Կարևոր իրադարձություններ

Արա Բաբլոյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին

18 Դեկտեմբեր, 2017 19:00
Արա Բաբլոյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը դեկտեմբերի 18-ին ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմոլլերին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ–ից, խորհրդարանի ղեկավարը, ողջունելով հյուրին ՀՀ Ազգային ժողովում, բարձր է գնահատել ՀՀ-ի քսանհինգամյա համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, որն արձանագրել է դրական զարգացումներ:

ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է վերջին տարիներին հայ խաղաղապահների առաքելությանը՝ կարևորելով Հայաստանի մասնակցությունը աշխարհի տարբեր ծայրերում խաղաղության պահպանմանը:

Արա Բաբլոյանը, խոսելով 2017 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից «Հայաստանի Հանրապետության և ՆԱՏՕ-ի ապահովման և մատակարարման կազմակերպության միջև համագործակցության աջակցության մասին» համաձայնագրի վավերացման շուրջ, նշել է, որ այն Վստահության հիմնադրամի գործարկման հիմքն է:

Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է Հայաստանում ընթացող բարեփոխումներին՝ խորհրդարանական կառավարման համակարգին անցմանը, պաշտպանության ոլորտում խորհրդարանի վերահսկողության ամրապնդմանը և ԶՈւ ոլորտին առնչվող օրենսդրական փոփոխություններին:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ ՀՀ-ն հաստատակամ է ապահովելու ժողովրդավարական բարեփոխումների առաջընթացը, զարգացնելու և ամրապնդելու մարդու իրավունքների պաշտպանությանը, օրենքի գերակայությանը վերաբերող փոփոխությունները:

Արա Բաբլոյանը փաստել է, որ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ՝ ի նպաստ կայունության և անվտանգության հաստատման ու ժողովրդավարության զարգացման:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ մեծ պատիվ է այցելել ՀՀ Ազգային ժողով:

Տիկին Գոթեմոլլերը ողջունել է Հայաստանում ընթացող բարեփոխումները, անցումը խորհրդարանական կառավարման համակարգին, խորհրդարանի վերահսկողական գործառույթի արդյունավետության բարձրացումը:

Անդրադառնալով ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացված «Հայաստանի Հանրապետության և ՆԱՏՕ-ի ապահովման և մատակարարման կազմակերպության միջև համագործակցության աջակցության մասին» համաձայնագրին՝ Ռոուզ Գոթեմոլլերը կարևորել է Գերմանիայի կառավարության աջակցությամբ Վստահության հիմնադրամի կողմից իրականացվելիք ծրագրերը, որոնք մասնավորապես վերաբերում են հին զինտեխնիկայի ոչնչացմանը, տարածքների ականզերծմանը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը ընդգծել է համագործակցության խորհրդարանական ձևաչափի աշխուժացման անհրաժեշտությունը:

Տիկին Գոթեմոլլերը շնորհակալությունն է հայտնել հայկական կողմին ՆԱՏՕ-ի հետ համագործակցելու և աշխարհի տարբեր անկյուններում իրենց խաղաղապահ առաքելությունն արդյունավետ իրականացնելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին