Կարևոր իրադարձություններ

Պայմանավորվածությունները մերժելու Ադրբեջանի փորձերը դատապարտված են ձախողման. Էդվարդ Նալբանդյան

13 Դեկտեմբեր, 2017 10:55
Պայմանավորվածությունները մերժելու Ադրբեջանի փորձերը դատապարտված են ձախողման. Էդվարդ Նալբանդյան

Անկասկած ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի գլխավոր առաջնայնությունների շարքում է: Այս մասին Հունաստանի արտաքին գործերի նախարարությունում հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:

«Վիեննայում կայացած ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում, դեկտեմբերի 6-ին հանդիպում ունեցա իմ ադրբեջանցի գործընկերոջ հետ. սա մեր վեցերորդ հանդիպումն էր մեկ տարվա ընթացքում և տևեց ավելի քան չորս ժամ: Ընդհանուր առմամբ այն անցավ դրական մթնոլորտում: Սակայն, հանդիպումից հետո ես նշեցի, որ տեսնենք, թե զարգացումներ կլինեն դրանից հետո: Ինչո՞ւ: Քանի որ այս տարվա հոկտեմբերին Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացած վերջին գագաթաժողովը նույնպես ընդհանուր առմամբ անցել էր դրական մթնոլորտում, սակայն դրանից անմիջապես հետո Ադրբեջանը վերադարձավ իր ավանդական անհիմն մեղադրանքներին և ռազմական հռետորաբանությանը»,- ասել է նա:

Էդվարդ Նալբանդյանի խոսքով` համանախագահների հայտարարությունը հերթական անգամ վերահաստատեց միջազգային իրավունքի երեք սկզբունքները, որոնք ընկած են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում:

«Դրանք են` ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը և ժաղովուրդրների իրավահավասարությունն ու ինքնորոշման իրավունքը: Այս սկզբունքները հակամարտության կարգավորման տարրերի հետ մեկտեղ մշակվել են համանախագահների կողմից որպես մեկ ամբողջություն: 2009 թվականի դեկտեմբերին այստեղ` Աթենքում, կայացած նախարարական համաժողովի ժամանակ ԵԱՀԿ մասնակից բոլոր պետությունները, ներառյալ Ադրբեջանը, հավանություն են տվել դրանց: Սակայն, դրանից ի վեր Ադրբեջանը հետքայլ է կատարել և հրաժարվում է վերահաստատել դրանք: Հայաստանը բազմիցս հայտարարել է իր պատրաստակամության մասին շարունակել բանակցություններն այդ սկզբունքների և տարրերի հիման վրա` ուղղված հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը:

Համանախագահների հայտարարությունը վկայակոչում էր հոկտեմբերի 16-ին Ժնևում տեղի ունեցած գագաթաժողովը, որը կայացավ ամենաբարձր մակարդակով՝ հանդիպումների տասնվեց ամիս տևած դադարից հետո: Մոտ չորս տարվա ընդմիջումից հետո, Ժնևի գագաթաժողովին առաջին անգամ հնարավոր եղավ, թեկուզ և բավական հակիրճ, համատեղ հայտարարություն ընդունել: Այս համատեղ հայտարարությունն արտացոլում էր այն, ինչ երկար ժամանակ կոչ է անում Հայաստանը. լրացուցիչ քայլեր ձեռնարկել շփման գծում լարվածությունը թուլացնելու նպատակով: Այս քայլերը ներկայացվել են 2016թ.-ի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին արված հայտարարություններում և դրանք շարունակաբար մերժվել են Ադրբեջանի կողմից: Հարց է առաջանում. Ինչպե՞ս հնարավոր կլինի նվազեցնել լարվածությունը, եթե Ադրբեջանը հրաժարվում է վերահաստատել 1994-1995 թթ. հրադադարի համաձայնագրերով ստանձնած իր հանձնառությունը: Ինչպե՞ս կարելի է նվազեցնել լարվածությունը, եթե Ադրբեջանը հրաժարվում է իրականացնել հրադադարի խախտումնների հետաքննության մեխանիզմի ստեղծումը: Ժնևի հայտարարությունը նաև ընդգծում է բանակցային գործընթացի ակտիվացման անհրաժեշտությունը, ինչը նույնպես մշտապես լրջորեն սատարվել է Հայաստանի կողմից»,- ասել է նա:

ԱԳ նախարարը նշեց, թե Ադրբեջանը ձևացնում է, իբրև թե նախորդ գագաթաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները հայկական կողմի առաջ քաշած նախապայմաններ են: Հայաստանը նախապայմաններ առաջ չի քաշել, սակայն դա չի նշանակում, որ ձեռք բերված պայմանավորվածությունները չպետք է կատարվեն: Համբուրգում և Վիեննայում կայացած ԵԱՀԿ նախարարական խորհուրդների ընթացքում համանախագահների ընդունած հայտարարությունները ապացուցեցին, որ Ադրբեջանի` Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը մերժելու փորձերը դատապարտված են ձախողման: Ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումից հրաժարվելու Ադրբեջանի գործելաոճը լրջորեն հարցականի տակ է դնում Բաքվի` որպես բանակցող կողմի նկատմամբ վստահությունը:

«Համանախագահները կոչ արեցին կողմերին խուսափել կարևոր մարդասիրական քայլերի քաղաքականացումից: Տարիներ շարունակ Ադրբեջանը հրաժարվում է ինչպես մարդասիրական, այնպես էլ ռազմական ոլորտներում վստահության ամրապնդման միջոցների իրագործումից: 2014թ. հոկտեմբերին Փարիզում կայացած գագաթաժողովից հետո Բաքուն կրկին հայտարարեց, որ վստահության ամրապնդման միջոցների իրագործումը հնարավոր կլինի միայն հակամարտության կարգավորումից հետո: Ակնհայտ է, որ կարգավորումից հետո վստահության ամրապնդման միջոցների նույնչափ մեծ պահանջարկ չի լինի: Անգամ եթե Ադրբեջանը համաձայնություն է տալիս վստահության ամրապնդման ինչ-որ մի միջոցի, ապա հետագայում, որպես կանոն, Բաքուն այն վերածում է վստահության ոչնչացման քարոզչական գործիքի:

Համանախագահները վերահաստատեցին իրենց հանձնառությունը շարունակելու միջնորդական առաքելությունը կողմերին ներկայացված աշխատանքային առաջարկությունների փոխզիջումների շուրջ: Այս առաջարկները հայտնի են և արտացոլված են համանախագահ երկրների նախագահների` 2009 թվականից ի վեր արված հինգ հայտարարություններում: Այդ առաջարկությունների առանցքը փաթեթային լուծումն է, որը ներառում է Լեռնային Ղարաբաղի ապագա վերջնական կարգավիճակի որոշումն Արցախի ժողովրդի` իրավական պարտադիր ուժ ունեցող կամաարտահայտության միջոցով:

Ցանկանում եմ ևս մեկ անգամ վերահաստատել Հայաստանի հաստատակամ հանձնառությունը հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ հիմնված համանախագահների առաջարկների վրա: Բանակցային գործընթացն այլընտրանք չունի:

Ակնհայտ է, որ այն, ինչ առաջարկվել է համանախագահների կողմից և ինչին սատարվում է Հայաստանը, մերժվում է Ադրբեջանի կողմից, և սա է խաղաղ գործընթացի առաջխաղացումը խոչընդոտող հիմնական պատճառը»,- հավելել է Է. Նալբանդյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին