Կարևոր իրադարձություններ

Գագիկ Բեգլարյանն ընդունել է ՏՐԱՍԵԿԱ-ի գլխավոր քարտուղար Միրչա Չիոպրագային

14 Հոկտեմբեր, 2015 14:36
Գագիկ Բեգլարյանն ընդունել է ՏՐԱՍԵԿԱ-ի գլխավոր քարտուղար Միրչա Չիոպրագային

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ընդունեց ՏՐԱՍԵԿԱ Միջկառավարական հանձնաժողովի Մշտական քարտուղարության գլխավոր քարտուղար Միրչա Չիոպրագային, ով այդ պաշտոնը զբաղեցնում է այս տարվա հունվարից: Նախարարը ողջունեց հյուրին և շնորհավորեց կազմակերպության գլխավոր քարտուղարի պարտականությունները ստանձնելու կապակցությամբ: «Ուրախ ենք Ձեզ տեսնել Հայաստանում: Նախ, թույլ տվեք շնորհավորել ՏՐԱՍԵԿԱ Միջկառավարական հանձնաժողովի Մշտական քարտուղարության գլխավոր քարտուղարի պարտականությունները ստանձնելու կապակցությամբ: Մենք շատ ինտենսիվ և սերտ համագործակցում ենք ՏՐԱՍԵԿԱ-ի հետ և հուսով ենք, որ համագործակցությունը կլինի արդյունավետ նաև Ձեր պաշտոնավարման ընթացքում»,- նշեց Գագիկ Բեգլարյանը: ՏՐԱՍԵԿԱ Միջկառավարական հանձնաժողովի Մշտական քարտուղարության գլխավոր քարտուղար Միրչա Չիոպրագան իր հերթին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և իր խոսքում կարևորեց Հայաստանի հետ կազմակերպության հետագա համագործակցությունը. «Մենք բարձր ենք գնահատում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ջանքերը՝ Հայաստանում ՏՐԱՍԵԿԱ-ի կողմից իրականացվող ծրագրերի իրագործմանը նպաստելուն: Վստահեցնում եմ, որ մեր կազմակերպությունն այսուհետ ևս կանի ամենը Եվրոպայից Ասիա տրանսպորտային շարժն առավել ակտիվացնելու համար, որպեսզի Հայաստանը՝ որպես տարանցիկ երկիր, կարողանա օգտվել այդ հնարավորությունից»,- ասաց Միրչա Չիոպրագան: Հանդիպման ընթացքում Գագիկ Բեգլարյանը ստորագրեց «Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցքի զարգացմանն ուղղված միջազգային տրանսպորտի մասին» Հիմնական համաձայնագրի` «Սև և Կասպից ծովերում երկաթուղային-լաստանավային համալիրների շահագործման հիմնական սկզբունքների մասին» Տեխնիկական հավելվածը: Այն Հայաստանի Հանրապետությանը հնարավորություն կտա մեծացնել դեպի Եվրոպա հայկական բեռների փոխադրման ծավալներն ավտոմոբիլային տրանսպորտով և երկաթուղային-լաստանավային փոխադրումների միջոցով` Սև ծովի Փոթի և Բաթումի նավահանգիստներով: Կդյուրացվեն բեռնափոխադրումների գործընթացը, փոխադրող կազմակերպությունների համար կնվազեն փաստաթղթերի ձևակերպման վարչարարությունը, ժամանակը և ծախսերը: Տարանցիկ փոխադրումների իրականացման համար կսահմանվեն արտոնյալ պայմաններ: Փաստաթուղթը խթան կհանդիսանա մուլտիմոդալ փոխադրումների զարգացման համար: Եվրոպական միության կողմից 1993 թվականից իրականացվող «Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցք» ՏՐԱՍԵԿԱ ծրագրում ընդգրկված են Եվրոպական միությունն ու Արևելյան Եվրոպայի, Կովկասի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի 14 անդամ-պետություններ: Հայաստանը ծրագրին մասնակցում է 1993 թվականից: Կազմակերպության 14 անդամ-երկրների թվում են նաև մեր 4 հարևան պետությունները:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

 

Լրահոս

Դիտել ավելին