Կարևոր իրադարձություններ

Երուսաղեմը, Արցախը և Հայաստանի դիրքորոշումը. «Փաստ»

13 Դեկտեմբեր, 2017 08:00
Երուսաղեմը, Արցախը և Հայաստանի դիրքորոշումը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց հետո փորձագիտական շրջանակներում զուգահեռներ եղան նաև Արցախի կամ Ստեփանակերտի ճանաչման միջև: Ճի՞շտ է արդյոք Երուսաղեմի շուրջ ստեղծված իրողության և Արցախի ճանաչման շուրջ զուգահեռներ տանել:

«Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոն»–ի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով, քաղաքագիտական ճշգրտության տեսակետից այստեղ ունիկալ իրավիճակ է:

«Եթե հարցին մոտենանք այդ տեսանկյունից, ապա որևէ զուգահեռ այստեղ չկա և չի էլ կարող լինել: Երուսաղեմի հետ կապված խնդիրը աննախադեպ է: Բացի քաղաքական բաղադրիչից այն ունի նաև կրոնա–դիցաբանական կարևորագույն բաղադրիչ, որը կարող է ազդեցություն ունենալ նույնիսկ Երուսաղեմից հազարավոր կիլոմետրեր ձգվող հեռավորության վրա: Դժվար թե հնարավոր լինի մեկ այլ խնդիր նմանեցնել այդ խնդրին: Այնպես որ՝ ես որևէ զուգահեռ այստեղ չեմ տեսնում: Սակայն պետք է ասել, որ սա ինչ–որ առումով, անուղղակիորեն նաև առնչվում է հայերին, հայկական համայնքին ու Հայ առաքելական եկեղեցուն, որովհետև Երուսաղեմ հին քաղաքի մեկ քառորդը հայկական թաղամաս է, այնտեղ է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը, և այդ իմաստով մենք անտարբեր չենք կարող լինել»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց Ռ. Մեհրաբյանը:

Ինչ վերաբերում է նշված հարցում պաշտոնական Երևանի դիրքորոշմանը, քաղաքագետն ընդգծեց, որ այն բավականին խոհեմ ու հավասարակշիռ է: Նշենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել, մասնավորապես նշելով, որ Երուսաղեմի կարգավիճակի հարցը կարող է լուծում ստանալ բանակցությունների միջոցով:

«Դիրքորոշումն ուղղված է բալանսի պահպանմանը: Այդ իմաստով ճիշտ ճանապարհի վրա ենք: Վստահ եմ, որ հայկական կողմը մշտական կոնսուլտացիաների մեջ է շահագրգիռ կողմերի հետ, որ ռիսկն ու պուլսը բաց չթողնի: Չեմ կարծում, թե ՀՀ–ն որևէ սխալ բան արեց: ՀՀ–ն ժամանակին և ադեկվատ ձևով անդրադարձավ և ասաց իր դիրքորոշումը, որը, կարծում եմ, բոլորի կողմից ընդունելի է ու հասկանալի: Հայկական կողմը չպետք է փչացնի իր հարաբերություններն արաբական աշխարհի հետ՝ իմանալով նրանց սպեցիֆիկ վերաբերմունքը Երուսաղեմի խնդրին, իմանալով նաև Իրանի և Իսրայելի դիրքորոշումներն այդ հարցում»,–ընդգծեց քաղաքագետը:

Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ Դ. Թրամփի որոշումը պատմական է, որը ֆիքսում է վերջին 70 տարիների ընթացքում ձևավորված իրողությունը. «Եվ պարզ է, որ այս որոշումը Մերձավոր Արևելքում իրավիճակի փոփոխություն է բերում, մասնավորապես՝ մերձավորարևելյան հակամարտության: Որոշումը դրդում է, որ բանակցային գործընթացն, այնուամենայնիվ, ապասառեցվի և նոր փորձ ձեռնարկվի խնդրի վերջնական կարգավորման համար: Այնպես, ինչպես որոշվել էր 40–ականներին, ըստ որի՝ երկու պետություն պետք է լինի՝ հրեական և արաբական: Այդ իմաստով Եվրամիությունը նույնպես իր դիրքորոշումն արտահայտեց, համաձայն որի Երուսաղեմը ոչ միայն Իսրայելի մայրաքաղաքն է, այլև երկու պետությունների: Հետևապես, եթե սա որոշում է՝ հենված իրողությունների ճանաչման փիլիսոփայության վրա, ապա շարունակելով այդ իրողությունների ճանաչումը, պետք է ասել, որ Պաղեստինը նույնպես պետք է ճանաչի այն: Ի վերջո, արաբները պետք է ճանաչեն Իսրայելը, այնինչ՝ մինչև հիմա հրաժարվում են: Եվ բացի այդ, Իսրայելը պետք է ճանաչի արաբների՝ Պաղեստինում սեփական պետություն ունենալու իրավունքը: Այլ հարց է, որ սահմաններն արդեն բանակցության առարկա կարող են լինել, բայց, այնուամենայնիվ, գոյության իրավունքն այլևս անվիճարկելի է»:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին