Կարևոր իրադարձություններ

Էռնեկյանը հայց է ներկայացրել հայկական գինու արտադրությամբ զբաղվողների դեմ. «ՀԺ»

16 Դեկտեմբեր, 2017 08:49
Էռնեկյանը հայց է ներկայացրել հայկական գինու արտադրությամբ զբաղվողների դեմ. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայկական ծագմամբ արգենտինացի գործարար Էդուարդո Էռնեկյանի «Tieras de Armenia» ընկերությունը հայց է ներկայացրել հայ գինեգործների, գինու արտադրությամբ զբաղվողների դեմ, պահանջելով այլեւս չօգտագործել «Կարաս» բառը ոչ գինիների պիտակի, ոչ էլ արտադրության բրենդի մեջ: Հայցվոր կողմը նաեւ պահանջում է ոչ օրինական ճանաչել «Սակի եւ Սանս» անվանումով գրանցված ընկերությունը, որը զբաղվում է հիշյալ գինու տեսակի արտադրմամբ: Այս մասին հայտնում է Rusarminfo գործակալությունը:

«Սակի եւ Սանս» ընկերության ներկայացուցիչ Զորիկ Ղարիբյանը հայտարարել է, որ տարիներ շարունակ իրենք կիրառել են գրանցված բրենդը եւ ոչ մի խնդիր չեն ունեցել արտադրողի հետ, որոնք իրենց հերթին ներառել են «կարաս» բառը գինու նկարագրության մեջ: «Հիշյալ տեսակը պահպանվում է կարասում, դա հին գինեգործական ավանդույթ է, մենք հրաժարվելու՞ ենք այդ ավանդույթից: Ես չեմ կարող նկարագրության մեջ հիշատակել, որ գինին պահպանվում է կարասներում, դա համարվում է խախտում»,-ասել է Ղարիբյանն ու հավելել, որ հայցն անմիտ են համարում ու չեն պատրաստվում հրաժարվել իրենց բրենդից:

Ղարիբյանը նաեւ հայտարարել է, որ Էդուարդո Էռնեկյանը փորձում է մոնոպլացնել հայկական գինու արտադրությունը Հայաստանում, այդ պատճառով էլ դիմում է նման քայլերի` հերթով շուկան արտադրողներից մաքրելու համար:

Նշենք, որ Էդուարդո Էռնեկյանն Արգենտինայի ամենահարուստ հայն է ու երկրի խոշոր գործարարներից մեկը, այս տարվա սեպտեմբերին նրան ՀՀ ազգային հերոսի կոչում շնորհվեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին