Կարևոր իրադարձություններ

Արմավիրի մարզում գործազուրկների թիվն ավելացել է. «Փաստ»

14 Դեկտեմբեր, 2017 08:00
Արմավիրի մարզում գործազուրկների թիվն ավելացել է. «Փաստ»

Արմավիրի մարզում աշխատանք փնտրողների թիվն ավելացել է: Այս մասին «Փաստ»–ը տեղեկացավ Զբաղվածության պետական գործակալությունից:

Նոյեմբերի 1–ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվն Արմավիրում կազմում է շուրջ 7,5 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 2,1%–ով: Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 80,1%–ը, կամ 6 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 1,8%–ով:

Կանայք գործազուրկների թվի 61%–ն են կազմում, կամ 3,7 հազ. մարդ:

Այստեղ գործազուրկի կարգավիճակ ունեցողների 21,7%–ը երիտասարդ է, 5,1%–ը՝ հաշմանդամություն ունեցող: Ըստ վիճակագրության՝ Արմավիրի մարզի գյուղերի բնակիչների 69,5%–ը գործազուրկ է:

Աշխատանք չունեցողների թվաքանակում մեծ թիվ են կազմում կրթության, առողջապահության, տնտեսագիտության և կառավարման, սպասարկման ոլորտների մասնագետները: Մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների 81%–ը:

Հետբուհական և բարձրագույն կրթություն ունեցողների թիվը կազմում է գործազուրկների թվի 6%–ը: Այս մարզում աշխատանք չունեն թերի բարձրագույն և միջին մասնագիտական կրթություն ունեցողների 11,2%–ը: Արհեստագործական կրթություն ունեցողների 1,7%–ն է գործազուրկ, իսկ տարրական կրթություն ունեցողների՝ 11,1%–ը:

Աշխատանք չունի 16–29 տարեկանների 21,7%–ը: 30–44 տարեկանների 40,9%–ն է գործազուրկ: Աշխատանք չունեցողների 19,5%–ը 45–54 տարեկաններն են կազմում: 55–ից բարձր տարիքի անձանց 17,9%–ն է այստեղ գործազուրկ: Զբաղվածության հարցում մարզում մի շարք հիմնախնդիրներ կան: Դրանցից առաջնայինները երկուսն են՝ համայնքների երիտասարդների թերզբաղվածությունն ու աշխատանքային միգրացիան:

Տարվա ընթացքում մարզի զբաղվածության տարածքային կենտրոնները համագործակցել են 1252 գործատուի հետ, որոնց կողմից ներկայացվել է 294 թափուր չկրկնվող աշխատատեղ: Մարզում հիմնականում պահանջարկված են առևտրի և սպասարկման ոլորտի մասնագետները, մեծ թիվ են կազմում որակավորում չպահանջող աշխատատեղերը:

Հոկտեմբերին մարզում կազմակերպվել է աշխատանքի տոնավաճառ: Մասնակցել է 755 աշխատանք փնտրող, 28 գործատու, որոնց կողմից ներկայացվել է 53 թափուր աշխատատեղ: Առաջիկայում նրանց կողմից սպասվում է ստեղծել 13 նոր աշխատատեղ: Տոնավաճառի արդյունքում աշխատանքի է տեղավորվել 12 աշխատանք փնտրող:

Բացի սրանից, աշխատաշուկայի լարվածությունը մեղմելու նպատակով իրականացվել են զբաղվածության կարգավորմանն ուղղված պետական ծրագրերը:

Զբաղվածության կենտրոնների միջոցով աշխատանքի է տեղավորվել 472 աշխատանք փնտրող, որոնցից 78–ը զբաղվածության պետական ծրագրերի միջոցով: Տարեսկզբից մարզի ԶՏԿ–ներում խորհրդատվություն է ստացել 5848 աշխատանք փնտրող՝ մասնագիտական կողմնորոշման, զբաղվածության օրենսդրության, ծրագրերի, աշխատանքի փոփոխման և այլ հարցերով:

Չնայած այս ծրագրերին, ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Արմավիրի մարզում գործազրկության մակարդակը 2016 թ. կազմել է 11,6 %, որը 2015 թ. նկատմամբ աճել է 2,2 %–ով:

  Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին