Կարևոր իրադարձություններ

Արցախն 2017 թվականն ամփոփում է 15 տոկոս տնտեսական աճով. ֆինանսների նախարար

12 Հունվար, 2018 20:13
Արցախն 2017 թվականն ամփոփում է 15 տոկոս տնտեսական աճով. ֆինանսների նախարար

Արցախի նախորդ տարվա համախառն ներքին արդյունքը կազմելու է շուրջ 267 միլիարդ դրամ: Այս մասին հունվարի 12-ին կայաած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՀ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը՝ նշելով, որ 2017թ.-ի համախառն ներքին արդյունքի կանխատեսվող աճը կկազմի 15 տոկոս:

«Դա շատ բարձր ցուցանիշ է, և վերջին 10 տարիների ընթացքում այդպիսին չենք արձանագրել: Մասնավորապես՝ 15% աճի 6 տոկոսն ապահովվելու էհանքարդյունաբերության հաշվին, իսկ մնացած 9%-ը՝ տնտեսության այլ ճյուղերի՝ մասնավորապես՝ 2%-ը արդյունաբերության այլ ճյուղերի՝ էներգետիկայի, վերամշակվող արդյունաբերության, 1.5%-ը՝ շինարարության, 1.2%-ը՝ գյուղատնտեսության և շուրջ 3.8%-ը ֆինանսական ոլորտի հաշվին»,- ասել է Գրիգորի Մարտիրոսյանը և ընդգծել նյութական արտադրության հիմնական ոլորտները. արդյունաբերություն՝ 84 միլիարդ ծավալի արտադրանք, որը պետք է ապահովի առնվազն 30% իրական աճ, շինարարության ոլորտում ծավալը կազմել է մոտ 53 միլիարդ դրամ՝ ապահովելով 16% աճ, գյուղատնտեսության ոլորտում 75 միլիարդ դրամ` ապահովելով 10% աճ:

Նախարարի խոսքով՝ տնտեսական աճին զուգահեռ՝ գնաճ գրեթե չի արձանագրվել: 2017 թվականի հունիսից սկսած, ըստ ԱՀ ազգային վիճակագրական ծառայության, եղել է գնանկում. տարին կամփոփվի կա՛մ աննշան գնաճով, կա՛մ կայուն գների մակարդակով:

Անցած տարի սեփական եկամուտների կատարողականը կազմել է 41.1 միլիարդ դրամ՝ ծրագրված 38.5 միլիարդ դրամի փոխարեն: Ըստ ֆինանսների նախարարի՝ ծրագիրը գերակատարվել է ավելի քան 6 տոկոսով, ինչը ևս աննախադեպ է, քանի որ վերջին 10 տարիների ընթացքում այդպիսի ցուցանիշ չի եղել: Պետական եկամուտների ընդհանուր ծավալն ապահովել են հարկային եկամուտները, և 2017-ին դրանք կազմել են 39 միլիարդ դրամ՝ ծրագրված 37.5 միլիարդ դրամի փոխարեն, որը գերակատարվել է 6.1%-ով:

 

Լրահոս

Դիտել ավելին