Կարևոր իրադարձություններ

Կլինի՞ ֆորս մաժոր. Սերժ Սարգսյանը սիրում է «գրկում խեղդել». «Իրատես»

16 Հունվար, 2018 09:55
Կլինի՞ ֆորս մաժոր. Սերժ Սարգսյանը սիրում է «գրկում խեղդել». «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Թեեւ ասում են՝ երբեք մի ասա` երբեք, սակայն շատ քիչ է հավանականությունը, որ ապրիլյան գործընթացներում որեւէ «իմպրովիզ, դիսիդենտություն» լինի: Ե՛վ նախագահի, եւ՛ վարչապետի ընտրությունները կանցնեն մեկ փուլով եւ` խիստ սահուն: Օրերս Սերժ Սարգսյանի մոտ տեղի ունեցած հավաքը հենց այդ ազդանշանումն ուներ: Ընդ որում, նկատենք, որ Գագիկ Ծառուկյանն այնտեղ չպետք է լիներ: Բայց` է՛ր. նա ԱԺ խորհրդի անդամ չէ, բայց քանի որ հանդիպումը պետք է լայն հանրությանը ցուցաներ` որտեղ են գարունելու ապրիլյան խեցգետինները, Ծառուկյանը եկել էր հավաստելու` «թե՛ ապրիլին, թե՛ մայիսին» կանգնած է «թագավորի» կողքին, ինչպես` երբեք:

Ասել է` մարշալ-պլանում Սերժ Սարգսյանը որեւէ խնդիր չունի խորհրդարանական անցման այս կարեւոր փուլում: Նա խնդիրներ չունի արտքաղաքական վեկտորում նույնպես: Սերժ Սարգսյանի խնդիրները, բացի տնտեսության անմխիթար վիճակից, այլ տեղում են:
Համակարգը, իր թիմը փտել են` վերջնականապես: Ճիշտ է, վերջին շրջանում ինչ-ինչ քայլեր փորձում են անել. նույն ԱԺ-ն են քանդում-հավաքում` թոթափելու չինովնիկա-պսեւդո անգործության սինդրոմները կստացվի, թե ոչ, կերեւա առաջիկայում:

Հայաստանյան անվտանգության դոկտրինն է փոխվում: Բարեփոխումներ են իրականացվում նաեւ ուժային կառույցներից ամենաուժայինում` ՊՆ-ում, որը, ի դեպ, «օրինաչափորեն արժանանում» է լուրջ դիմադրության. Վիգեն Սարգսյանի ցանկացած ռիսկային-ադեկվատ քայլ նույնքան ոչ ադեկվատ դիմադրության է հանդիպում... Ձգենք պաուզան ասելու` ոչ այնքան հանրության, ընդդիմադիր մասսայի, որքան իր իսկ թիմի որոշակի շերտերի կողմից. վերջիններս են շատ դեպքերում մոդերացնում բողոքի այն ալիքը, որն առկա է սոցցանցերում, մամուլում` ընդդեմ ՊՆ-ում սկսված առողջացման ցանկացած գործընթացի:

Անմխիթար է վիճակը նաեւ մյուս ոլորտներում: Այնքան անմխիթար, որ նույն հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հարկ համարեց անհատական աջակցություն հանդես բերել ԱԺ նախագահին` գովերգելով վերջինիս համբերությունը. թերեւս լավատեղյակ է, որ «թիմը», ապրիլյան զարգացումներին, կադրային տեղաշարժերին ընդառաջ, այնպես է դեգրադացվել` բարոյապես, քաղաքականապես, «մարդապես», որ սկսել է զմիմյանս «ուտել», այդ թվում եւ` Արա Բաբլոյանի աթոռի համար: «Թիմը» կարծում է, որ Բաբլոյանը կդառնա Ֆրանսիայում Հայաստանի դեսպան, չնայած, ասվում է նաեւ Շվեյցարիա` Շառլ Ազնավուրի փոխարեն, քանզի Նալբանդյանը նախագահ է «դառնում»...

Ձգենք դարձյալ պաուզան՝ ասելու, որ, մեր տեղեկություններով, նախագահի հավանական թեկնածուն ոչ թե Նալբանդյանն է, այլ Արկադի Ղուկասյանը: Եվ ապա, «թիմը» մտածում է՝ քանի որ Սերժ Սարգսյանն այդ հանդիպմանը Բաբլոյանին գովեց, ուրեմն, հաստատ նրան հրաժեշտ է տալու` հրաժեշտին են այդպես «գովերգում» մարդուն:

Ճիշտ է, Սերժ Սարգսյանը սիրում է «գրկում խեղդել», սակայն սա այդ դեպքը չէ: Քանզի ապաքաղաքական Բաբլոյանն ուղղակի «գտածո» է այս փուլում` բոլոր առումներով. նա խաղեր չի տալիս, ինտրիգներ չի կազմակերպում, կարողանում է ճշգրիտ հարաբերություններ կառուցել բոլորի հետ, չի ցցվում, բացասական էներգիա չի արտածում, ինչն անչափ կարեւոր է երբեմնի «Կոզեռնի գերեզմանոցում» վեր խոյացած պառլամենտի համար: Բաբլոյանի տեսակը կարող է ապահովել պառլամենտի անցնցում անցումը պառլամենտական երկրի. չմոռանանք` այս պառլամենտը տեսել է ամեն ինչ, այդ թվում՝ 98-յան մեկ գիշերային «թագավորափոխություն» (ֆորս մաժորը բացառվել է, սակայն «երբեքի» փիլիսոփայությունը չի անտեսվել), ուստի Բաբլոյանը կմնա, իսկ «թիմը» կփտի` եւս մեկ ֆրուստրացիայով:
Ապրիլն էլ կանցնի սահու՜ն, սակայն ՀՀԿ-ին ու նրա ղեկավարին «չի բերի խինդ»:
Զի պրոբլեմները` բոլոր կարգի ու նորովի, կսկսվեն հենց այդտեղից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին