Կարևոր իրադարձություններ

Քաքի առաջնորդը, աղքատների խոսնակը, գեներալի երգող կինն ու ասմունքողի հիստերիան. Տարվա զավեշտների ТОP 10

16 Դեկտեմբեր, 2017 13:04
Քաքի առաջնորդը, աղքատների խոսնակը, գեներալի երգող կինն ու ասմունքողի հիստերիան. Տարվա զավեշտների ТОP 10

 

2017 թվականին այս տասը մարդն են հայտնվել ամենազավեշտալի իրավիճակներում՝ զվարճացնելով, զայրացնելով, զարմացնելով և լացացնելով հայ հանրությանը:

 

1.Հակոբ Հակոբյան

Մեծահարուստ իշխանավորը հայտարարեց, որ թանկացումն աղքատների վրա չի ազդում, որովհետև նրանք, միևնույն է, կարագ ու միս չեն ուտում: Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահը ամենացինիկ կերպով փորձեց արդարացնել մթերքի թանկացումը: Պանիխիդաներին սոցիոլոգիական տվյալներ հավաքող այս իշխանավորը դարձյալ զվարճացրեց հայ հանրությանը, որն օր օրի ավելի է աղքատանում իր իսկ որոշ կուսակիցների մեղքով:

 

2. Լիանա Զուրաբյան

Նա այս տասնյակի միակն է, ով ոչ թե հայտնվել է զավեշտալի իրավիճակում, այլ հենց ինքն է մի մեծ զավեշտ: Մարդիկ օրեր շարունակ զվարճացան՝ դիտելով, թե ինչպես է այս տարօրինակ կինը օրենք խախտում, հետո փորձում իր կապերով վախեցնել ոստիկանին, հետո այդ խախտումն արդարացնելու համար հիստերիկություն անում և վերջում էլ հայտարարում, որ խորապես հիասթափված է իր հայրենիքից: Ասես աշխարհում կա մի երկիր, որտեղ կարելի է օրենք խախտել ու, ասելով, որ ասմունքող ես՝ ազատվել պատասխանատվությունից:

 

3.Ռուզաննա Խաչատրյան

Եթե 2016-ին հանրությանը զարմացնելու ու զվարճացնելու նրա թրենդը գունագեղ ֆոտոսեսիաներն էին, ապա այս տարի նա նախ իր ամուսնու հետ դուրս եկավ միտինգների ու հայտարարեց, որ իր ընտանիքի վրա մեդիաարշավ են սկսել: Այնուհետև, նա այդ արշավը կազմակերպող տղամարդկանցից մեկին գուշակելու մրցույթ հայտարարեց՝ ակնարկելով, որ այդ տղամարդն ունի յոթ ամսական հղի կնոջ փոր և քարդաշյանական շրթունքներ: Վերջում էլ բավական զվարճալի քաղաքական բեմելն ավարտեց իր երգով ու ասմունքով:

 

4.Սերգեյ Դանիելյան (ՔԱՔ)

Նա իրեն հայտարարեց ՔԱՔ-ի առաջնորդ և ներկայացավ որպես ներկայիս կեղտոտ քաղաքականության իսկական սիմվոլ:  Այդուհանդերձ, նա այս տասնյակում է ոչ թե իրեն ՔԱՔ-ի առաջնորդ հռչակելու համար, այլ միայն այն պատճառով, որ զավեշտալիորեն խաբեց հանրությանը. հայտարարեց խորհրդարանական ընտրություններին մասնակցելու և դրանք քաքոտելու մասին, սակայն վերջում որոշ միջամտություններից հետո փոխեց իր դիրքորոշումը և լրացրեց բոլորիս համար սովորական դարձած լղոզվածների շարքը:

 

5.Լիլի Սարգսյան («Միսս Արմենիա»)

Որևէ երկրի գեղեցկության մրցույթում դժվար էր պատկերացնել ավելի ոչ գեղեցիկ հաղթողի: Այդ մրցույթը զավեշտալի էր նաև իր խայտառակ անճաշակությամբ ու մասնակից որոշ աղջիկների տգիտությամբ: «Միսս Արմենիա»-ի սխալ ընտրությունն ապացուցվեց հատկապես «Միսս աշխարհ»-ի մրցույթի ժամանակ, որտեղ Հայաստանի ներկայացուցիչը ոչ միայն եզրափակիչ փուլ չմտավ, այլև ցուցադրեց անգլերեն լեզվի իր խայտառակ զավեշտալի իմացությունը:

 

6. Արթուր Մկրտչյան (Անգղ սպանող գյուղապետ)

Այս որսորդ-գյուղապետը նախ ցնցեց հանրությանը կարմիր գրքում գրանցված ու սպանված անգղի հետ իր ցինիկ լուսանկարով, իսկ հետո էլ՝ իր զավեշտալի արդարացումներով: Ամենածիծաղելին նրա այն պնդումն էր, որ այդ անգղը թռչել, եկել էր Թուրքիայից, ինչն իր տրամաբանությամբ արդարացնում էր հազվագյուտ թռչունի սպանությունը:

 

7.Հերմինե Նաղդալյան

ՀՀԿ մուշտակավոր տիկնանց երբեմնի հզոր առաջնորդուհու համար այս տարին ամենևին բարենպաստ չէր: Նախ Արփինե Հովհաննիսյանը հաղթեց նրան ու խլեց նրա պաշտոնը, իսկ հետո էլ նրա պարտքերի մասին լուրերը զայրացրեցին, ապա և զվարճացրեցին հանրությանը: Պարզվեց, որ նա ԱԺ բջջային հեռախոսով մի քանի միլիոնի պարտք էր կուտակել, իսկ նրա ծառայողական մեքենան ենթարկվել էր մի քանի միլիոն դրամի տուգանքի: Վերջում էլ մամուլը շրջանառեց, որ նախկին մեծահարուստ այս տիկինը մոտ է սնանկության և չի կարողանում փակել նույնիսկ իր վարկերը:

 

8. Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահի թվիթերյան գրառումները ողջ տարին նրան դարձրեցին միջազգային ծաղրուծանակի առարկա, իսկ նրա թիմակիցների սկանդալային հեռացումներն ու հայտարարությունները նրա վարկանիշը իջեցրին ռեկորդային ցածր մակարդակի: Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելով, Իրանին անարդարացի մեղադրելով, ռասիստների մասին դրական խոսելով, ծայրահեղ իսլամիստների տեսանյութը իր էջում դնելով, բնապահպանական միջազգային ծրագրերից դուրս գալով և Հյուսիսային Կորեայի խելագար առաջնորդի հետ անմակարդակ գզվռտոցով նա դարձավ աշխարհի ամենազավեշտալի առաջնորդը:

 

9. Քսենյա Սոբչակ

Ռուսաստանում և նախկին խորհրդային պետություններում այնքան է այլասերվել ու բարոյազրկվել քաղաքականությունը, որ այնտեղ նախագահի թեկնածու կարող են առաջադրվել նույնիսկ ամենաթեթև վարքի տեր աղջնակները՝ մոռանալով իրենց սկանդալային անցյալի մասին: Զավեշտալի է, որ Քսյուշան ներկայումս Պուտինի ամենալուրջ մրցակիցն է: Առավել զվարճալի է, որ Ռուսաստանի պես մեծ երկրում ամենաընդդիմադիրի տիտղոսը տրվել է մի աղջնակի, ով բազմիցս հայտարարել է, որ անձնապես շատ երախտապարտ է Պուտինին և երբեք նրան որպես մարդ չի քննադատի:

 

10. Արմեն Ջիգարխանյան

Ութսուներկուամյա մեծանուն հայ դերասանը հայտնվել է մի տրագիկոմիկ իրավիճակի մեջ, քանի որ նրա երեսունիննամյա ռուս կինը նրանից խլել է ողջ ունեցվածքը: Պատկառելի այս տարիքում հայավարի տուրք տալով ռուս աղջկա հմայքին՝ այս տաղանդաշատ մարդը հայտնվել է զավեշտալի ընտանեկան գզվռտոցի կիզակետում: Նման իրավիճակից նրան կարող են դուրս բերել Ռուսաստանի մեծահարուստ հայերը, եթե ապահովեն հայերի պարծանքը դարձած Ջիգարխանյանի անհոգ ծերությունը՝ թույլ չտալով ռուսական էժանագին հեռուստաշոուների ժամանակ նրա հետագա վարկաբեկումը: 

 

Լրահոս

Դիտել ավելին