Կարևոր իրադարձություններ

Տարվա լավերի TOP 10

23 Դեկտեմբեր, 2017 13:26
Տարվա լավերի TOP 10

 Հայ հանրության համար իշխանության դեմ գնացողները միշտ լավն են, մանավանդ երբ նրանք անկեղծ են իշխանությանը ատելու և ռեժիմի վերջը երազելու գործում: Եվ այսպես, այս տարվա լավերն են.

 

1.Ժիրայր Սեֆիլյան

Նա իր գրեթե բոլոր հանրահայտ զինակիցների հետ ճաղերի հետևում է, քանի որ մի քանի անկեղծ ու կրակոտ փորձեր է արել իր համար անչափ ատելի ռեժիմը տապալելու համար: Արցախյան ազատամարտի հերոսի ու նրա թիմակիցների դատավարությունը դարձավ ընդդիմության պարտիզանական պայքարի առանցքը, իսկ Սեֆիլյանն ու ընկերները հանդիսացան իշխանություններին լարված պահող միակ իրական ուժը:

 

2.Զարուհի Փոստանջյան

Այս խիզախ կինը Ազգային ժողովից ու փողոցային պայքարից տեղափոխվեց Երևանի ավագանի, բայց չդադարեց լինել իշխանությունների աչքի փուշը: Նա ողջ տարին ծիրանիով ներկեց ոչ միայն երևանցիների օրակարգը, այլև այցելեց աշխարհասփյուռ հայության հիմնական գաղթօջախներ և փորձեց համահայկական աբստամբություն հրահրել իշխանությունների դեմ: Համայն հայությանը նա դեռ ոտքի չի հանել, բայց մնացել է ռադիկալ ու իրական ընդդիմության վերջին մոհիկաններից մեկը:

 

Այս երկու գործիչների թիմերով ավարտվում է 2017 թվականի ամենաընդդիմադիրների տասնյակը, քանի  որ այս տասնյակի մնացած բոլոր տեղերը դեռևս թափուր են…

 

Ամենաընդդիմադիրների տասնյակի 3-րդ տեղը կարող էր զբաղեցնել Նիկոլ Փաշինյանը, եթե իր բոցաշունչ ընդդիմադիր ելույթներով իշխանությանը քարկոծեր ոչ միայն վերջինիս համար անվտանգ ժամանակներում և անշառ թեմաներով, այլև օրինակ` սահմանադրական հանրաքվեի ժամանակ, որը նա հռչակեց կեղծ օրակարգ, սակայն դրա արդյունքում երկրի կառավարումը շատ էլ իրական կերպով գլխիվայր շուռ եկավ:

 

Ամենաընդդիմադիրների տասնյակի 4-րդ տեղը կարող էր զբաղեցնել Լևոն Տեր-Պետրոսյանը, եթե չհայտարարեր, որ հողեր հանձնելը Հայաստանի միակ փրկությունն է, ու այդ ամենով ՀԱԿ-ին չհասցներ քաղաքական լուսանցք, իսկ մինչ այդ էլ չհայտարարեր, որ ազգովի պետք է համախբվել Սերժ Սարգսյանի շուրջ:

 

Այս տասնյակի 5-րդ տեղը կարող էր զբաղեցնել Րաֆֆի Հովհաննիսյանը, եթե ժամանակին ոստիկանապետի հետ չգնար աղոթելու, իսկ խորհրդարանական ընտրություններին էլ հանուն Արմեն Մարտիրոսյանի չզոհաբերեր Զարուհի Փոստանջյանին:

 

6-րդ տեղը կարող էր զբաղեցնել Սեյրան Օհանյանը, եթե Վահագնի թաղամասում շքեղ առանձնատուն չունենար, եթե տասնամյակներ շարունակ չլիներ ներկայիս ռեժիմի նվիրյալը, և եթե իր տիկինը քաղաքականապես իրենից ակտիվ չլիներ:

 

Նվազագույնը 7-րդ հորիզոնականում կլիներ Արմեն Մարտիրոսյանը, եթե սխալ հաշվարկների արդյունքում չկանգներ իշխանությունից ընդամենը օրեր առաջ հեռացած Սեյրան Օհանյանի կողքին ու չդառնար այդ նորահայտ ընդդիմադիրի միտինգային թամադան:

 

Ամենաընդդիմադիրների շարքում 8-րդ տեղը հաստատ կտրվեր Արամ Կարապետյանին, եթե սրամիտ ֆեսյբուքյան գրառումներից և չափազանց ինտելեկտուալ հարցազրույցներից զատ նա կարողանար իրական քաղաքական ազդեցություն ձեռք բերել, այսինքն՝ բլոգերից ու քաղաքագետից կրկին վերածվեր քաղաքական գործչի:

 

9-րդ հորիզոնականը կտրվեր Գագիկ Ծառուկյանին, եթե նա չլիներ Հայաստանի ամենաիշխանավորների տասնյակի պատվավոր անդամ ու Հայաստանի նախագահի հետ այդքան հաճախ չնկարվեր իր նոր բիզնեսների բացմանը:

 

Արթուր Բաղդասարյան. Չէ, նա այլևս ոչ մի պարագայում չի զբաղեցնի ընդդիմադիրների տասնյակի ո՛չ 10-րդ, ո՛չ էլ 100-րդ հորիզոնականը: Այս անգամ էլ Վանաձորում ընդդիմությունից իշխանություն դառնալով՝ նա լավագույն դեպքում կարող է զբաղեցնել Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը՝ արժանիորեն շարունակելով մի քիչ նալին, մի քիչ մեխին խփելու այս հաստատության վաղեմի ավանդույթները:

 

Լավերի մասին այս տարի այսքանը: Մնացյալ հեռացած ու մոռացված ընդդիմադիրների մասին՝ կա՛մ լավը, կա՛մ ոչինչ: 

 

Լրահոս

Դիտել ավելին