Կարևոր իրադարձություններ

Կացնով սպանել է ամուսնուն, ապա որդու հետ դիակը տանից դուրս է հանել. Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության գործը դատարանում է

05 Հունվար, 2018 23:41
Կացնով սպանել է ամուսնուն, ապա որդու հետ դիակը տանից դուրս է հանել. Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության գործը դատարանում է

Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության  գործով նախաքննությունն ավարտվել է և գործն ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս տեղեկատվական համակարգից:

Մեղադրական եզրակացության համառոտ բնութագրի համաձայն՝ Ռուզաննա Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել` սպանել է ամուսնուն` Մանուկ  Սիմոնյանին, որպիսի գործողություններն արտահայտվել են հետևյալում: Ռուզաննա Մկրտչյանը 1992թ.. ամուսնացած լինելով Մանուկ Սիմոնյանի հետ և համատեղ բնակվելով Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի 24 փող. 4-րդ տանը տարիներ շարունակ հաճախակի բռնության է ենթարկվել նրա կողմից: Հերթական անգամ, 2017թ. հուլիսի 22-ին` ժամը 10-ի սահմաններում, տանը ամուսնու հետ միայնակ մնալուց հետո, վերջինս չնչին առիթն օգտագործելով, տան 2-րդ հարկի իրենց ննջասենյակում կրկին ծեծի է ենթարկել Ռուզաննա Մկրտչյանին: Այնուհետև ննջասենյակից կնոջը դուրս վռնդելուց հետո, պառկելով մահճակալին քնել է: Ռուզաննա Մկրտչյանը ննջասենյակից դուրս գալուց մի քանի րոպե անց ննջասենյակին կից խոհանոցում գտնվելու ժամանակ տեսել է սառնարանի կողքին` հատակին դրված կացինը և անմիջապես նրա մոտ դիտավորություն է առաջացել ննջարանում ամուսնու քնած լինելու հարմար առիթն օգտագործելով կացինով սպանել նրան` տարիներ շարունակ իրեն ծեծի ենթարկելու և նվաստացնելու համար:

Ռուզաննա Մկրտչյանը վերցնելով կացինը և խոհանոցից դեպի ննջասենյակ տանող դռնով մտնելով ներս, մոտեցել է մահճակալին քնած ամուսնուն և նրան ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու` սպանելու նպատակով կացնով մի քանի անգամ հարվածել է Մանուկ Սիմոնյանի գլխին, որի արդյունքում ստացած մարմնական վնասվածքներից վերջինս տեղում մահացել է: Սպանությունը կատարելուց հետո, տուն է կանչել որդուն` Նորիկ Սիմոնյանին և արդեն 2017թ. հուլիսի 23-ին` ժամը 04-ի սահմաններում, ամուսնու <<Մերսեդես Բենզ>> մակնիշի 77 NM 779 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով որդու հետ ամուսնու դիակը տեղափոխել և թաքցրել են Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհի աջակողմյան ամայի տարածքում` Դալարիկի ձորից շուրջ 30մետր հեռավորության վրա, որտեղից էլ այն հայտնաբերվել է 2017թ. հուլիսի 25-ին ժամը 23:30-ի սահմաններում:

Այսինքն Ռուզաննա Զարիշատի Մկրտչյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քր.օրի 104 հոդվածի 1-ին մասով: 

 

Լրահոս

Դիտել ավելին