Կարևոր իրադարձություններ

Կարապետյանը կարող է սայթաքել այնտեղ, որտեղ ամենից քիչն էր սպասում. «Ժամանակ»

11 Հունվար, 2018 09:33
Կարապետյանը կարող է սայթաքել այնտեղ, որտեղ ամենից քիչն էր սպասում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Տարեմուտի առիթով Հայաստանի քաղաքացիներին շնորհավորեցին բոլոր այն պաշտոնյաները, որոնք չզլացան ու չծուլացան: Շնորհավորանքների ավանդական ուղերձներ հղեցին Սերժ Սարգսյանը, վարչապետը, տարբեր նախարարներ: Այդ ուղերձների նկարագրությունների նվազագույնը կեսը իրականություն լինելու պարագայում Հայաստանում կյանքը կփոխվեր էապես, իր հետ բերելով նաև մի շարք ցուցանիշների փոփոխություն, դրանցից ամենակարևորի՝ ժողովրդագրության ցուցանիշով հանդերձ: Բայց պաշտոնական այդ ուղերձներից հետո հնչեց կամ եղավ ամենագլխավոր ուղերձը, արդեն հունվարի 1-ին, մի քանի ապրանքատեսակների, այդ թվում այնպիսի մուլտիպլիկատիվ ներուժ պարունակող ապրանքատեսակների թանկացումով, ինչպիսին բենզինը, դիզվառելիքը, սեղմած գազը: Ահա գլխավոր ուղերձը, այսպես ասած՝ շոշափելի և զգալի ուղերձը, որ հնչեց իշխանությունից՝ թանկացումներ: Իսկ այդ կապակցությամբ պատկերավոր այնպիսի խոսքեր, ինչպես տոնական շնորհավորանքների վարդագույն տեքստերում, իշխանությունը չունի:

Թեև, հասարակությունն իհարկե ոչ թե խոսք, այլ գործ է սպասում այդ կապակցությամբ, թե իշխանության գործողությունների և թե դրանց արդյունքը աշխատատեղերի իմաստով: Իսկ դրանք չկան, կամ համենայնդեպս, եղածն ամենևին այնքան չէ, որ քաղաքացիներին հնարավորություն կտա չնկատել գնաճը կամ գնաճը չընկալել որպես ծանր հարված գրպանին: Իհարկե կարելի է Հակոբ Հակոբյանին դուրս բերել հրապարակ և նա կհայտարարի, որ աղքատները, օրինակ, բենզին չեն օգտագործում, գազ էլ առանձնապես չեն լիցքավորում, ընդհանրապես մեքենա չունեն աղքատները, չունեն նաև տրակտոր, որ դիզվառելիք օգտագործեն: Եվ դա կլինի իհարկե ճիշտ պատասխան, բայց ամբողջ հարցն այն է, որ գնաճը աղքատներին չհարվածելով, ավելացնում է կամ սպառնում է ավելացնել նրանց թիվը, որովհետև ովքեր մինչ այժմ բենզին և գազ օգտագործում էին, նրանց մի մասը շատ հնարավոր է սկսեն չօգտագործել, կամ օգտագործել շատ քիչ:

Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը տարվերջին հայտարարել էր, թե 2018-ի այնպիսի տնտեսական զարգացում կլինի, որ ընտրողը հուսախաբված չի զգա իրեն: Ընտրողի և իշխանության հարաբերությունն իհարկե այլ խոսակցության առարկա է, իսկ տվյալ դեպքում Արփինե Հովհաննիսյանի հայտարարությունը հետաքրիր է ներիշխանական հարաբերությունների համատեքստում: Մասնավորապես, 2018-ի հունվարի մեկից իսկ մեկնարկած գնաճի նոր ալիքը, որն ունի շարունակության այսպես ասած բոլոր հիմքերը, արդյո՞ք ապրիլին մոտ առաջացնելու է իրավիճակ, երբ կառավարությունը կհայտարարվի ընտրողին հուսախաբ անող, դրանից բխող բոլոր հետևանքներով: Հատկապես, որ Սերժ Սարգսյանն էլ հայտարարել է, թե տնտեսական աճը պետք է շոշափելի և զգալի լինի քաղաքացիների համար:

Առայժմ քաղաքացիների համար շոշափելի և զգալի է միայն գների աճը: Ու չի նշմարվում քիչ թե շատ համոզիչ հեռանկար, որ գոնե դրա հետևից հանրությունը կզգա ու կշոշափի տնտեսական աճը: Կարեն Կարապետյանի, այսպես ասած, թույլ տեղը համարվում կամ մատուցվում էր անվտանգության, արտաքին քաղաքականության ոլորտը, սակայն ինչպես երևում է՝ Կարապետյանը կարող է սայթաքել այնտեղ, որտեղ ամենից քիչն էր սպասում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին