Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ դեսպանատունն ահաբեկչության մեղադրանքով հետախուզվողի գործով համագործակցում է ԱԱԾ-ի հետ

15 Դեկտեմբեր, 2017 13:00
ԱՄՆ դեսպանատունն ահաբեկչության մեղադրանքով հետախուզվողի գործով համագործակցում է ԱԱԾ-ի հետ

ԱՄՆ դեսպանատունը համագործակցում է ՀՀ իրավապահ մարմինների հետ՝ ԱՄՆ քաղաքացու կողմից Հայաստանում ահաբեկչություն կազմակերպելու գործով հետաքննության շուրջ, գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Դեսպանատնից հայտնել են, որ քննության շահերից ելնելով՝ այս պահին չեն կարող հավելյալ մանրամասներ տրամադրել:

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ազգությամբ հայ, ԱՄՆ քաղաքացի Ռ.Ք.-ն 2017 թվականի սեպտեմբերին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցել է «Martin Avagyan» օգտատիրոջ կեղծ տվյալներով անհատական էջը, որի միջոցով հրապարակել է նյութեր` «Մարտիկներ հանուն արդարության» անվանմամբ խմբավորում ձևավորելու, խմբավորման գործունեության մարտավարության, դրա անդամների կարգապահության, անվտանգության և գաղտնապահության կանոնների մասին:

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ Ռ.Ք.-ն Հայաստանի Հանրապետությունում իրավիճակն ապակայունացնելու, բնակչությանն ահաբեկելու, վախի մթնոլորտ ձևավորելու, պետական իշխանության մարմինների վրա ապօրինի ճնշում գործադրելու նպատակով ՀՀ իրավապահ մարմինների, ինչպես նաև այլ պաշտոնատար անձանց մահվան կամ ծանր մարմնական վնասվածքներ պատճառելուն, նշված հետևանքների իրական սպառնալիքներ ստեղծելուն ուղղված հրկիզումներ, պայթյուններ և հանրավտանգ այլ գործողություններ իրականացնելու համար մարդկանց հավաքագրելով փորձել է ստեղծել հանցավոր համագործակցություն՝ դրան մասնակից դարձնելով ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս բնակվող ազգությամբ հայ քաղաքացիների: Բացի այդ, ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ նույն անձը խորհուրդներով, ցուցումներով, ինչպես նաև միջոցներ տրամադրելով նախապատրաստել է հանցակիցների միջոցով ՀՀ տարածքում ահաբեկչական գործողությունների իրականացում: 

Դեպքի առթիվ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա որոշում է կայացվել նշված անձին՝ նրա կողմից կատարված ենթադրյալ հանցագործության՝ հանցավոր համագործակցություն ստեղծելու փորձի և ահաբեկչության նախապատրաստության համար ՀՀ քրեական օրենսգրքի 34-223-րդ հոդվածի 1-ին մասով և 35-217-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը և հայտարարվել է հետախուզում:

Նկատի ունենալով, որ մեղադրյալը հանդիսանում է ԱՄՆ քաղաքացի, բնակվում է ԱՄՆ-ում, պարզվել է նրա բնակության վայրը, ՀՀ գլխավոր դատախազության կողմից նշված տվյալները փոխանցվել են ԱՄՆ իրավասու մարմիններին՝ նախապատրաստվող հանցագործությունները կանխելու նպատակով: Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկվում են միջոցներ ՀՀ-ում գտնվող Ռ.Ք.-ի հանցակիցներին պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին