Կարևոր իրադարձություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին

18 Դեկտեմբեր, 2017 21:37
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին

Դեկտեմբերի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նախորդ օրը Մայր Տաճարում ձեռնադրված վեց քահանաներին` առաջնորդությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի:

Հովնան Սրբազանը Նորին Սրբությանը ներկայացրեց նորաօծ հոգևորականներին և հայցեց Հայոց Հովվապետի հայրական օրհնությունը:

Այնուհետև Ամենայն Հայոց Հայրապետն իր շնորհավորանքներն ուղղեց Արժանապատիվ Տ. Մխիթար քահանա Ահարոնյանին, Տ. Նժդեհ քահանա Քեշիշյանին, Տ. Կիրակոս քահանա Սիմոնյանին, Տ. Հրանտ քահանա Մանուկյանին, Տ. Քերովբե քահանա Բարսեղյանին և Տ. Սերովբե քահանա Պատվականյանին` ուրախություն հայտնելով ձեռնադրության կապակցությամբ:

Նորին Սրբությունն ընդգծեց, որ հոգևորականների կարիքը մեծ է, և նորաօծները գալիս են լրացնելու դեռևս Հայոց Ցեղասպանության և խորհրդային տարիների հալածանքների հետևանքով առաջացած հոգևոր հովիվների պակասը: Վեհափառ Հայրապետը հավելեց, որ նրանք պետք է շարունակեն նահատակված հոգևորականների առաքելությունը` եկեղեցական անդաստանում իրենց խոնարհ ու նվիրյալ սպասավորությամբ կյանքի կոչելով նրանց իղձերն ու տեսիլքը:

 

Լրահոս

Դիտել ավելին