Կարևոր իրադարձություններ

Դեմարշ Վիգեն Սարգսյանի դեմ. ի՞նչ կորոշի Սերժ Սարգսյանը. «Ժամանակ»

14 Դեկտեմբեր, 2017 08:38
Դեմարշ Վիգեն Սարգսյանի դեմ. ի՞նչ կորոշի Սերժ Սարգսյանը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Բանակում պրոֆեսիոնալ զինվորականության ու Երկրապահի վերնախավի ներդաշնակություն եղել է Վազգեն Սարգսյանի, մասամբ էլ` գործող նախագահ Սերժ Սարգսյանի նախարարության շրջանում: Բանակային երկու սեգմենտների հարաբերություններում մշտապես չհասկացվածություն է եղել և այստեղ խնդիրը միայն բանակին առնչվող հարցերը չեն, ավելի շուտ` դրանք մղված են երկրորդ պլան ու օրակարգում ավելի գլոբալ հակասություններն են, որոնք թելադրված են իշխանության կառուցվածքով, որոշակիորեն` նաև պետության ու բանակի կենսագրությամբ:

Այս համատեքստում Վիգեն Սարգսյանի վրա բավականին պատասխանատու առաքելություն է դրված, որովհետև նա, ըստ էության, չի պատկանում բանակային երկու սեգմենտներից որևէ մեկին և բովանդակային հարթության վրա նրա պաշտոնավարումը նույնանում է բանակում նախագահական ուղղակի կառավարման հետ, երբ Սերժ Սարգսյանը երկրում նոր համակարգի կայացմանը զուգահեռ փորձում է` Վիգեն Սարգսյանի միջոցով, դրա մինի մոդելը ներդնել զինված ուժերում: Այս համատեքստում Վիգեն Սարգսյանն անհրաժեշտություն ունի ազատվել օդիոզ կերպարներից ու այս հարթության վրա պետք է դիտարկել Հայկազ Բաղմանյանի ազատումը, ինչն ավելի շատ աղերսվում է իշխանությունը «հրացանովոր մարդկանցից» ազատելու Սերժ Սարգսյանի մտադրության, քան` հակոռուպցիոն պայքարի հետ: Նոր համակարգը, գոնե արտաքուստ, ավելի բաց ու մարդակենտրոն պետք է լինի` ազատված օդիոզ կերպարներից:

Մյուս կողմից` բանակային ռեֆորմները հնարավոր են, եթե դրանց շուրջ առկա է քաղաքական, հանրային լայն կոնսոլիդացիա, հակառակ պարագայում` դիմադրության ներքին կենտրոնները կարող են չեզոքացնել արդիականացման որևէ փորձ: Վիգեն Սարգսյանն առայժմ ունի միայն Սերժ Սարգսյանի աջակցությունը, իսկ քաղաքական ընդդիմության և քաղաքացիական հասարակության հետ նրա հարաբերությունները, մեղմ ասած, հեռու են բավարար լինելուց:

«Հիմա Բաղմանյան Հայկազի վրա ցեխ շպրտենք ու պրծա՞նք, վե՞րջ։ Մի քանի անգամ էլ կարող է հրաման չի կատարել կամ թերացել է»,-այսօր, ըստ էության, Վիգեն Սարգսյանին հակադարձել է ԵԿՄ ամենաազդեցիկ անդամներից մեկը` ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը: ԵԿՄ-ում, ըստ ամենայնի, որոշել են դիմադրություն ցույց տալ Վիգեն Սարգսյանին: Մանվել Գրիգորյանի շրջապատում կամ չեն գիտակցում, որ Վիգեն Սարգսյանն առայժմ ինքնուրույն սուբյեկտ, չէ ու իրենք, ըստ էության, հակադրվում են Սերժ Սարգսյանին, կամ էլ` գիտակցում են, սակայն վստահ են, որ վերջինս չի կարող յոլա գնալ առանց իրենց աջակցության:

Ընդ որում` Սեյրան Սարոյանն ակներև փորձում է պաշտպանել այն ստատուս-քվոն, որն այսօր գոյություն ունի, երբ Երկրապահի ազդեցիկ գործիչների պետական կարգավիճակն ապահովում է նրանց, մեղմ ասած, բարեկեցիկ կյանքը, արտոնյալ կարգավիճակը: Խնդիրը` Հայկազ Բաղմանյանի անձը չէ, այլ նրանով ու մյուս ազդեցիկ երկրապահների կարգավիճակներով պայմանավորված ներիշխանական ստատուս-քվոն, որի վերանայումը երկրապահական, այսպես կոչված, էլիտան համարում է հարված իր դիրքերին:

Պատահական չէ, որ ընդդիմադիր գործիչների հետ նույնանալուց միշտ զգուշացող ԵԿՄ փաստացի երկրորդ դեմքն այսօր կանգնել է նաև «իրենց ախպեր» Սեյրան Օհանյանի թասիբին` պնդելով, թե «շառ» են անում այն մարդիկ, ովքեր ՊՆ նախկին նախարարի անունը կապում են «Նորք-Մարաշի» զինված խմբի հետ:

Երկրապահն ակնհայտ դիմադրություն է ցույց տալիս Վիգեն Սարգսյանին, ինչն իր դրսևորումն անխուսափելիորեն ունենալու է նաև բանակում: Վիգեն Սարգսյանն ակնհայտորեն չի կարող ինքնուրույն չեզոքացնել այս մարտահրավերը: Արդյո՞ք նա հերթական անգամ կստանա Սերժ Սարգսյանի աջակցությունը, թե՞ Սերժ Սարգսյանը կնախընտրի առայժմ որոշակի դիստանցիայով հետևել Վիգեն Սարգսյանի ու ԵԿՄ-ի տակավին խուլ դիմակայությանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին