Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի ԱԳՆ-ն հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել

15 Դեկտեմբեր, 2017 13:17
Թուրքիայի ԱԳՆ-ն հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել

Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այն հայտարարությանը, որ 2018թ. գարնանը Հայաստանը չեղյալ կհամարի հայ-թուրքական արձանագրությունները։

Թուրքական «Ahaber» լրատվակայքի տեղեկացմամբ` Թուրքիայի ԱԳՆ-ն հերքել է արձանագրությունների վավերացման գործընթացի ձգձգման մեջ Թուրքիայի մեղավորությունը:

Թեմայի վերաբերյալ Թուրքիայի արտգործնախարարության կողմից տարածված գրավոր հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Նշված արձանագրությունները մշակվել էին Շվեյցարիայի միջնորդությամբ անցկացված բանակցությունների արդյունքում՝ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման նպատակով: Սակայն առաջինը Հայաստանի Սահմանադրական դատարանը 2010թ. հունվարի 12-ին ընդունած մի որոշմամբ արձանագրությունների տառին և ոգուն անհամապատասխան նախապայմաններ և սահմանափակող պայմաններ առաջ քաշեց:

Այնուհետև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը 2010թ. ապրիլի 22-ին հայտարարեց, որ արձանագրությունները առկախվել են: Հայտնի ճշմարտություն է նաև այն, որ հայկական սփյուռքը ի սկզբանե դեմ էր արձանագրություններին և Հայաստանի կառավարության վրա ճնշում էր գործադրում՝ դրանք չհաստատելու նպատակով»:

Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ նաև նշել է, որ Թուրքիան Հայաստանի անկախացումից՝ 1991թ. հետո Հայաստանի հետ տարբեր մակարդակներում շարունակում է հարաբերություններ զարգացնել՝ այդպիսով աջակցելով երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը:

Ընդգծվել է նաև, որ թուրքական կողմը հավատարիմ է հայ-թուրքական կարգավորման արձանագրությունների հիմնական դրույթներին և չնայած հայկական կողմի հայտարարություններին, արձանագրությունները դեռևս գտնվում են Թուրքիայի ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի օրակարգում:

«Դրանց վավերացման համար սպասում ենք Հարավային Կովկասում նպատակահարմար քաղաքական մթնոլորտի և խաղաղ  իրադրության  ձևավորման», - ասված է ԱԳՆ հայտարարությունում:

«Արձանագրությունների գործընթացում Թուրքիայի գլխավոր նպատակը Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումն է՝ Հարավային Կովկասում համապարփակ խաղաղություն և կայունություն ապահովելու միջոցով: Այդ համատեքստում արդեն քառորդ դար շարունակվող Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում անհրաժեշտ է առաջնորդվել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշումներով և Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքով: Ամեն դեպքում Հայաստանը պետք է վերջ տա Ադրբեջանի տարածքների բռնազավթմանը»:

Հայտարարությունում անդրադարձ է կատարվել նաև Հայոց ցեղասպանության խնդրին. Թուրքիայի ԱԳՆ-ն հերթական անգամ հերքել է Ցեղասպանության իրողությունը՝ վկայակոչելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Հայոց ցեղասպանության հերքումը որպես խոսքի ազատություն ճանաչող որոշումը: Հայոց ցեղասպանության փաստը վիճելի պատմական իրադարձություն որակելով՝ Թուրքիան կոչ է արել Հայաստանին՝ճանաչել  այսպես կոչված Խոջալուի կոտորածները:

Հիշեցնենք, որ 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի միջև կնքվել էին երկու երկրների հարաբերությունների կարգավորումը նախատեսող արձանագրություններ, որոնք այնուհետև պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից:  Թուրքական կողմը կարճ ժամանակ անց արձանագրությունների վավերացման համար առաջ էր քաշել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ նախապայմաններ: 

2017թ. դեկտեմբերի 13-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, որ արձանագրությունները չեն կարող հավերջ օրակարգում մնալ և հայկական կողմը նախատեսում է 2018թ. գարունը դիմավորել առանձ հայ-թուրքական արձանագրությունների:

 

Լրահոս

Դիտել ավելին