Կարևոր իրադարձություններ

Կարեն Կարապետյանը հունվարի 23-ից 26-ը կմասնակցի Դավոսի ֆորումին

12 Հունվար, 2018 23:00
Կարեն Կարապետյանը հունվարի 23-ից 26-ը կմասնակցի Դավոսի ֆորումին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մասնակցելու է Դավոսում կայանալիք համաշխարհային տնտեսական ֆորումին: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասել է վարչապետի մամուլի քարտուղար Արամ Արարատյանը: Ֆորումն անցկացվելու է հունվարի 23-26-ը:

«Դեռևս հաստատված չէ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմը: Հավանաբար, այն կհաստատվի մյուս շաբաթվա ընթացքում»,- ասել է վարչապետի մամուլի քարտուղարը:

Ըստ Արամ Արարատյանի՝ չի բացառվում, որ ՀՀ վարչապետը ելույթ ունենա ֆորումում:

Հիշեցնենք, որ Դավոսի ֆորումը հիմնադրել է գերմանացի գործարար Կլաուս Շվաբը 1971 թվականին, Ժնևի համալսարանում: Սկզբնական անվանումը եղել է Եվրոպական կառավարական ֆորում: 1987 թվականից ֆորումը կոչվում է Համաշխարհային տնտեսական ֆորում:

Քաղաքական առաջնորդներն ամենամյա ֆորումներն օգտագործում են նաև որպես անհատական հետաքրքրությունների հարթակ։ 1988 թվականին Հունաստանի և Թուրքիայի միջև ստորագրված Դավոսի հռչակագրով դադարեցվեց վերջիններիս միջև պատերազմը։ 1992 թվականին ֆորումում միմյանց հանդիպեցին Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Ֆրեդերիկ Վիլհելմ դե Քլերկը, Նելսոն Մանդելան և Մանգոսուտու Բուտելեզին։ 1994 թվականին ֆորումում հանդիպեցին Իսրայելի արտաքին գործերի նախարար Շիմոն Պերեսը և Պաղեստինի նախագահ Յասեր Արաֆաթը։

Դավոսին մասնակցելու համար հրավիրվում են բիզնեսի առաջատար ներկայացուցիչներ, քաղաքական առաջնորդներ, նշանավոր մտավորականներ և լրագրողներ։ Քննարկման հիմնական թեմանները համաշխարհային ամենահրատապ խնդիրներն են:

 

Լրահոս

Դիտել ավելին