոյի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային երկրորդ քննարկումները:

Վարդաքարի տուֆերի հանքավայրը գտնվում է Արմավիրի մարզում, Բաղրամյան համայնքից մոտ 3 կիլոմետր դեպի հյուսիս–արևմուտք, վարչական առումով ներառված է Դալարիկ համայնքի տարածքում:

«Էլեգանտ շինանյութ» ՍՊԸ–ն Վարդաքարի տուֆերի հանքավայրում նախատեսում է իրականացնել օգտակար հանածոյի արդյունահանում: Ընկերությունը պատրաստվում է իրականացնել հանքավայրի շահագործումը բաց եղանակով և բնապահպանական միջոցառումների համար նախատեսում է տարեկան մասնահանել 300 հազար դրամ: Նախագծից տեղեկանում ենք, որ հանքավայրը նախկինում հանդիսացել է ընդերքօգտագործման իրավունքի օբյեկտ և ինչպես «Փաստի» հետ զրույցում հաստատեց Բաղրամյան համայնքի ղեկավար Արա Սահարյանը, իրենք միշտ էլ գյուղում հանքավայրեր են ունեցել, քանի որ դա է իրենց միակ հարստությունը: Սահարյանը նշեց, որ վերջին լսումներն անցել են նորմալ աշխատանքային մթնոլորտում, համագյուղացիները բոլորը կողմ են այս նախագծին: Ըստ նրա՝ բոլորն էլ գոհ կլինեն, քանի որ աշխատատեղեր կբացվեն:

Գյուղապետի տեղեկացմամբ՝ թեև այս պահին գործող այլ հանքավայր չկա, բայց Բաղրամյանում միշտ էլ շահագործվել են քարհանքեր, դեռևս 90–ական թվականներից սկսած Բաղրամյանում քար է եղել:

«Մենք ուրախ ենք, որ ցանկանում են հանքավայր բացել և կաջակցենք՝ որքանով կարող ենք, որպեսզի աշխատատեղեր ստեղծվեն մեր գյուղի բնակիչների համար: Արդեն պայմանավորվել ենք, ընկերությունը գյուղի սոցիալ–տնտեսական զարգացման համար նույնպես ներդրումներ կանի: Թող բացեն, աշխատեն, հետո իրենց հնարավորություններից ելնելով ինչ կկարողանան՝ կանեն, մենք էլ անմիջապես կվերահսկենք: Գյուղը շատ հարցեր ու կարիքներ ունի, միայն գյուղի բյուջեով ոչ մի բան չես կարող անել»,– պատասխանեց 1000 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարը, ըստ որի՝ այս հանքավայրում առայժմ կաշխատի մոտ 10 գյուղացի:

Սահարյանը նշեց, որ իրենց գյուղը մյուս բոլոր գյուղերի պես է, գյուղը մնում է գյուղ, ասաց նա՝ հավելելով, թե հիմնական զբաղվածությունը գյուղատնտեսությունն է՝ անասնապահությունն ու հողագործությունը: Հարցին, թե այդ ամենը բավարարո՞ւմ է գյուղացիների՝ իրենց ամենօրյա ապրուստը հոգալու համար, թե՞ արտագնա աշխատանքի մեկնողներ շատ կան, հարցով պատասխանեց. «Արտագնա որտե՞ղ չկա: Նույնն էլ մեզ մոտ կա: Սակայն տարիներ շարունակ, երբ Բաղրամյանում այդ քարհանքերն աշխատել են, միշտ էլ գյուղին օգտակար են եղել, գոնե 4–5 ընտանիքից աշխատող եղել է այնտեղ, ու եթե ընտանիքից աշխատող կար, ապա արտագնա աշխատանքի հիմնականում չէին մեկնում»:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին