Կարևոր իրադարձություններ

Ոստիկանությունն ընդունում է կարգապահական հանձնաժողով հասարակական միավորումների ներկայացուցիչներ ընդգրկելու հայտեր

12 Հունվար, 2018 21:47
Ոստիկանությունն ընդունում է կարգապահական հանձնաժողով հասարակական միավորումների ներկայացուցիչներ ընդգրկելու հայտեր

ՀՀ ոստիկանությունը հայտարարում է ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում հասարակական միավորումների ներկայացուցիչներ ընդգրկելու վերաբերյալ հայտերի ընդունելություն` ՀՀ ոստիկանության պետի 2013թ. ապրիլի 29-ի «Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով հասարակական միավորումների կողմից ներկայացվող հայտերը ոստիկանության կողմից ընդունելու, քննարկելու, թեկնածուներին ընտրելու կարգը սահմանելու մասին» թիվ 9-Ն հրամանի պահանջների համաձայն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Հայտարարության մեջ նաև նշված է. «Հայտ կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում գործող այն հասարակական միավորումները, որոնք ունեն առնվազն երեք ամսվա գործունեություն:

Յուրաքանչյուր հասարակական միավորում հայտ կարող է ներկայացնել միայն մեկ լիազոր ներկայացուցչի համար:

Հասարակական միավորման կողմից հայտ չի կարող ներկայացվել այն ներկայացուցչի համար, ով դատապարտվել է հանցագործություն կատարելու համար և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ և (կամ) տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. դեկտեմբերի 15-ի թիվ 1801-Ն որոշմամբ հաստատված ցանկով նախատեսված հիվանդություններից որևէ մեկով: Հիշյալ պահանջների ապահովման համար պատասխանատու են հայտը ներկայացնող հասարակական միավորման ներկայացուցիչը և հասարակական միավորման գործադիր մարմնի ղեկավարը:

Հայտում անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ տեղեկատվությունը`

1) հասարակական միավորման անվանումը.

2) հասարակական միավորման գտնվելու վայրը.

3) հասարակական միավորման գործունեության բնույթը.

4) գործադիր մարմնի ղեկավարի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները /եթե հայտը ներկայացնողը հասարակական միավորման գործադիր մարմնի ղեկավարը չէ, ապա հայտի հետ ներկայացնում է նաև հասարակական միավորման կողմից տրված լիազորագիրը/.

5) ներկայացուցչի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեն:

Սահմանված ձևի հայտերը կարող եք ներկայացնել ք.Երևան, Նալբանդյան 57 հասցեով, հեռ. 011-52-93-38, էլ. փոստ. [email protected], 2018թ. հունվարի 8-ից հունվարի 22-ը` աշխատանքային օրերին` ժամը 10.00-ից 18.00-ն:

Կից ներկայացվում է հայտի օրինակելի ձևը»:

 

Լրահոս

Դիտել ավելին