«Փաստ»-ի հյուրն է Ազգային ժողովի պատգամավոր, «Ելք» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը
– Պարոն Գորգիսյան, հայտարարվեց, որ երբ նոր Սահմանադրությունը մտնի կիրառության մեջ, «Ելք» խմբակցության նախագահի թեկնածուն լինելու է Արտակ Զեյնալյանը: Ինչո՞վ եք հիմնավորում ձեր ընտրությունը:
– Կարծում ենք, որ նոր Սահմանադրությամբ սահմանված նախագահի լիազորությունները կկարողանա լավագույնս իրականացնել Արտակ Զեյնալյանը: Նա ունի անբիծ անցյալ, մասնակցել է ղարաբաղյան պատերազմին, գործադիրում ունի աշխատանքային փորձ. պաշտոնավարել է առողջապահության փոխնախարարի պաշտոնում, տիրապետում է նաև սահմանադրության և իրավաբանական տարբեր ոլորտների խորը գիտելիքների:
Միաժամանակ երկար տարիներ զբաղվել է քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ: Այսինքն՝ ունի այն կարողականությունը, որպեսզի մեր երկրում նախագահի ինստիտուտը լինի խորհրդարանին և կառավարությանը վերահսկող լրջագույն օղակ:
– Բայց նոր նախագահի լիազորությունները բավականին սահմանափակ են: Այս պարագայում նա կկարողանա՞ իրականություն դարձնել այն սպասելիքները, որ հասարակությունը կունենա նրանից:
– Մենք այդ լիազորությունների սահմաններն իմանալով ենք առաջադրել Արտակ Զեյնալյանի թեկնածությունը: Եվ վստահ ենք, որ նա կկարողանա օգտագործել իր բոլոր լիազորությունները և ձեռքին եղած լծակները՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և ի շահ Հայաստանի Հանրապետության քաղաքացու:
– Ես կարծում եմ, որ մեր երկրի՝ ճգնաժամային այս իրավիճակում առավել անհրաժեշտ են հայրենասեր ղեկավարներ, քան լավ մասնագետներ:
– Այդպես չի լինում. առավել հայրենասերը կարող է լինել վատ մասնագետ ու երկիրը տանել կործանման:
– Այսինքն՝ ձեր թեկնածուի պարագայում այս երկուսը համընկել են, այո՞. այն լավագույն դեպքերից է:
– Մեկին ցույց տվեք, որ Հայաստանի Հանրապետությանն այդքան նվիրվել ու ծառայել է, ինչքան Արտակ Զեյնալյանը:
Ավելին ասեմ՝ այս պահին որևէ քաղաքական ուժ Արտակ Զեյնալյանի հետ մրցող նախագահի թեկնածու չի կարող առաջադրել:
– Իսկ ինչպե՞ս կկարողանաք անցկացնել նրա թեկնածությունը: Դուք խորհրդարանում համախոհներ կունենա՞ք, դաշնակիցներ կգտնե՞ք:
– Ինչպես գիտեք՝ քաղաքականությունը հնարավորի արվեստ է: Մենք արդեն իսկ բանակցություններ ենք սկսել «Ծառուկյան» դաշինքի հետ: Քանզի նախագահի թեկնածու առաջադրելու համար անհրաժեշտ է լինելու խորհրդարանի ձայների մեկ քառորդը:
Եվ մի բան էլ ասեմ՝ այս պարագայում ոչ միայն հաղթանակն է կարևոր: Կարևոր է նաև մարտահրավեր նետելը իշխող քաղաքական ուժին: Իսկ մեր թիրախը, ում ցանկանում ենք հասցեագրել մեր խոսքը, մեր հասարակությունն է, Հայաստանի Հանրապետության քաղաքացին է: Եվ մեր այս նախաձեռնությունը առաջին հերթին ուղերձ է վերջիններիս:
Մենք նրանց ասում ենք՝ եթե մենք լինեինք քաղաքական մեծամասնություն, ապա դուք կունենայիք այս որակները կրող և նման փոփոխությունների գնացող, դրանց պատրաստ նախագահ:
Եվ մենք հիմա ունենք այդպիսի նախագահի թեկնածու: Նա, երբ ժամանակը գա, կներկայացնի իր ծրագրերը, կպարզաբանի, թե ի՞նչ է անելու և ինչպե՞ս է անելու:
Եվ էլի՛ եմ ասում, եթե անգամ ստացվի այնպես, որ պարոն Զեյնալյանը չընտրվի նախագահի պաշտոնում, ապա, միևնույնն է, մենք հիմա արդեն լրջագույն մարտահրավեր ենք նետել գործող իշխանությանը առնվազն մեր թեկնածուին համարժեք թեկնածու գտնել–առաջադրելու հարցում:
Նաև մենք մեր մոտեցումն ենք ցույց տալիս դրանով: Ցույց ենք տալիս, թե ինչպիսի՞ն կարող էր լինել Հայաստանի Հանրապետությունը և ինչպիսի՞ն կարող էր լինել մեր ապագան, եթե քաղաքական մեր ուժը լիներ մեծամասնություն: Սա ուղերձ է մեր ընտրողներին դեպի 2022 թվական:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում